Հայկականության օրենք

93

Պատմական, իրավական և քաղաքական հիմնավորումներ

Շուրջ հազար տարի առաջ, երբ մեր տարածաշրջան սկսեցին ներթափանցել թուրքական հորդաները, կար կրկնվող օրինաչափություն. այդ հորդաները միշտ անգամներով ավելի քիչ էին, քան տեղաբնակ ժողովուրդները, այդ թվում՝ հայերը։ Սակայն դա չխանգարեց, որ բավականին կարճ ժամանակում նրանք գրավեն տարածաշրջանը, իսկ մի քանի դար հետո թուրքերն արդեն անգամներով ավելի շատ էին, քան բնիկ ժողովուրդները։

Կա տարածված թերի պատկերացում, որ դա պայմանավորված էր անդադար ջարդերով ու կոտորածներով։ Ջարդեր ու կոտորածներ, իհարկե, եղել են ու շատ են եղել, բայց ավելի շատ նման արդյունքին նպաստել է զավթիչների նկատմամբ հանդուրժողականությունը, որը գնալով ավելի ու ավելի այլասերված բնույթ է ստացել։ 

Լևոն Մելիք-Շահնազարյանն իր «О войне и победе» գրքում փայլուն բնութագրել է քոչվոր ու նստակյաց քաղաքակրթությունների բախումը տարածաշրջանում՝ հստակ բացատրելով, թե ինչու հայերն ու այլ բնիկները պատրաստ չէին այդ բախմանն ու չէին կարողանում ադապտացվել դրան։ Մեծ հաշվով, քոչվոր թուրքի ռազմավարությունը պարզ է և հանճարեղ է իր պարզության մեջ. սկզբում դու հյուծում ես բնիկներին այնքան, որ կարողնաս ուժային բեկում մտցնել, հետո դու այդ բեկումը մտցնում ես և սկսում մի կողմից՝ ջարդել ու կոտորել ազգային իմունիտետ կրող օղակներին ու շերտերին, իսկ մյուս կողմից էլ՝ ոչ պակաս ջանասիրությամբ ասիմիլացնում և հպատակեցնում ես այն շերտերին, որոնցում այդ իմունիտետը թույլ է կամ բացակայում է։ Երկարաժամկետ հեռանկարում դա բերեց նրան, որ ազգային դիմադրողականությունը գրեթե զրոյացվեց, իսկ ապազգային կոնֆորմիզմը դարձավ գերակա ուղղություն։

Բնականաբար, անգամ 1000 տարվա թուրքական լուծը հերիք չէր, որպեսզի կոտրեին ազգային իմունիտետն Օսմանյան կայսրության ողջ տարածքում, առավել ևս, որ Հայքի ողջ տարածքը չէր, որ օսմանների հպատակության տակ էր։ Հայկականությունը պահպանելու հարցում բախտորոշ նշանակություն ունեցավ Արցախը, որը մելիքությունների շրջանում շարունակում էր պահպանել հայկական պետականության և հայկականության մատրիցան՝ հանդիսանալով հայի տեսակի պահպանման լաբորատորիա։ Մյուս կողմից՝ ոչ պակաս ուշագրավ է Արևմտյան Հայաստանի սպեցիֆիկան։ Այսօր ում հարցնես՝ հիշում է, որ իր պապերը Մուշից էին, Սասունից, Վանից, Էրզրումից, Խոյից, Կարսից ու Զեյթունից։ Միևնույն ժամանակ շատ քչերին կգտնեք, ովքեր կասեն, որ իրենց պապերը Կոստանդնուպոլսից, Իզմիրից ու այլ խոշոր օսմանյան քաղաքներից էին, այնինչ միայն Պոլսում գուցե ավելի շատ հայ էր ապրում, քան վերը թվարկված բոլոր քաղաքներում միասին վերցված։ Սա պայմանավորված է ոչ թե ջարդերով, այլ հենց հանդուրժողականությամբ, որը վերաճել էր այլասերված կոնֆորմիզմի։

Ջարդեր ու կոտորածներ, ինչպես նշեցինք, լինում էին պարբերաբար, բայց արի ու տես, որ մինչև Համիդյան ջարդերն ու Հայոց Ցեղասպանությունը դրանք լինում էին հիմնականում ոչ թե Պոլսում, այլ Սասունում, Զեյթունում, Վանում, Ադանայում և այլուր։ Այդքանով հանդերձ, այս շրջանների բնակչության շառավիղներն ավելի մեծ տոկոսով պահպանեցին իրենց հայկականությունը, քան Պոլսի բարեկեցիկ ու համեմատաբար կայուն կյանքով ապրող հայությունը:

Տեղին է նաև հիշել Բաքվի հայերին, որոնց մի մասն անգամ Սումգայիթյան ջարդերից հետո չէր հավատում, որ իրենց հարևան թուրքերը կարող են իրենց կոտորել, իսկ որոշ շերտերի մոտ էլ բավականին լայն տարածում ուներ Արցախի հայությանը կոնֆլիկտի հրահրման և իրենց համար խնդիրներ ստեղծելու մեջ մեղադրելը։

Պարադոքսալ է, բայց փաստ. ջարդում էին այն հայերին, ովքեր պահում էին իրենց հայկականությունը, բայց հենց այդ հայերն էլ շարունակում էին էլ ավելի պայքարել իրենց հայկականության համար։ Տեղի էր ունենում սոցիալական դարվինիզմ, որտեղ գենը կարծրանում էր, ու որքան ավելի էին ճնշվում, այնքան խորն էր նա մտնում հայերի արյան ու հոգու մեջ։ Եվ հակառակը՝ այնտեղ, որտեղ կոնֆորմիզմն ու հանդուրժողականությունն էր գերակայում դարեր շարունակ, հիմնահատակ ջարդերի մեկ-երկու ալիքն էլ բավականացրեց, որպեսզի նրանք անէանան իրենց օրրանից, և նրանց չէր փրկում ոչ իրենց կապիտալը, ոչ բազմամարդությունը, ոչ սոցիալական ու քաղական հիերարխիայում զբաղեցրած դիրքը։ Բավական է հիշել, որ 1915 թվականի դրությամբ Օսմանյան կայսրության առևտրի 40, իսկ բանկային գործի շուրջ 80 տոկոսը գտնվում էր հայերի ձեռքում, բազմաթիվ հայեր կային օսմանյան իշխանության օղակներում և երիտթուրքերի կազմակերպությունում, բայց այդ ամենը սին էր, ու դրա ամենավառ առհավատչյան Գրիգոր Զոհրապի ճակատագիրն է։

Հարկ է նշել նաև, որ նույն 1915 թվականի դրությամբ Օսմանյան կայսրությունում հայ ու թուրք բնակչության թվի հարաբերակցությունն անգամ մոտ չէր Հայաստանի Հանրապետության և Թուրքիայի Հանրապետության այսօրվա պատկերին։ Ավելին, նույն Արցախում ու Սյունիքում հայությունը առերեսվում էր բազմապատիկ ավելի մեծ հարաբերակցության հետ, բայց հայկական Սյունիքն ու Արցախը դեռ կան, իսկ Արևմտյան Հայաստանն այլևս հայկական չէ։ Ու սա պատմական պատահականություն չէ։ Ընդհակառակը, սա օրինաչափություն է, որի հիմքում ընկած է այն, որ Արևելյան Հայաստանում թուրք զավթիչների նկատմամաբ ավելի շուտ անհանդուրժողականությունն էր գերիշխում, իսկ Արևմտյանում՝ կոնֆորմիզմը։ Ջարդեր ու կոտորածներ Արևելյան Հայաստանում էլ էին լինում, բայց դրանց գրեթե միշտ հաջորդում էր սիմետրիկ պատասխան, և երբ թուրքը հայ էր սպանում, հայը հույսը չէր դնում արտաքին աշխարհի վրա, այլ ինքն էլ սկսում էր թուրք սպանել։

Այդպես էր 20-րդ դարի սկզբին, երբ կովկասյան թաթարները սկսեցին հայակական ջարդեր։ Այդպես էր Հայոց Ցեղասպանության տարիներին ու հատկապես՝ 1917-1921 թվականների միջակայքում, այդպես էր 1988-1994 թվականներին։ Ու ազգային իմունիտետի նման դրսևորումը լուծում էր ոչ միայն զուտ դեմոգրաֆական, ռազմական կամ էլ քաղաքական խնդիր, նման դրսևորումը տալիս էր իմպուլս հայկականությանն ու հայկականությունը պահպանողներին, ծնում էր նոր հերոսներ ու նոր իդեալներ, ստեղծում էր տաբուներ այդ տարածաշրջանում հանդուրժողականություն ու կոնֆոմիզմ քարոզողների համար։

Այսօր կարող ենք փաստել, որ այդ իպուլսը Արևելյան Հայաստանում ամենուրեք չէր ու միշտ չէր, որ հաջողությամբ պսակվեց։ Նախիջևանում այն թույլ էր և արդյունքում Նախիջևանը հայաթափվեց ու արժանացավ Արևմտյան Հայաստանի ճակատագրին։ Արցախում այն ավելի ուժեղ էր ու թեև ամբողջությամբ հաջողությամբ չպսակվեց, բայց Ադրբեջանական ԽՍՀ կազմ Արցախը մտնում էր գրեթե 97 տոկոս հայ բնակչությմաբ՝ բուն ԼՂԻՄ-ի տարածքում, իսկ ԼՂԻՄ-ի, Հյուսիսային Արցախի, 7 շրջանների տարածքներում և Սյունիքում տոկոսային հարաբերակցությունը կազմում էր 70-75 տոկոս։ Ամենաուժեղն այն Սյունիքում էր, ու պետք է ասել, որ այդ թվում ու հատկապես Անդրանիկ Օզանյանի ու Գարեգին Նժդեհի շատ գործուն ու խիստ արդյունավետ քայլերի արդյունքում է, որ Սյունիքը դեռ ՀՀ կազմում է։

Հաջողության բանաձևը պարզ է. Անդրանիկն ու Նժդեհը, նրանց զինակիցներն ու սերունդները գիտեին ու չէին մոռանում մի պարզ ճշմարտություն. թուրքը դեռ 1000 տարի առաջ որոշել է, որ մենք իր թշնամին ենք։ Թշնամին ենք, որովհետև ինքը եկել է տիրանալու այս հողին, ջրին ու օդին, և քանի դեռ կան մարդիկ, ովքեր հիշում են, որ թուրքը եկվոր է ու այդ հողը, ջուրն ու օդը իրենցն է, թուրքը իրենց համարելու է թշնամի։ Ով մոռանում է այդ մասին, պատժվում է թուրքի ու պատմության կողմից։ Սա հավերժական ճշմարտություն է, համենայն դեպս պատմությունը հակառակը դեռ չի ապացուցել և սա փոխել չեն կարողացել նույնիսկ աշխարհի հզորները։

Աշխարհի հզորների մասին խոսելիս տեղին է հիշել նորագույն պատմության երկու դրվագ՝ Կիլիկիայի ու Խորհրդային միության։ Առաջին աշխարհամարտից հետո Կիլիկիայում դեռ պահպանվել էր ստվար հայկական բնակչություն, և պատերազմի արդյունքներով Կիլիկիան հռչակվեց Ֆրանսիայի պրոտեկտորատ։ Տեղի հայկականության իմունիտետը, ըստ ամենայնի, թույլ էր, որովհետև մարդիկ հավատացին, որ հիմա իրենք քաղաքակիրթ եվրոպացիների հովանու ներքո են, և սարսափելին մնաց անցյալում։ Արդյունքները տխուր էին. շատ կարճ ժամանակ անց ֆրանսիացիները լքեցին Կիլիկիան՝ թողնելով տեղի հայերին Քեմալ Աթաթուրքի քմահաճույքին, և արդյունքում Կիլիկիան էլ չունի ոչ հայկականություն, ոչ էլ հայ բնակչություն։

Խորհրդային միությունում իրավիճակը քիչ այլ էր, զարգացումներն էլ՝ ավելի երկար ու բարդ։ Քանի դեռ Մոսկվան ուժեղ էր, հայերն ու կովկասյան թաթարները / թուրքերը, որոնց 1936 թվականին կնքեցին ադրբեջանցի, ուզած-չուզած իրենց զուսպ էին պահում, բայց երկուստեք կային շերտեր, որոնք ոչինչ չէին մոռանում և ատամներն էին կրճտացնում։ Խորհրդային Ադրբեջանն ամեն ինչ անում էր, որպեսզի վերջնականապես հայաթափի Նախիջևանը, ինչը հաջողությամբ արեց Հեյդար Ալիևի իշխանությամբ օրոք, և ավելացնի իր ներկայությունն Արցախում, իսկ հայերին սա դուր չէր գալիս (ի դեպ՝ վարվող այդ քաղաքականության մասին խոստովանել է Հեյդար Ալիևը 2002 թվականին իր կողմից տրված հարցազրույցի ժամանակ։ Արդեն 1960-ականներին եղավ հայ-թուրքական լարվածության կտրուկ սրացում Արցախում, որը հաջողվեց խեղդել։ Խորհրդային Միությունը դեռ բավական ուժեղ էր կենտրոնախույս տրամադրությունները սաստելու համար, բայց արդեն 1980-ականների երկրորդ կեսին պրոցեսները ոչ ոք այլևս չէր զսպում։

Արդյունքում սկսվեց Արցախյան շարժումը, եղավ Արցախյան առաջին պատերազմը։ Դրա միջանկյալ արդյունքն այն էր, որ Հայաստանում գերակա դիրքեր զբաղեցրին նրանք, ովքեր գիտեին, որ թուրքը մեզ թշնամի է համարում, և հասան նրան, որ ստեղծվեց Արցախի Հանրապետություն, որը բաղկացած էր ԼՂԻՄ-ի տարածքից ու դրա հարակից 7 շրջաններից, իսկ ամենաառարկայական ձեռբերումն այն էր, որ Արցախի Հանրապետության տարածքում 1994 թվականի մայիսի 12-ի դրությամբ այլևս չկար ադրբեջանական բնակչությունում, մինչդեռ 1988 թվականին այդ բնակչության թիվը 400-450 հազար էր կազմում ու գերազանցում էր հայ բնակչությունը մի քանի անգամ։

Հաջորդիվ պետք է արդեն ավելի քիչ պատմությունը քննարկել և ավելի շատ գաղափարախոսական ու քաղաքական պրիզմայից դիտարկել հարցը։ Արևմտյան Հայաստանի նվաճման փորձը՝ մի կողմից, իսկ Արցախի խորհրդայնացման փորձը՝ մյուս կողմից, հուշում են, որ բավական չէ զուտ նվաճել, կամ էլ քաղաքական որոշումների արդյունքում հասնել նրան, որ հայկական ինչ-որ հող անցնի թուրքական տիրապետության ներքո, եթե այդ հողում պահպանվում է հայկականությունն ու ազգային իմունիտետը։ Կանցնեն տարիներ ու տասնամյակներ և հայը կրկին գլուխ կբարձրացնի և կպահաջնի առաջնեկի իր իրավունքը՝ իր հայրենիքը, իր հայրենի հողը, ջուրն ու օդը, որը ժառանգել է իր պապերից և ուզում է թողնել իր թոռներին։ Զուտ ջարդերն ու կոտորածներն էլ հարցի լուծում չեն, որովհետև բոլորին կոտորել չի ստացվի, իսկ փրկվածները կտեղափոխվեն այլ տեղ ու կսպասեն այնքան, մինչև հնարավոր լինի վերադառնալ՝ իրենց մեջ ունենալով հայկականություն։

Թուրքը պետք է ստիպի հային մոռանալ ու հարմարվել, որպեսզի մարսի այն հողը, որը խլել է հայից։ Թուրքը պետք է սպանի հայկականությունն ու ազգային իմունիտետը հայի մեջ ու դրա փոխարեն ներդնի հանդուրժողականություն և կոնֆորմիզմ։ Ու թուրքը դա անում է, ընդ որում՝ բնավ նոր չի սկսել դա անել։ Թուրքը դա անում է արդեն մեկ հազարամյակ, իսկ մենք չենք հասկանում, որ թուրքի ամենահզոր զենքը ոչ թե սելջուկների հեծելազորն էր, ոչ թե ենիչերիների յաթաղանն էր, ոչ թե օսմանի սվինն էր, ոչ թե իբր ադրբեջանցու, բայց իրականում՝ թուրքի բայրաքթարն էր, այլ հայի մեջ ներդրված հանդուրժողականությունն այն մտքի հանդեպ, որ քոնը քոնը չէ, քո պապերը սխալ էին, քո հողն ու տունը խլած օտարի հետ ոչ թե պետք է պայքարել, այլ փորձել ընդհանուր լեզու գտնել։ Հենց սա է թուրքի ամենաուժեղ ու ամենասարսափելի զենքը, որը նա դարեր շարունակ հրամցրել է մեզ, իսկ մենք՝ մեր մեծամասնության մեջ, սիրահոժար ընդունել ենք այն։ Իհարկե, գրեթե միշտ դա մատուցվել է աշխարհի ամենաբարի ու ազնիվ նպատակների լույսի ներքո՝ եղբայրություն, հարևանություն, փոխշահավետ համագործակցություն, բայց դեպի դժոխք տանող ճանապարհը սալիկապատված է հենց բարի նպատակներով։

Ուզենք դա, թե չուզենք, հարմարվենք այդ իրողությանը, թե հակադրվենք դրան, բայց չի կարող լինել երկարաժամկետ համընկնող շահ հայի ու թուրքի միջև, որովհետև դրանք երկուստեք իրար բացառող են։ Թուրքն ուզում է տիրանալ այն ամենին, ինչ քոնն է ու տիրանալ ամբողջությամբ։ Հարցրեք այս մասին Արևմտյան Հայաստանի հայերին, Պոնտոսի հույներին, Անատոլիայի ոչ թուրքական բնակչությանը, և նրանք կասեն ձեզ այդ մասին։ Ավելի ճիշտ՝ կասեին, եթե պահպանված լինեին։ Ու չկա այնպիսի ձևաչափ, որում այս շահին կարելի է ինտեգրել հայկական շահը, որովհետև այն բացառում ու մերժում է հայկականության ցանկացած դրսևորում։

Ըստ այդմ, Հայաստանը պետք է գործի ու հակազդի իր համար ամենամեծ վտանգներին։ Ըստ սահմանման՝ ամենամեծ վտանգն առաջին հերթին հանդուրժողականությունն է, և դրա ցանկացած քարոզ ավելի մեծ հանրային վտանգ է պարունակում իր մեջ, քան ցանկացած տեսակի սպառազինություն, որն առկա է թուրքի զինանոցներում։ Զենքից կրած ցանկացած կորուստ կարելի է լրացնել. զոհված զինվորի տեղում կկանգնի ողջ մնացածը և նոր ծնվածը, վիրավորված զինվորին կփոխարինեն առողջն ու ապաքինվածը, իսկ սպանված հայկական ոգուն չի կարող փոխարինել ոչինչ՝ բացի մանկուրտից, իսկ մանկուրտն անհայրենիք է ու անիդեալ։

Այս մարտահրավերն ամենաբարդն է, բայց նաև ամենահեշտն է։ Ամենաբարդն է, որովհետև ամենամասշտաբայինն է ու ամենաերկարաժամկետը, բայց ամենահեշտն է, որովհետև այն միմիայն ներքին ռեսուրս է պահանջում։ Վերջիվերջո, բանակի սպառազինությունը վերականգնելու համար մենք, ուզենք, թե չուզենք, պետք է միջազգային իրավունքի տարբեր սուբյեկտների վրա հույս դնենք, իսկ հայկականությունն ու ազգային իմունիտետը պահպանել կարող ենք միայն ինքներս։

Եվ ուրեմն, Հայաստանում օր առաջ պետք է օրենսդրական կարգավորումներով սանձենք մեծագույն հանրային վտանգը՝ հանդուրժողականությունն ու կոնֆորմիզմը։ Այս փուլում պետք է ընդունել օրենք, որով քրեորեն պատժելի կհամարվի ցանկացած տեսակի քարոզ ու գործողություն, որն ուղղված է՝

1915-1923 թվականներին Օսմանյան Կայսրության և Թուրքիայի Հանրապետության կողմից հայերի դեմ իրագործված ցեղասպանության փաստը հրապարակայնորեն հերքելուն կամ արդարացնելուն,

Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը ժխտելունը, դրա դեմ այլ կերպ արտահայտվելուն կամ այդ իրավունքից հրաժարվել քարոզելուն,

Թուրքիայի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության կողմից Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության նկատմամբ իրականացվող ագրեսիայի ակտը ժխտելուն կամ արդարացնելուն,

Հայաստանի Հանրապետության, դրա տարածքների, Լեռնային Ղարաբաղի (Արցախի) Հանրապետության կամ 1994 թվականի մայիսի 12-ից մինչև 2020 թվականի սեպտեմբերի 26-ը Լեռնային Ղարաբաղի (Արցախի) Հանրապետության իրավազորության ներքո գտնված տարածքների, ինչպես նաև 1991 թվականի սեպտեմբերի 2-ին հռչակված Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տարածքների հայկականությունը հրապարակայնորեն հերքելուն,

հայ ժողովրդի մշակութային կամ հոգևոր ժառանգություն համարվող պատմական արժեքների հայկականությունը ժխտելուն:

Առաջարկը դիտարկենք ու սահմանենք մի քանի հարթություններում։

Արցախի ժողովրդի պայքարը և Արցախի պետականության օրինական հիմքերը

Դարեր շարունակ Արցախի հայ ժողովուրդը մղել է ազատագրական պայքար, որն իր մեջ ներառել է ազատատենչ ժողովրդի ինքնաբուխ գործունեություն՝ ի նպաստ անկախության, ազատության և ժողովրդների ինքնորոշման իրավունքի իրագործման: Այս պայքարի հիմքում ընկած է եղել ֆիզիկակական բնաջնջման մշտական վտանգից ազատվելու նպատակով ինքնորոշվելու և միասնական հայկական պետության մեջ վերամիավորվելու ձգտումը։

Այս պայքարի հերթական ակտիվացումը տեղի է ունենում 1918 թվականին Օսմանյան Կասրության կողմից պանթյուրքիստական ծրագրերի իրականացմանը միտված գործողությունների արդյունքում: 1918 թվականի մայիսի 28-ից մինչև 1921 թվականի հուլիսի 5-ը ոչ միայն Արցախի հանրապետությունը՝ իր 11.458 քկմ տարածքով, այլ նաև հյուսիսային Արցախը հանդիսանում էին վիճելի տարածք, որի կարգավիճակը այդ ժամանակահատվածում միջազգային հանրության կողմից այդպես էլ չորոշվեց և չստացավ որևէ դե յուրե ճանաչում: Նշված ամբողջ տարածքում հայկական բնակչությունը կազմում էր մեծամասնություն, և այդ բնակչությունը, հղում կատարելով ժողովուրդներ ինքնորոշման միջազգային սկզբունքին, չէր ցանկանում մաս կազմել նոր ստեղծված Ադրբեջանի Դեմոկրատական Հանրապետությանը (ԱԴՀ):

Այնուամենայնիվ, Ադրբեջանի և Հայաստանի խորհրդայնացումից հետո՝ Կրեմլի կառավարության թելադրանքով հուլիսի 5-ի գիշերը վերանայվում է նախորդ օրվա Ռուսաստանի կոմունիստական կուսակցության կովկասյան բյուրոյի՝ Ղարաբաղը Հայկական ԽՍՀ-ի կազմում ընդգրկելու որոշումը, և ընդունվում է Լեռնային Ղարաբաղը Խորհրդային Ադրբեջանի կազմում ընդգրկելու ու այդ տարածքում ինքնավար մարզ կազմավորելու վերաբերյալ որոշում: Խորհրդային կառավարման ժամանակահատվածում Խորհրդային Ադրբեջանի իշխանությունների կողմից տնտեսական, մշակութային, կրթական և այլ գործիքակազմի կիրառմամբ իրականացվում է հետևողական քաղաքականություն՝ միտված Արցախի ժողովրդագրական պատկերն արհեստականորեն փոփոխելուն՝ ի վնաս հայերի:

1987-1988 թվականներին հայկական Խաչիսար (Չարդախլու) գյուղից հայերի բռնի վտարումից հետո Արցախի հայության առաջ քաշեց իրենց ինքնորոշման իրավունքը իրացնելու պահանջ, որին ի պատասխան, Խորհրդային Ադրբեջանը ուժ կիրառեց ժողովրդի դեմ՝ փորձելով թույլ չտալ Արցախի բնակչությանը իրացնել իր իրավունքները: Այնուամենայնիվ, Արցախի հայությանը հաջողվեց համախմբվել, կազմակերպել ինքնապաշտպանություն և իրացնել իրենց ինքնորոշման իրավունքը, և 1991 թվականին՝ մինչև ԽՍՀՄ-ի փլուզվելը, անցկացնելով հանրաքվե, հռչակել անկախություն: Ի տարբերություն Արցախի՝ Ադրբեջանական ԽՍՀ ղեկավարությունն իր երկրի անկախացման գործընթացն իրականացրեց՝ խախտելով ինչպես ԽՍՀՄ օրենքները, այնպես էլ միջազգայնորեն ճանաչված նորմերը: 

Մասնավորապես՝ համաձայն «ԽՍՀՄ կազմից միութենական հանրապետության դուրս գալու հետ կապված հարցերի լուծման կարգի մասին» ԽՍՀՄ օրենքի՝ ցանկացած միութենական հանրապետություն ԽՍՀՄ կազմից դուրս գալու դեպքում պարտավոր էր իր հանրապետության տարածքում այդ հարցի վերաբերյալ անցկացնել հանրաքվե, և համաձայն այդ հանրաքվեի արդյունքների՝ պետք է կայացվեր համապատասխան որոշում: Ըստ միջազգային իրավունքի ևս՝ որևէ երկիր կարող է անկախության հռչակման որոշում կայացնել միայն անկախության հանրաքվեի արդյունքների հիման վրա: 1991 թվականի մարտի 17-ին ԽՍՀՄ-ում համամիութենական հանրաքվերին Ադրբեջանական ԽՍՀ բնակչության 93,3%-ը քվեարկել են ԽՍՀՄ պահպանման օգտին:

Սակայն 1991 թվականի օգոստոսի 30-ին Ադրբեջանի Գերագույն խորհուրդն առանց նոր հանրաքվեի անցկացման և նախորդ հանրաքվեի արդյունքերով ֆիքսված իր բնակչության կամքին հակառակ ընդունում է Ադրբեջանի Հանրապետության՝ որպես 1918-1920 թվականներին գոյություն ունեցած Ադրբեջանական Դեմոկրատական Հանրապետության իրավահաջորդի, պետական անկախության վերականգնման մասին հռչակագիրը: 1991 թվականի հոկտեմբերի 18-ին Ադրբեջանի գերագույն խորհուրդը կրկին առանց հանրաքվեի անցկացման ընդունում է Ադրբեջանի Հանրապետության պետական անկախության մասին սահմանադրական ակտը:

Բացի այդ՝ վերը նշված օրենքն ազգային ինքնավարություններին, ինչպիսին, օրինակ, ԼՂԻՄ-ն էր, իրավունք էր ընձեռնում ԽՍՀՄ կազմից միութենական հանրապետության դուրս գալու դեպքում ինքնուրույն կերպով որոշելու սեփական պետաիրավական կարգավիճակը: Ինքնավար կազմավորումների կողմից սեփական պետաիրավական կարգավիճակի հարցի որոշման կարգը, ըստ այդ օրենքի 3-րդ հոդվածի, սահմանվում էր հետևյալ կերպ.

«Իր կազմում ինքնավար հանրապետություններ, ինքնավար մարզեր և ինքնավար օկրուգներ ունեցող միութենական հանրապետությունում հանրաքվեն անցկացվում է յուրաքանչյուր ինքնավարությունում առանձնաբար: Ինքնավար հանրապետությունների և ինքնավար կազմավորումների ժողովուրդները պահպանում են ԽՍՀՄ կազմում կամ անջատվող միութենական հանրապետության կազմում մնալու մասին հարցն ինքնուրույն որոշելու, ինչպես նաև իր պետաիրավական կարգավիճակի մասին հարց բարձրացնելու իրավունքը: Այն միութենական հանրապետությունում, որի տարածքում կան տվյալ տեղանքում բնակչության մեծամասնությունը կազմող հավաք (կոմպակտ) բնակվող ազգային խմբեր, հանրաքվեի արդյունքներն ամփոփելիս քվեարկության արդյունքներն այդ վայրերում հաշվարկվում են առանձնաբար»:

1991 թվականի սեպտեմբերի 2-ին՝ վերը նշված ԽՍՀՄ օրենքի հիման վրա, ԼՂԻՄ և Շահումյանի շրջանի բոլոր մակարդակների պատգամավորների համատեղ նստաշրջանը՝ բոլոր մակարդակի խորհուրդների պատգամավորների մասնակցությամբ, ընդունել է հռչակագիր «Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը (ԼՂՀ) հռչակման մասին»՝ ԽՍՀՄ օրենսդրական նորմերին, ինչպես նաև միջազգային իրավական փաստաթղթերում ամրագրված ժողովրդի ինքնորոշման իրավունքին համապատասխան: Հռչակագրում, մասնավորապես, նշվում էր, որ այն արտահայտում է «ժողովրդի կամքը, որն ամրագրված է փաստացի անցկացված հանրաքվեում և ԼՂԻՄ ու Շահումյանի շրջանային իշխանության մարմինների 1988-1991 թվկանների որոշումներում, նրա ձգտումը դեպի ազատություն, անկախություն, իրավահավասարություն և բարիդրացիություն»:

1991 թվականի դեկտեմբերի 10-ին Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում՝ տարբեր տեսակի զենքերից հայկական բնակավայրերի անդադար հրետակոծության ներքո, տեղի է ունենում հանրաքվե: Քվեաթերթիկում դրված էր հետևյալ հարցը. «Համաձա՞յն եք Դուք, որպեսզի հռչակված Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը լինի անկախ պետություն, ինքնուրույն որոշելով համագործակցության ձևը ուրիշ պետությունների և ընկերակցությունների հետ»: Ընտրական ձայնի իրավունք ունեցող 132.328 հոգուց քվեարկությանը մասնակցեց 108.736-ը (82.2 %), 108.615 մարդ (քվեարկողների 99,89%-ը) «կողմ» քվեարկեց անկախությանը:

1991 թվականի դեկտեմբերի 28-ին ձևավորված ԼՂՀ Գերագույն խորհուրդն ընդունում է պետական անկախության մասին հռչակագիր՝ դրանով իսկ օրենսդրորեն ամրագրելով ինչպես հանրաքվեի արդյունքները, այնպես էլ իրավական փաստաթղթերի հաջորդականությունը, որոնք ապահովում են քաղաքական կարգավիճակի ինքնուրույն որոշման Լեռնային Ղարաբաղի ժողովրդի իրավունքը:

1991 թվականի դեկտեմբերի 26-ին ԽՍՀՄ-ն պաշտոնապես դադարում է գոյություն ունենալ։ Այսպիսով, Ադրբեջանական ԽՍՀ-ի տարածքում ձևավորվեց 2 հանրապետություն՝ Ադրբեջանի և Արցախի (ԼՂՀ) հանրապետությունները:

Ադրբեջանի Հանրապետությունն իր գոյության առաջին իսկ օրվանից սանձազերծում է ագրեսիա Արցախի Հանրապետության դեմ: Ի դեպ, հարկ է նշել, որ ըստ 1974 թվականի դեկտեմբերի 14-ի N 3314 (XXIX) ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի բանաձևի մեջ նշված «ագրեսիայի» սահմանման՝ ագրեսիա է համարվում նաև հարձակումը չճանաչված պետության վրա: Ուստի, ըստ միջազգային իրավունքի՝ Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի Հանրապետության դեմ 1991 թվականից ի վեր իրականացված բոլոր ռազմական գործողությունները համարվում են ագրեսիայի ակտեր, իսկ Ադրբեջանի ղեկավարության այն պնդումները, թե իբր իրենք իրավունք ունեն իրականացնել ցանկացած ռազմական գործողություն Արցախի Հանրապետության դեմ, որովհետև իրենք համարում են դա իրենց տարածքը, անհիմն են և անօրինական:

1991 թվականին Ադրբեջանի Հանրապետությունն անօրինական կերպով անկախանալուց հետո չի իրականացրել իր հարևան երկրների՝ ՀՀ-ի և ԼՂՀ-ի հետ սահմանների դելիմիտիզացիա և դեմարկացիա, բացի այդ՝ անկախության հռչակելը չի իրականացվել ժողովրդի ինքնորոշման սկզբունքի հիման վրա (որովհետև անկախություն հռչակելուց առաջ չի անցկացրել հանրաքվե): Բացի այդ՝ անկախության հռչակագրում խորհրդային ժամանակահատվածն Ադրբեջանի իշխանությունները որակել են որպես Ռուսաստանի կողմից օկուպացված տարիներ և իրենք իրեց հռչակել են 1918-1920 թվականներին գոյություն ունեցող ԱԴՀ-ի իրավահաջորդ, որի տարածքները և սահմանները այդպես էլ իր անկախության ժամանակ չորոշվեցին և չճանաչվեցին:

Հետևաբար, մինչ այսօր Ադրբեջանի տարածքները և սահմանները միջազգայնորեն որոշված և դե յուրե ճանաչված չեն: Դրանից բխում է, որ նախկին ԼՂԻՄ-ի տարածքը, դրան հարակից նախկին Խորհրդային Ադրբեջանի 7 շրջանները և հյուսիսային Արցախի տարածքները նույնպես դե յուրե ճանաչված չեն որպես Ադրբեջանի տարածք: Ադրբեջանի կողմից իրականացված ագրեսիայի և նախաձեռնած պատերազմի արդյունքում տեղի է ունեցել Արցախի Հանրապետության (ԼՂՀ) տարածքային ամբողջականության խախտում, ուստիև ձևավորված ներկայիս դե ֆակտո սահմանները չեն հանդիսանում օրինական: Արցախի Հանրապետությունը հանդիսանում է անկախ սուվերեն պետություն, որի տարածքներն ամրագրված են իր օրենսդրության մեջ:

Ներկայումս բանակցային պրոցեսում միջնորդ հանդիսացող ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կողմից առաջարկվում է հակամարտությունը լուծել 3 սկզբունքների հիման վրա, դրանք են՝ «ուժի չկիրառում և ուժի կիրառման սպառնալիքի բացառում», «ինքնորոշման իրավունք», «տարածքային ամբողջականություն»:

Արցախի բնակչությունը բազմիցս (դեռևս 1918-1921 թվականներին) իրացրել է իր «ինքնորոշման իրավունքը», ներկայիս հակամարտության փուլում դա արտահայտվել է 1991 թվականի դեկտեմբերի 10-ի անկախության հանրաքվեով, 2006 թվականի դեկտեմբերի 10-ի, 2017 թվականի փետրվարի 10-ի սահմանադրական հանրաքվեներով: Ուստի հակամարտության լուծման գործընթացում Արցախի Հանրապետության ճանաչումը կլինի «ինքնորոշման իրավունքի» իրագործում:

«Ուժի չկիրառման և ուժի կիրառման սպառնալիքի բացառման» սկզբունքն արդեն իսկ խախտվել է Ադրբեջանի կողմից, որը բերել է Արցախի Հանրապետության տարածների օկուպացիայի: Ադրբեջանում չի դադարում հայերի նկատմամբ ատելության քարոզը և պատմության կեղծարարությունը:

Ինչ վերաբերում է «տարածքային ամբողջականության» սկզբունքին, ապա այդ սկզբունքի իրացումն իրենից պետք է ներկայացնի Ադրբեջանի կողմից իրականացված ագրեսիայի արդյունքում օկուպացված Արցախի տարածքների դեօկուպացիա՝ ազատագրում:

«Տարածքային ամբողջականության» սկզբունքը միջազգային իրավունքի սկզբունք է, որի համաձայն՝ պետության տարածքը մեկ այլ պետության կողմից ռազմական ուժի սպառնալիքի կամ այլ ոտնձգության դեպքում հանդիսանում է անձեռնմխելի:

1991 թվականին, 2016 թվականին և 2020 թվականին այս սկզբունքը խախտել է Ադրբեջանի Հանրապետությունը ԼՂՀ-ի դեմ ագրեսիա իրագործելիս: Արցախի Հանրապետությունը Ադրբեջանի տարածքային ամբողջականության հետ որևէ կապ չունի, այն երբեք չի եղել անկախ Ադրբեջանի դե յուրե տարածք, ուստի Ադրբեջանի կողմից հնչեցվող ցանկացած տարածքային պահանջ անհիմն է և անօրինական:

Իրավական-ընթացակարգային

Օրենքի նախագիծն ԱԺ-ում շրջանառության մեջ է դրվում պատգամավորի / պատգամավորների կողմից, այդ թվում՝ «Իմ Քայլը» դաշինքից դուրս եկած անկախ պատգամավորների կողմից։

Առաջին տարբերակի անհնարինության կամ էլ ԱԺ-ում օրենքի նախագծի չընդունման դեպքում օրենքի նախագիծը շրջանառության մեջ է դրվում ԱԺ խմբակցություններից մեկի կողմից։

Երկրորդ տարբերակի անհնարինության կամ էլ ԱԺ-ում օրենքի նախագծի չընդունման դեպքում իրականցվում է ստորագրահավաք՝ օրենքի նախագիծը քաղաքացիական նախաձեռնության կարգով ԱԺ-ում շրջանառության մեջ դնելու համար. անհրաժեշտ է հավաքել 50.000 ստորագրություն։

Երրորդ տարբերակի դեպքում ԱԺ-ում օրենքի նախագծի չընդունման դեպքում իրականացվում է ստորագրահավաք՝ ևս 300.000 ստորագրություն հավաքելու և օրենքի նախագիծը հանրաքվեի դնելու նպատակով։

Միջազգային փորձ

Նմանատիպ օրինագծեր հանդիպում են նաև միջազգային պրակտիկայում: Մասնավորապես`

ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան առանց քվեարկության 2005 թվականի նոյեմբերի 21-ին ընդունել է № 60/7 բանաձևը, համաձայն որի՝ մերժել է Հոլոքոստի՝ որպես պատմական իրադարձության ցանկացած ժխտում: Իսկ 2007 թվականի հունվարի 26-ին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան ընդունել է հատուկ բանաձև՝ № 61/255 «Հոլոքոստի ժխտում» բանաձևը, որով առանց նախապայմանների քննադատվել է Հոլոքոստի ժխտման ցանկացած փորձ:

Բացի այդ՝ մի շարք երկրներում (Ավստրիա, Բելգիա, Գերմանիա, Լիտվա, Լյուքսեմբուրգ, Լեհաստան, Ռուսաստան, Սլովենիա, Ֆրանսիա, Շվեյցարիա, Կանադա, Լիխտենշտեյն, Պորտուգալիա, Չեխիա, Սլովակիա և Իսրայել) Հոլոքոստի հրապարակային ժխտումը հակաօրինական է: Միայն 2007-2008 թվականներին Եվրամիությունում Հոլոքոստի ժխտման համար դատապարտվել է շուրջ մեկ տասնյակ մարդ: 1996 թվականին ՄԱԿ-ի Մարդու իրավունքների կոմիտեն «Ֆորիսոնն ընդդեմ Ֆրանսիայի» գործի քննության ժամանակ ընդունել է աննախադեպ որոշում, որի համաձայն՝ Հոլոքոստի ժխտման կապակցությամբ մանկավարժական գործունեությունից զրկելը ֆրանսիական օրենսդրության հիման վրա չի խախտում Քաղաքացիական ու քաղաքական իրավունքների միջազգային դաշնագիրը:

Ռուանդայում գործում է օրենք, որը քրեական հետապնդում է ենթադրում բոլոր մարդկանց նկատմամբ, ովքեր կժխտեն այդ երկրում 1994 թվականին տեղի ունեցած ցեղասպանությունը:

Թուրքիայի Հանրապետության քրեական օրենսգրքի 301-րդ հոդվածը երկու տարվա ազատազրկում է նախատեսում «թուրք ազգին վարկաբեկելու» համար (2008 թվականի խմբագրությամբ՝ «թուրքականությունը» վիրավորելու համար՝ երեք տարի)։

Շվեյցարիան, Կիպրոսը, Ֆրանսիան, Հունաստանը և այլ երկրներ ընդունել են օրենքներ, որոնցով պատասխանատվություն է սահմանված Հայոց ցեղասպանության ժխտման համար։

Այստեղ ներկայացված է Հայոց ցեղասպանությունը ճանաչած պետությունների, կազմակերպությունների, նահանգային և ինքնակառավարման մարմինների ու քաղաքային խորհուրդների համառոտ ցանկը։

Քարոզչական

Հասկանալի է ու կասկածից վեր, որ այս նախաձեռնությունը համակողմանի հակազդեցության է ստանալու ինչպես ներհայաստանյան միավորների ու հատկապես՝ գործող իշխանությունների, այնպես էլ արտաքին միավորների՝ առնվազն՝ Թուրքիայի ու Ադրբեջանի կողմից։

Նախաձեռնությունները քննդադատվելու, պիտակավորվելու ու պախարակվելու է։ Բերվելու են ամենատարբեր փաստարկները, թե ինչու հայերը չպետք է պահանջեն նման բան, կամ էլ՝ ինչու է սա ժամանակավրեպ: Կանխազգալով դա և առաջ անցնելով՝ քննարկենք այդ «փաստարկներն» ու առարկությունները և հերքենք դրանք։

1. Սա կեղծ օրակարգ է ու շեղում է բուն պայքարից։

Բազմիցս նշել ենք, որ Հայաստանն ունի մեկ հիմնական օրակարգ, բոլոր մնացած օրակարգերը կա՛մ դրա ածանցյալներն են, կա՛մ էլ միտված են շեղելու մեզ դրանից։ Այդ հիմնական օրակարգն Արցախի ճանաչումն ու վերամիավորումն է Հայաստանի հետ։ Եվ եթե քաղաքական ուժերն ու հասարակության ինչ-որ շերտեր խուսափում են Արցախի ճանաչման հարցի տակ մտնելուց՝ ունենալով օբյեկտիվ ու սուբյեկտիվ մտավախություններ, ապա Հայաստանում թուրքական քարոզն ու հայկականության դեմ քարոզն արգելելու վերաբերյալ այլ կարծիք, քան դրականն է, չի կարող ունենալ ոչ ոք ու ոչ մի միավոր, եթե այդ միավորն ու անձը չի սպասարկում այլ պետությունների շահեր, որոնք մեզ բարեկամ չեն և ցանկանում են հայրենազրկել մեզ։

Բացի այդ՝ ոչ ոք չի կարող որևէ ողջամիտ հիմնավորում բերել, թե ինչով կարող է այս նախաձեռնությունը խանգարել «պայքարին»։ Արցախի ճանաչման հարցում գրեթե բոլորի կողմից բերվող հակափաստարկն այն է, որ դա պետք է անել միայն այն բանից հետո, երբ Նիկոլը կհեռացվի։ Նույն փաստարկը կիրառելի չէ այս նախաձեռնության դեպքում, քանի որ օրինագիծը շրջանառության մեջ դնելու և առավել ևս՝ համապետական հանրաքվեի դնելու պարագայում Նիկոլի ու Նիկոլին սպասարկողների ենթակառուցվածքն էապես թուլանում է և նրանք փաստացի զրկվում են իրենց գլխավոր քարոզչական մեխից՝ կեղծ խաղաղության քարոզից։ Ավելին, նախաձեռնության ընթացքն ու առավել ևս՝ հաղթանակը, Նիկոլի հեռացումը կդյուրինացնի ավելի շատ, քան ցանկացած այլ քաղաքական օրակարգ։ 

Ու վերջապես, բացարձակ ոչինչ չի խանգարում անհատին էլ, քաղաքական միավորին էլ և՛ նախաձեռնությանը միանալ, և՛ նպաստել դրա կյանքի կոչմանը, և՛ շարունակել պայքարը Նիկոլի դեմ, մանավանդ, եթե «պայքար» ասելով՝ հասկանում ենք այն, ինչ տեղի է ունենում Հայաստանում 2020 թվականի նոյեմբերի 10-ից հետո։

2. Նման նախաձեռնությունը դուր չի գա միջազգային հանրությանը:

Այս փաստարկը կփորձեն հիմնավորել նրանով, որ օրենսդրական նախաձեռնությունը ոչ միայն սահմանափակում է, օրինակ, խոսքի ազատությունը, այլև մի բան էլ քրեականացնում է դա՝ նախատեսելով ազատազրկում։ Նաև կփորձեն հրավիրել ձեր ուշադրությունն այն բանի վրա, որ Հայաստանը բազում ու բազմաթիվ միջազգային համաձայնագրեր է ստորագրել, անդամակցում է բազմաթիվ միջազգային կառույցների, և այս նախաձեռնությունը հակասում է այդ համաձայնագրերին ու կառույցների անդամակցության ոգուն։

Ի սկզբանե իմաստ չունի մտնել դիսկուրսի մեջ, թե արդյոք այդպես է և որքանով է այդպես։ Խնդիրն այն է, որ «միջազգային հանրություն» կոչվածի վերաբերմունքն այս օրինագծին որևէ նշանակություն չունի ու չի կարող ունենալ հատկապես՝ սեպտեմբերի 27-ից հետո, երբ նույն միջազգային հանրությունը, միջազգային կազմակերպություններն ու համաձայնագրերը մեծ հաշվով ոչինչ չարեցին ընդդեմ ագրեսորի, որը պատերազմական գործողությունների ժամանակ բնակավայրերի վրա կիրառում էր կասետային զինամթերք, ներգրավում էր միջազգային ահաբեկչական խմբավորումների մարտիկների, տեսախցիկների առջև գործում էր մարդկության դեմ հանցագործություններ։ Էլ չխոսենք այն մասին, որ «միջազգային հանրություն» կոչվածին ամենևին չի խանգարել համանման օրենքների առկայությունն այլ երկրներում ու մասնավորապես՝ Թուրքիայում։

Թվարկվածները փաստագրված են ու հայտնի են բոլորին, բայց ինչպես տեսնում ենք, Ադրբեջանը չի հեռացվել ոչ մի միջազգային կազմակերպությունից ու չի դատապարատվել միջազգային հանրության կողմից։

Դիցուք՝ դա Ադրբեջանն է, ու մեր պարագայում հետևեն որոշակի քայլեր։ Օրինակ՝ Հայաստանը հեռացվի ԵԽԽՎ-ից ու ԵԽ-ից։ Ու՞։ Ի՞նչ էական հետևանք է դա ունենալու Հայաստանի համար։ Մեծ հաշվով՝ ոչ մի։ Բոլոր նման կառույցներին անդամակցությունը մեզ տարիներով բացատրում էին նրանով, որ դա տալիս է մեզ հավելյալ գործիքակազմ հայկական օրակարգը միջազգային մակարդակում ակտուալիզացելու և Ադրբեջանին հակազդելու համար։ Ինչպես տեսանք, ոչ մեկի համար պիտանի դուրս եկան, ոչ էլ՝ մյուսի։ Վաղն էլ պիտանի չեն լինելու, այնպես որ, դեռ քննարկման առարկա պետք է լինի նշված կառույցներին մեր ադամակցության նպատակահարմարությունը։

3. Նման նախաձեռնությունը դուր չի գա Ռուսաստանին:

Մեզ հերթական անգամ կփորձեն վախեցնել Ռուսաստանով։ Հավանաբար կասեն, որ նման նախաձեռնությունը կարող է խանգարել Եռակողմ համաձայնագրի կյանքի կոչմանը և որ հաստատ է՝ այն հակասում է այդ փաստաթղթի ոգուն։ Ձեզ նաև կպատմեն, որ դա աններելի մեղք է, որովհետև անձամբ Պուտինն է այդ համաձայնագրի հեղինակը, ու նա ցավագին է ընդունում ցանկացած տեսակի հակազդեցություն դրա կյանքի կոչմանը։

Նախ՝ Հայաստանի ներսում գործող որևէ օրենք առաջին հերթին Հայաստանի ներքին գործն է։ Ռուսաստանն ինքն ունի նման օրենքներ, որոնք կոշտ արգելք են դնում տարատեսակ գաղափարական հոսանքների քարոզի ու կոնկրետ կազմակերպությունների գործունեության և հիշատակման վրա։ Ու դա նորմալ է, որովհետև դրանք ներռուսաստանյան օրենքներ են ու տվյալ երկրի կողմից սահմանված խաղի կանոններն են իր երկրում։ Վերջիվերջո, տարօրինակ կլիներ, եթե մենք առարկեինք, օրինակ, Ռուսաստանի Դաշնությունում «Իսլամական պետություն» կազմակերպության արգելված լինելու փաստին։

Ավելին, ռուսական քաղաքական օրակարգում առկա է Ռուսաստանի տարածքային ամբողջականությունը վիճարկող օրինագծի քննարկում, որն ուզում են ընդունել հատկապես Ղրիմի պատկանելության շուրջ ներքին դիսկուրսում վերջակետ դնելու համար։ Հավատացե՛ք, նույնքան տարօրինակ ու անընդունելի կլինի, եթե Ռուսաստանը փորձի հակազդել այս նախաձեռնությանը։ Ավելին, կարծում ենք, որ մեր օրինագծի կյանքի կոչումն օգտակար ու խիստ ակտուալ նախադեպ կարող է ծառայել հենց Ռուսաստանի համար։

Ինչ վերաբերում է Եռակողմ համաձայնագրին ու դրա ոգուն, սա արդեն մեր խնդիրը չէ, առավել ևս, որ այդ համաձայնագիրը բացի մեզանից ոչ ոք չի էլ կատարում, և Ռուսաստանն ու Պուտինը կարծես մեծ ողբերգություն չեն տեսնում նրանում, որ դրա կնքումից կես տարի անց չի կատարվել ու չի կատարվում շարադրված կետերից մեկը՝ գերիների վերադարձի մասին։ Եթե համաձայնագրում առկա կետերն անգամ լիարժեք չեն կատարվում, ապա ինչու՞ մեզ պետք է մտահոգի այն, թե ինչպես կողմերը կվերաբերվեն մեր այնպիսի գործողությունների, որոնք առհասարակ սահմանված ու շարադրված չեն այդ փաստաթղթում։

4. Ադրբեջանը նոր պատերազմ կսկսի:

Կասկածից վեր է, որ այս փաստարկն առավել հաճախ է կիրառվելու։ Պետք է հասկանալ, որ Ադրբեջանը կարող է պատերազմ սկսել այս նախաձեռնության առկայության դեպքում էլ, բացակայության դեպքում էլ։ Պետք է հասկանալ նաև այն, որ պատերազմ սկսելն էլ այդքան հեշտ չէ, որովհետև Արցախի տարածքում դա նշանակում է պատերազմ սկսել Ռուսաստանի դեմ, քանի որ հենց Ռուսաստանն է փաստացի հանդիսանում Արցախի մնացած հատվածի անվտանգության երաշխավորը, իսկ Հայաստանի տարածքում նույն արդյունքն ապահովվում է ինչպես հայ-ռուսական երկկողմ համաձայնագրի դրույթներով, այնպես էլ ՀԱՊԿ շրջանակներում առկա կարգավորումներով։

Նշանակո՞ւմ է, արդյոք, սա, որ պատերազմն ի սկզբանե պետք է բացառել։ Ո՛չ, չի նշանակում։ Երբեք ու ոչինչ բացառել չի կարելի, բայց ամեն անգամ պատերազմի անունը լսելիս խուճապի մատնվել էլ չի կարելի։ Պատերազմներից չեն խուսափում դրանցից վախենալով, այլ խուսափում են դրան պատրաստ լինելով, այդ թվում ու հատկապես՝ հոգեբանորեն։

Ցանկացած պարագայում նոր պատերազմը նշանակում է այնպիսի մասշտաբներ ու այնպիսի երկրների ներգրավում, որ նման պատերազմ սանձազերծելու որոշման վրա վերջին բանը, որ կարող է ազդեցություն ունենալ, այս նախաձեռնությունն է։

5. Ադրբեջանը գերիներին չի տա:

Ֆիքսենք, որ Ադրբեջանն այսպես, թե այնպես գերիներին չի տալիս։ Ադրբեջանը շարունակելու է գերիներին չտալ այնքան ժամանակ, որքան կարողանա դա անել և (կամ) որքան ժամանակ իրեն դա պետք է։ Ցանկացած պարագայում չի կարելի գերիների հարցը կապակցել թե՛ այս նախաձեռնության, թե՛ ցանկացած այլ հարցի հետ։

Ադրբեջանը ստանձնել է պարտականություն գերիներին վերադարձնելու, ու դա արձանագրված է Եռակողմ համաձայնագրում։ Այնտեղ չի եղել որևէ նախապայման առ այն, որ գերիներին վերադարձնելը կչեղարկվի Հայաստանում այս կամ այն օրենք ընդունելու դեպքում։ Չի եղել ու չկա, ըստ այդմ՝ հարցի՝ նման տրամաբանությամբ արծարծումը ոչ այլինչ է, քան անտեղի շահարկում։

Գերիների վերադարձի հարցն ունի երեք հստակ հասցեատերեր ու պատասխանատուներ՝ Փաշինյան, Ալիև, Պուտին, և գերիների վերադարձի համար պատասխանատուն այս երեքն են, ոչ թե որևէ օրենք, կամ էլ օրենք ընդունելու նախաձեռնություն։

6. Այս օրինագիծը ոչ մի նշանակություն չունի Արցախյան հիմնախնդրի համատեքստում կամ կապ այդ հիմնախնդրի հետ:

Այս օրինագիծն ունի շատ կոնկրետ նշանակություն Արցախյան հիմնախնդրի համատեքստում ու կապ այդ հիմնախնդրի հետ։ Կա ողջամիտ ռիսկ, որ անգամ օրենքի ընդունման դեպքում այն կարող են փորձել դարձնել ուղղակի թղթի վրա գրված տեքստ, որը իրական կյանքում կիրառություն չի գտնի, բայց այդ ռիսկը մինիմիզացվում է, եթե չասենք՝ չեզոքացվում է պատշաճ հանրային վերահսկողությամբ։

Արցախյան հիմնախնդրի այսօրվա վիճակը ոչ այնքան պայմանավորված է նրանով, որ թշնամին խիստ արդյունավետ է եղել իր ռազմական ու պետական ենթակառուցվածքների կայացման և զարգացման հարցում, որքան նրանով, որ Հայաստանում տարիների ընթացքում ձևավորվել է Հինգերորդ շարասյուն, որն իր քարոզչությամբ ու գործողություններով ստեղծել է բոլոր անհրաժեշտ նախադրյալները, որպեսզի Արցախն ուժով հնարավոր լինի խլել մեզնից, ու հիմա փորձում են բացառել իրավիճակի նման դասավորվածության փոփոխությունը։ Այս օրինագիծը տալիս է շատ կոնկրետ ու արդյունավետ գործիք, որպեսզի դա թույլ չտրվի, ու խորտակիչ հարված հասցվի Հինգերորդ շարասյանը։ Դե իսկ Արցախյան հիմնախնդրի հայանպաստ լուծման հասնելու համար պետք է նախ սեփական թիկունքդ մաքրես, ինչն էլ հնարավոր է դառնում անել այս օրինագծի միջոցով։

7. Ամոթ է, այս հարցերը չպետք է օրենքով կարգավորվեն:

Այո՛, եթե մեր հասարակությունը լիներ առողջ, նման օրենքի անհրաժեշտություն չէր լինի, ու նման հարցերի արծարծումն անգամ կլիներ տաբուի դաշտում, բայց ունենք այն, ինչ ունենք, ու նման հարցերը ոչ միայն տաբուի դաշտում չեն, այլև տարիներ շարունակ իրականացվում է հակահայկականության համառ ու անթաքույց քարոզ, որը չի ստանում պատշաճ հակազդեցություն։ Ավելին, պատշաճ հակազդեցության է արժանանում հենց նման քարոզի հակազդեցությունը ու «թուրք հայհոյելու» մասին օրենքը դրա վառ առհավատչյան է։ Մենք պետք է հենակետային համարենք ոչ թե լիրիկական զեղումներն այն մասին, թե ինչ լավ կլիներ, եթե լիներ այս կամ այն կերպ, և դա լիներ աբստրակտ հեռանկարում, այլ առկա իրողությունը, իսկ առկա իրողությունը թելադրում է նման օրենք ունենալու հրամայական։

8. Ամոթ է, բա որ պարզվի, որ հայերը դեմ են նման օրենքին:

Նման տեսական հնարավորություն, իհարկե, կա, բայց դա չի նշանակում, որ պետք է որդեգրել ջայլամի քաղաքականություն ու խնդրի հետ աշխատելու փոխարեն գլուխը մտցնել հողի մեջ ու չնկատել խնդիրը։ Նախ՝ մենք չենք հավատում, որ հայ ժողովուրդն անհույս դեգրադացիայի մեջ է։ Ցանկացած, նույնիսկ ամենապասիվ կամ էլ ամենավատ հայի մեջ, այնուամենայնիվ, առկա է հայկականության գենը, ու արդեն կազմակերպիչների խնդիրն է, թե ինչպես անել, որ այդ գենը գլուխ բարձրացնի։

Եթե բոլոր անհրաժեշտ քայլերն ու միջոցները կիրառության մեջ դրվեն, ապա անհնար է, որ ողջ Հայաստանի բնակչության գոնե 15-20 տոկոսը չուզենա նման գործիքակազմ իր պետության համար։

Հնարավո՞ր է, որ կազմակերպիչները թերանան և լինեն չափազանց ապիկար սրան հասնելու համար։ Հնարավոր է, բայց այդ պարագայում ամոթ է կազմակերպիչների համար և խայտառակ լինողը կազմակերպիչներն են։ Կազմակերպիչները դրան պետք է պատրաստ լինեն ու դրա համար պետք է լինեն պասիոնար։

Հնարավո՞ր է, որ կազմակերպիչներն անեն ամեն հնարավորը, բայց հայ ժողովուրդը մնա անհաղորդ։ Հնարավոր է, բայց այս պարագայում էլ արդեն քիչ էական է ամոթն ու խայտառակությունը, քանի որ նման ամորֆ ժողովրդի պարագայում այդ հասկացությունները կլինեն խորթ ու ոչ մի նշանակություն չեն ունենա։ Ավելին, սա պարզապես կլինի առհավատչյան նրա, որ հայ ժողովուրդը մահացել է ու պետք է աստիճանաբար հեռանա պատմության թատերաբեմից՝ որպես սեփական պետություն ու հայրենիք ունեցող միավոր, ինչը, իհարկե, տխուր կլինի, բայց այդուհանդերձ՝ արդար։

Քաղաքական

Ակնհայտ է, որ նման նախաձեռնությունն իր մասշտաբներով աննախադեպ է ու այն կյանքի կոչել հնարավոր է ուժերի մեկտեղումով։ Հայաստանում չկա այնպիսի քաղաքական ուժ, որ միանձնյա կարող է ստանձնել այս բեռն ու հաջողել։

Այս նպատակով կմեկնարկեն քաղաքական կոնսուլտացիաների ընդդիմադիր բոլոր ուժերի և շահագրգիռ կողմերի հետ, որոնց շրջանակներում պետք է, բացի ձևական մասնակցության ու բովանդակային կոսմետիկ շտկումներից, ձեռք բերվեն հստակ պայմանավորվածություններ՝ նախաձեռնության շրջանակներում առարկայական մասնակցության չափի ու ձևի մասին։ Այլ կերպ ասած՝ պետք է լինի կոնկրետ աշխատանքների կոնկրետ ձևակերպում և ադ աշխատանքի բաշխում ու վերահսկողություն։

Զուգահեռաբար, մինչև բուն իրավական-ընթացակարգային գործընթացի մեկնարկը պետք է լինի համապարփակ ու ինտենսիվ քարոզչական փուլ, որի արդյունքում հայկականության դեմ քարոզչությունը քրեականացնելու օրինագիծը պետք է վերածվի հիմնական քննարկման առարկայի Հանրապետության ողջ տարածքում։ Քարոզչական լծակների և կամավորների միջոցով այս թեման պետք է ներկայացվի ՀՀ-ի բոլոր տներում ու բնակարաններում։ Դա կպահանջի ամիսներ, ու միայն դրանից հետո կարելի կլինի անցնել բուն իրավական-ընթացակարգային մասին։

Քաղաքական ուժերի և այլ շահագրգիռ միավորների հետ աշխատանքների արդյունքում պետք է ձևավորվի կազմակերպչական շտաբ, կամավորների կորպուս և համապատասխան ենթակառուցվածք՝ նշված մարմինների աշխատանքներն ապահովելու համար՝ սկսած մեթոդական ձեռնարկների մշակումից, վերջացրած լոգիստիկ խնդիրների լուծումով։

Աղբյուր՝ adekvad.am