Ի՞նչ էր ասել Բոլթոնը Փաշինյանի ականջին.168.am

97

Հերթական անգամ Նիկոլ Փաշինյանը փորձել է հավատացնել, որ նոյեմբերի 9-ի հայտարարության մեջ ոչ Զանգեզուր, ոչ Սյունիք, ոչ միջանցք արտահայտություններ չկան,  և, որ խոսք է գնում  տարածաշրջանային կոմունիկացիաների բացման մասին:

«Պետք է տեղի ունենա տարածաշրջանային հաղորդակցության ուղիների բացում»,- ասել է նա:

Նիկոլ Փաշինյանը վստահություն է հայտնել նաև, որ «Ադրբեջանն ըստ այդ հայտարարության և գրավոր հրապարակված փաստաթղթերի՝ կարող է ստանալ միայն այնպիսի «միջանցք»,  ինչպես Հայաստանը  կստանա Ադրբեջանի տարածքով, այդ թվում՝ Նախիջևանի տարածքով»:

Իլհամ Ալիևը դեռևս փետրվարին հայտարարել էր. «Միաժամանակ կարող է բացվել երկաթուղային ճանապարհը Ռուսաստանից դեպի Հայաստան։ Այդ ճանապարհը կարող է անցնել բացառապես Ադրբեջանի տարածքով։ Բացի այդ, Նախիջևանի տարածքով երկաթուղային կապ կհաստատվի Ռուսաստանի և Իրանի միջև, երկաթուղային կապ կլինի նաև Հայաստանի և Իրանի միջև։ Միմյանց կկապվեն նաև Ռուսաստանի և Թուրքիայի երկաթուղիները»:

«Լույս» հիմնադրամի վերլուծության մեջ ասվում է, որ, «եթե Նախիջևանով դեպի Ադրբեջան նոր տրանսպորտային կապի ձեռքբերումը չափազանց կարևոր է Թուրքիայի համար, և վերջինս շահագրգռված է այդ միջանցքի շուտափույթ ձևավորմամբ, նույնը չի կարելի ասել Հայաստանի հետ տրանսպորտային հաղորդակցության վերականգնման մասին»։

«Ակնհայտ է, որ Թուրքիան Հայաստանի ապաշրջափակման հետ կապված ցանկացած հարց կապելու է հայկական կողմի համար անընդունելի մի շարք նախապայմանների հետ։ Հաշվի առնելով Հայաստան-Իրան 10 բեռնափոխադրումների ոչ այնքան մեծ ծավալը և այլընտրանքային ուղիների առկայությունը, նոր հաղորդակցությունները գրավիչ չեն նաև իրանական կողմի համար։ Ինչ վերաբերում է Ռուսաստանին, ապա այս դեպքում ևս, ինչպես դեպի Թուրքիա, այնպես էլ՝ դեպի Իրան առկա են այլընտրանքային հաղորդակցություններ։

Նույնը կարելի է ասել նաև Վրաստանի մասով։ Հետևաբար՝ ձևավորվելիք նոր հաղորդակցությունները տարածաշրջանային դերակատարների համար դիտարկվելու են՝ զուտ որպես այլընտրանքային տարբերակներ, և դժվար թե դրանց շնորհիվ Հայաստանը վերածվի տրանզիտային երկրի։ Այսինքն՝ ապաշրջափակման վերաբերյալ Հայաստանում ձևավորված սպասումները մեծ մասամբ արհեստական են և չեն բխում օբյեկտիվ իրողություններից»,- նշված է «Լույս» հիմնադրամի վերլուծության մեջ:

Իսկ  Ալիևը շատ ակտիվ խոսում է նաև «Զանգեզուրի միջանցքի մասին», ինչը Նիկոլ Փաշինյանը, ով ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին բազմիցս մեղադրել է Մեղրիի փոխանակման ծրագիր քննարկելու մեջ, Ալիևի զգուշացումներն ընդամենը սադրանք է համարում, ինչպես նախապատերազմյան ժամանակաշրջանում հնչածները:

Ի դեպ, Քոչարյանի նախագահության օրոք  Մեղրիի տարբերակի շուրջ բանակցությունների մասին պնդող Վաղարշակ Հարությունյանն այսօր զբաղեցնում է ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնը, իսկ  Քոչարյանի ժամանակ  դեսպան աշխատած Սուրեն Սահակյանը՝ փոխնախարարի:

«Այո, գնում էր բանակցություններ դրա վերաբերյալ՝ Մեղրիի փոխանակում՝ Ղարաբաղի կարգավիճակի դիմաց: Նախաձեռնությունը, չեմ կարող ասել՝ հստակ ումն էր,  բայց դա ավելի շատ ամերիկյան պրոյեկտ էր, ուզում էին այդ ձևով խաղաղություն հաստատել: Եվ մեր բարձր ղեկավարությունը գնում էր այդ բանակցություններին, քննարկում էր այդ տարբերակը բավականին լուրջ: Ռուսները շատ էին զարմացած: Ես դրա մասին իմացա արդեն 1999-ի  նոյեմբերին, որ նման բան է գնում, պաշտպանության նախարարն էր այդ ժամանակ այցով պաշտպանական, ռազմական իր գործերով՝ Վաղարշակ Հարությունյանը, ՌԴ ԱԳՆ-ից խնդրեցին, որ ուզում են իր հետ հանդիպել: Գնացինք ԱԳՆ՝ ես, Վաղարշակ Հարությունյանը, ռազմական կցորդը, հանդիպում ունեցանք իրենց արտգործնախարարի տեղակալի հետ, և այդ հանդիպումից պարզ դարձավ, որ ռուսներին այդ տարբերակը… առաջին հարցն ինձ տվեցին՝ դա ձեզ ձե՞ռք է տալիս, որ գնում եք այդ տարբերակին և այդպես: Իրենք մի քիչ անակնկալի էին, մի քիչ էլ՝ անհանգիստ, որովհետև դա բավականին գեոպոլիտիկ քայլ կլիներ՝ Մեղրիի փոխանակումը: Պարսիկներն էլ էին շատ անհանգստացած, Մոսկվայում իրենց դեսպանի հետ զրույցների ժամանակ զգացվում էր դա»,- «Առաջին լրատվական»-ին տված մի հարցազրույցում ասել էր Սահակյանը:

Այսօր այս երկու անձինք լռում են կամ  վստահեցնում, թե Մեղրին վտանգված չէ:

Լուռ է նաև ժամանակին ՀՀ պաշտպանության նախկին փոխնախարար Վահան Շիրխանյանը, ով տարիներ առաջ  «Առաջին լրատվականի» հրապարակմանն էր տրամադրել  բաց նամակ՝ ուղղված ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին, որում նշվում  էր. «1999թ. սեպտեմբեր. Վազգենը վերադարձավ ամերիկյան գործուղումից կատաղած (ի դեպ, մեկնելուց առաջ նա վարչապետի ժամանակավոր պաշտոնակատար նշանակեց ինձ, ինչպես և այլ դեպքերում, երբ նա գործուղման մեջ էր լինում), հրավիրեց իր մոտ և բառացի ասաց հետևյալը. «այս տականքը (քո մասին է) համաձայնել է Մեղրին փոխանակել Լաչինի հետ»։

2019-ի ապրիլի 19-ին այսօր Նիկոլ Փաշինյանին պաշտպանող, նրա գործողությունները, մեղքերը սրբագրող Սամվել Բաբայանը լրագրողների հետ հանդիպմանն անդրադառնալով Շիրխանյանի նամակի՝ Մեղրիին վերաբերող հատվածին, պնդել էր՝ իր հետ որևէ խոսակցություն Մեղրին հանձնելու մասին չի եղել:

