Դատարանը գորիսեցու ձերբակալությունը ոչ իրավաչափ է համարել. Նորայր Առուշանյանն ազատության մեջ է

48

Երեւանի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Արման Հովհաննիսյանի նախագահությամբ, ոչ իրավաչափ է ճանաչել սյունեցի՝ Նորայր Առուշանյանի ձերբակալությունը։ Այս մասին տեղեկացրել է փաստաբան Հրանտ Վարդանյանը։

Դատարանը պարտավորեցրել է վարույթն իրականացնող մարմնին անհապաղ ազատ արձակել նրան։

Ավելի վաղ «Փաստինֆո»-ն տեղեկացրել է, որ Նիկոլ Փաշինյանի՝ Սյունիք կատարած անակնկալ այցն առաջացրել էր բնակիչների դժգոհությունը։ Նրան դիմավորել են՝ «Նիկոլ, դավաճան», «կապիտուլյանտ» և այլ վանկարկումներով։ Փաշինյանն անմիջապես Սյունիքի մարզպետարանում խորհրդակցություն է հրավիրել ու իրավապահներին հանձնարարել անհապաղ կտրուկ քայլեր ձեռնարկել եւ պատժել։ Նույն խորհրդակցության ժամանակ նրան անմիջապես զեկուցեցին, թե քրեական գործ է հարուցվել։

Այսօր հայտնի դարձավ, բողոքի ակցիաների առթիվ հարուցված քրեական գործի շրջանակներում ձերբակալվել է 16 անձ, այդ թվում՝ Մեղրիի քաղաքապետ Մխիթար Զաքարյանը, փոխքաղաքապետ Արմեն Սամվելյանը, Գորիսի փոխքաղաքապետ Մենուա Հովսեփյանը։ Ընդ որում, վերջինիս նկատմամբ նաեւ բռնություն է գործադրվել եւ փաստաբանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել։