Հրադադարի ռեժիմի խախտման վերաբերյալ նյութեր ու փաստեր են հավաքվում. ԱՀ ոստիկանություն

51

Ապրիլի 21-ին Ստեփանակերտ քաղաքի Վ. Վաղարշյան 13 բն. 46 հասցեից Խ.Մ.-ն (ծնված 1984թ.) ոստիկանություն է դիմել, որ ապրիլի 20-ին՝ ժամը 15:00-ի սահմաններում, դեռևս անհայտ հանգամանքներում ինքնաձիգով կրակ է արձակվել իր տան ուղղությամբ, ինչի հետևանքով վնասել է տան թիթեղապատ տանիքը, հատակը և առաստաղը:

Արցախի ոստիկանությունից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել ԱՀ ՆԳ նախարարության ոստիկանության համակարգի հետաքննության բաժանմունքի հետաքննիչը:

Պարզվել է, որ նշված բնակարանի ուղղությամբ կրակել են 7.62 տրամաչափի զինատեսակից (գնդացիր կամ AK-47):
Կրակելու պահին տանը եղել է Խ.Մ.-ն իր 2 անչափահաս տղաների հետ: Բարեբախտաբար ոչ ոք չի տուժել:

Այս պահին ԱՀ ոստիկանությունը նյութեր է նախապատրաստում գործի հետագա ընթացքը որոշելու համար:
Ստուգմամբ զբաղվում է ոստիկանության քաղաքային վարչությունը:

Ոստիկանությունից նաև նշում են, որ սոցիալական ցանցերում շրջանառվող Ասկերանի շրջանի Շոշ և Մխիթարաշեն գյուղերի, ինչպես նաև Մարտունու շրջանի Թաղավարդ համայնքի ուղղությամբ հրադադարի ռեժիմի խախտման վերաբերյալ ևս նախարարությունը նյութեր ու փաստեր է հավաքում՝ ռուս խաղաղապահ զորակազմի հրամանատարությանը ներկայացնելու համար: