Ալեն Սիմոնյանը հույս ունի փոխարինել Արարատ Միրզոյանին․ ՔՊ-ում ԱԺ նախագահից դժգոհությունը մեծ է․ «Ժողովուրդ»

50

«Տևական ժամանակ առաջ, երբ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նիստի ժամանակ քննարկել են ԱԺ արտահերթ ընտրությունների հետ կապված տարբեր հարցեր, հերթը հասել է նաև հաջորդ ԱԺ նախագահի անձին: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանից ՔՊ-ում դժգոհությունը մեծ է:

Նրան համարում են պասիվ դիտորդ, որն այլևս իրենց կողքին չէ, չի աջակցում թիմին, քաղաքական հակառակորդներին չի հակադարձում, այլ սպասում է, անհասկանալի է՝ ինչի կամ ում: և այս ֆոնին ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը, ըստ մեր տեղեկությունների, ՔՊ վարչության քննարկման ժամանակ հայտարարել է, որ խորհրդարանում փաստացի ինքն է ԱԺ նախագահի լիազորությունները կատարում, քաղաքական հակառակորդներին չեզոքացնում, ուստի ինքը պետք է լինի հաջորդ ԱԺ նախագահը:

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը որևէ ձևով չի արձագանքել, ու շատերի մոտ տպավորություն է ստեղծվել, որ Սիմոնյանի խոսքերը վարչապետի սրտով են եղել, քանի որ վերջին ժամանակահատվածում Փաշինյանը գրեթե բոլոր հանդիպումները Սիմոնյանի հետ է իրականացնում:

Արարատ Միրզոյանն էլ անհաղորդ է մնացել ու որևէ ձևով չի արձագանքել իր հասցեին հնչող փաստացի մեղադրանքներին: «Ժողովուրդ» օրաթերթը փորձեց տեղեկությունը ճշտել ԱԺ փոխնախագահ Ա. Սիմոնյանից, որը հայտարարեց. «Նման հարց չի քննարկվել, ավելին՝ նման հարցերը մենք քննարկում ենք ընտրություններից հետո»»,-գրում է թերթը։

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում։