Իշխանությունը ուզում է վախեցնել ժողովրդին, որպեսզի վախենան արտահայտել իրենց կարծիքը․ սա ընտրությունների նախապատրաստությունն է. Ալավերդյան

50

Այսօր շուռնուխցու հանդեպ վերաբերմունքը Քննչական կոմիտեում կարելի է որակել որպես դաժան, մարդկային արժանապատվությունը նսեմացող վերաբերմունք։ Այս մասին «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասել է Հայաստանի առաջին ՄԻՊ Լարիսա Ալավերդյանը։

Նշենք, որ այսօր առավոտյան Շուռնուխի գուղապետի եղբորը՝ Արարատ Աղաբեկյանին ոստիկանները բռնի ուժով անկողնուց հանել են և Շուռնուխից բերման ենթարկել Երևան՝ քննչական կոմիտե։ Ընդ որում՝ շենքի ներսում նրան քարշ տալով էին տանում քննիչի մոտ։ Արարատն էլ այդ պահին բղավում էր, թե լավ չի զգում իրեն, տաքություն ունի, դեղերը չի խմել ու խնդրում էր շտապօգնություն կանչել։

Արարատ Աղաբեկյանին ՔԿ-ում բժշկական օգնություն է ցուցաբերվել այն բանից հետո, երբ երկար ժամանակ պնդել է, որ վատառողջ է, ապա ինքնազգացողությունը վատացել է։ Ալավերդյանը նշեց, որ դա հստակ արձանագրված է «Կտտանքների, դաժան վերաբերմունքի, անմարդկային և արժանապատվությունը նսեմացնող վերաբերմունքի արգելքի մասին» կոնվենցիայում։ «Չեմ ուզում համեմատություն անել Ադրբեջանում մեր գերիների հանդեպ վերաբերմունքին, բայց տվյալ դեպքում այդ եզրույթը վերաբերվում է Հայաստանում կոնկրետ ոստիկաններին, որոնք նման դաժան կերպով վերաբերվել են մեր քաղաքացուն։ Դա ռեպրեսիաներ են, դա արվում է ցուցադրաբար, որ ամբողջ ժողովուրդը վախենա արտահայտել իր կարծիքը։ Դա ազատ կարծիքը արտահայտելու իրավունքի ոտնահարում է»,- նշել է տիկին Ալավերդյանը։

Ըստ նրա՝ այս ռեպրեսիաների կիրառումը կոչվում է նախընտրական պատրաստություն եւ մենք պետք է հստակ պատկերացնենք, թե ինչպիսի ընտրություններ է կազմակերպելու այս իշխանությունը։

«Որևէ քայլ պատահական չէ, այն լիովին համապատասխանում է թուրք-ադրբեջանական քաղաքականությանը, այն է՝ սպառնալիքների ներքո հասնել հեռահար նպատակներին։ Ցեղասպանական գործողություններով հասնել այս տարածաշրջանից հայության դուրս մղմանը», – նկատեց Ալավերդյանը։

Ադրբեջանում անմարդկային վերաբերմունք է ցուցաբերվում մեր գերիների նկատմամբ, իսկ Հայաստանում ռեպրեսիաների, կտտանքների են ենթարկվում պատերազմի մասնակիցների ու իրենց հայրենիքի անվտանգության համար մտահոգվող քաղաքացիների նկատմամբ՝ «Փաստինֆո»-ի դիտարկմանն ի պատասխան Մարդու իրավունքների առաջին պաշտպանը նկատեց, որ այսպիսի վերաբերմունքը համընկնում է Ադրբեջանում հայ գերիների հանդեպ վերաբերմունքի հետ։ «Հայաստանի այսօրվա իշխանությունները չեն թաքցնում, որ ամբողջովին կրկնում և իրականացնում են թուրք-ադրբեջանական քաղաքականությունը։ Մեր իշխանության մեթոդները դատապարտելի են, միջազգային քրեական իրավունքով հետապնդելի են։ Տվյալ դեպքում, եթե Հայաստանի իշխանությունը իրականացնում է նույն ծրագրերը, ապա նա չի խորշի օգտագործել նույն մեթոդները»,- շեշտեց Ալավերդյանը։

«Փաստինֆո»