«Նժարին մեր գաղթական դառնալու հեռանկարն է… Սյունեցին ինքն է մի քանի մետրի վրա ապրում թուրքի հետ, այս իշխանությունը բոլորիս տակ ռումբ է դնում». Սյունիքի համայնքապետերի արձագանքը.168.am

94

Նիկոլ Փաշինյանի՝ Սյունիքի մարզ կատարած անփառունակ այցից հետո, ուր նա իր աչքերով տեսավ՝ ինչ վերաբերմունք ունեն սյունեցիներն իր անձի ու կառավարության նկատմամբ, իշխանական շրջանակները համակարգված տարածում են, թե Մեղրիի, Ագարակի ու Քաջարանի բողոքի ակցիաները կազմակերպված էին Սյունիքի այն համայնքապետերի կողմից, ում նկատմամբ քրեական գործեր են հարուցված:

168.am-ը զրուցեց Մեղրի, Քաջարան և Գորիս համայնքնորի ղեկավարներ Մխիթար Զաքարյանի, Առուշ Առուշանյանի և Մանվել Փարամազյանի հետ՝ նրանցից մեկնաբանություններ խնդրելով իշխանական շրանակների կողմից կազմակերպված կերպով տարածվող  այդ տեսակետների վերաբերյալ:

«Մի նժարին հայրենիքն է, մյուսին ինչ-որ քրեական գործե՞ր… Համեմատելու բան չէ». Մխիթար Զաքարյան

Մեղրի համայնքի ղեկավար Մխիթար Զաքարյանը կարծում է, որ գործող իշխանությունները առանց այդ էլ մտածում են՝ ինչպես դուրս գան իր նկատմամբ հարուցած շինծու, կեղծ, ապօրինի քրեական գործի տակից, և մասնավոր զրույցներում անգամ խոսում են այդ մասին:

«Ես տրամաբանությունը չեմ հասկանում: Այսինքն՝ ես բողոքի ակցիա եմ կազմակերպում, որ իմ նկատմամբ հարուցված քրեական գործը կարճե՞ն… Մի նժարին հայրենիքն է, մեր գաղթական դառնալու հեռանկարը, մյուսին ինչ-որ քրեական գործե՞ր… Ի՞նչ կազմակերպել, ինչո՞ւ… Այսինքն՝ Մեղրիում էլ գիտակից մարդ չկա՞, պետք է ես մարդկանց համոզե՞մ: Մեծ մասը պատերազմին մասնակցած տղաներ, զոհվածների հարազատներ էին մասնակցում այդ բողոքի ակցիային, իրե՞նց պետք է համոզեի»,-տարակուսեց Մխիթար Զաքարյանը:

«Մարդ պետք է այստեղ ապրի, Սյունիքում, իր աչքով տեսնի, որ հասկանա՝ թուրքը որտեղ է». Մանվել Փարամազյան

Քաջարան համայնքի ղեկավար Մանվել Փարամազյանը նույնպես շեշտեց, որ իրենց նկատմամբ հարուցված քրեական գործերը քաղաքական հետապնդումներ են:

«Շինծու գործեր են, հերյուրանքներ: Այդ քրեական գործերը մնացել են իրենց կոկորդում, չեն կարողանում մարսել: Պարզապես մեր մեջ իրենք տեսնում են մեր հայրենասիրությունը, մեր ազնիվ տեսակը, ու դա իրենց դուր չի գալիս»,-ասաց Մանվել Փարամազյանը:

Վերջինս նշեց, որ բոլորի համար էլ պարզ է՝ Սյունիքն այժմ ինչ վիճակում է հայտնվել, և իրենց ուզում են շարքից հանել, որպեսզի կարողանան տիրել Սյունիքին, իրենց մեկուսացնելով՝ կոտրեն սյունեցիների դիմադրությունը:

«Մեզ բոլորիս Սյունիքի ճակատագրի նկատմամբ պատասխանատվությունն է միավորում: Մենք էլ ունենք բավականաչափ ռեսուրս, բայց դա պետք է գործադրենք մեր երկիրն աղետալի վիճակից դուրս բերելու համար: Վաղը մեր երեխաները մեզ չեն ներելու»,-ասաց Քաջարանի համայնքապետը:

Նրա խոսքով՝ Նիկոլ Փաշինյանը գաղտագողի է եկել Սյունիք ու նույն կերպ էլ հեռացել է:

«Ժողովուրդն ինքնաբուխ է հավաքվել: Մենք չենք կարող գնալ մարդկանց դռները ծեծել, ասել՝ դուրս եկեք, Նիկոլը գալիս է: Մեր Քաջարանը մի ընտանիք է: Սյունեցին չի կարողանում մարսել կատարվածը: Մարդ պետք է այստեղ ապրի, Սյունիքում, իր աչքով տեսնի, որ հասկանա՝ թուրքը որտեղ է: Օր-օրի ավելանում է թուրքերի քանակը: Այս իշխանությունը բոլորիս տակ ռումբ է դնում, ու մենք չգիտենք՝ վաղն ինչ է լինելու, իսկ մենք՝ սյունեցիներս, այդ հետևանքների կրողն ենք»,-ասաց Մանվել Փարամազյանը:

Վերջինս նշեց՝ խաթարված է տարածաշրջանային անվտանգությունը, թուրքը հասել է սյունեցիների տներին, ու չկա հետագա անվտանգության երաշխիքը:

«Բոլորը պետք է հասկանան, որ այս իշխանությունից ոչ մի հույս, ոչ մի դրական սպասելիք չկա: Այս իշխանության թուրքամետ ներկայացուցիչները սպասարկում են թուրքամետ շահը: Այսօր մարզպետարանում լսել եք՝ ինչ էր խոսում. ամբողջը թրքասիրական, ստոր, ապազգային քարոզ էր»,-եզրափակեց Մանվել Փարամազյանը:

«Էդ նույն տարածքներում սյունեցին է թուրքի հետ մի քանի մետրի վրա ապրում». Առուշ Առուշանյան

Գորիս խոշորացված համայնքի ղեկավար Առուշ Առուշանյանն էլ մեզ հետ զրույցում ասաց, որ ողջ օրը զբաղվել է համայնքի խնդիրներով, ԱՄՆ դեսպանին է ընդունել ու անգամ ժամանակ չի ունեցել մամուլին հետևելու:

«Եթե այս ամենը կապված լիներ քրեական գործերի հետ, վերջին 3 տարում իմ դեմ տասնյակ շինծու քրեական գործեր են հարուցվել, և եթե դրանցով պայմանավորված լիներ, կարծում եմ, երբ էլ ուզեի՝  կանեինք, ու դա խնդիր չէր լինի: Մարդիկ ինքնաբուխ են արել այդ ակցիաները, և մենք որևէ դերակատարություն դրանում չենք ունեցել»,-ասաց Գորիս համայնքի ղեկավարը:

Նա նշեց, որ այդ նույն տարածքներում սյունեցին է թուրքի հետ մի քանի մետրի վրա ապրում, սյունեցին է այդ դառնությունները տեսնում, ու սա մարդկանց բողոքի ձայնը բարձրացնելու ձևն էր:

«Անկեղծ, ես չեմ իմացել, որ Նիկոլ Փաշինյանը Սյունիք է եկել: Նա գաղտնի է եկել, ես որտեղի՞ց պետք է իմանայի, որ եկել է, հիմա էլ գնում է: Բացի դրանից, այսօր աշխատանքային բուռն օր եմ ունեցել, ԱՄՆ դեսպանին եմ ընդունել ու նույնիսկ ողջ օրվա ընթացքում ԶԼՄ-ների հրապարակումներին չեմ հետևել»,-ասաց Առուշ Առուշանյանը:

168.am