«Մեղրին 49 կմ հատված ունի իրա բանում, Ղարաբաղի հսկողության տակ 110 կմ է։ Եթե 1999 թվականին բանակցություններ էր գնում, ոնց որ  իրենք են ասում, որ Մեղրիի այդ 49 կմ հատվածը հանձնեն, ապա ես այնտեղ հրամանատար էի, առանց ինձ այդ 110 կմ-ն կարողանալո՞ւ էին հանձնել։ Ինձ հետ պետք է բանակցեին, չէ՞, ինձ հետ որևէ բանակցություն չի եղել, Մեղրու հարց էլ ընդհանրապես լսած չկամ։ Եթե պիտի համաձայնեցներ, ապա ինձ հետ պիտի համաձայնեցներ Վազգենը, եթե ինձ հետ չի համաձայնեցնում, ապա հարց է ծագում՝ ո՞նց կարող էին հանձնել: Եթե մի դիպուկահար կրակում ա, գալիս ինձ հետ համաձայնեցնում են,  կարո՞ղ ա Մեղրին հանձնում են՝ ինձ հետ չեն խոսում։ Դուք ո՞նց եք պատկերացնում: Ինձ հետ նման խոսակցություն չի եղել»:

Ինքը՝ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, մի հարցազրույցում ասել էր, թե  «Մեղրին հանձնելու տարբերակը Փոլ Գոբլի առաջարկն է, որը շրջանառության մեջ է դրվում պարբերաբար»:

«Տարածքների փոխանակման սկզբունքներ» կոչվող տարբերակն ընդամենը մեկ անգամ քննարկվել է համանախագահող երկրներից մեկի ներկայացուցչի հետ: Եթե պատասխանը դրական լիներ, ապա այն հետագայում կմշակվեր ու կդառնար Մինսկի խմբի առաջարկ: Այդ տարբերակը մերժել է և հայկական, և ադրբեջանական կողմը: Մեր իշխանավարման ընթացքում տարածքների փոխանակման սկզբունքները մերժել ենք`պատճառաբանելով, որ չենք կարող կորցնել Իրանի հետ սահմանը»:

Վերադառնալով Շիրխանյանի նամակին, հիշեցնենք, որ Aniarc.am-ի փոխանցմամբ2000-2001թթ., երբ բանակցում էին Ռոբերտ Քոչարյանն ու Հեյդար Ալիևը, կրկին քննարկման նյութ էր դարձել Լաչինի միջանցքի հարցը։

Երևանը պահանջում էր, որ Լաչինի միջանցքը ունենա նույն կարգավիճակը, ինչ Արցախը, այսինքն՝ Ադրբեջանի կազմից դուրս։ Այդ ժամանակ Ալիևն առաջարկել էր միջանցք տրամադրել, որպեսզի Ադրբեջանը կապվի Նախիջևանի հետ և ունենա նույն կարգավիճակը, ինչ Լաչինի միջանցքը։ Բացի այդ, Ալիևը պահանջում էր, որ Ադրբեջանը միջանցք ստանա դեպի Շուշի, որտեղ պետք է վերադառնային ադրբեջանցի փախստականները: Իսկ 2001-ի հուլիսին Ռուսաստանի արտգործնախարարի տեղակալ Վյաչեսլավ Տրուբնիկովը Երևանում նախագահ Ռոբերտ Քոչարյանի և հայ պաշտոնյաների հետ զրույցում նշել էր, որ կենտրոնանալու են երեք հիմնական հարցի վրա․

1. Ադրբեջանցի փախստականների վերադարձ Շուշի,

2. Ադրբեջանի կապը Շուշիի հետ,

3. Ադրբեջանի ելքը Նախիջևան՝ Մեղրիով։

Aniarc.am-ի ներկայացրած  մեկ այլ զրույցի սղագրության մեջ, որը տեղի է ունեցել 2001-ի գարնանը ԱՄՆ պետքարտուղար Քոլին Փաուելի և հայ բարձրաստիճան պաշտոնյաների միջև՝ նախքան Քի Վեսթը՝ 2001-ի ապրիլի 3-6-ը, նշվում է, որ քննարկվում է չորս հիմնական սկզբունք.

1. Արցախի կարգավիճակ,
2. Հայաստանի կապը Արցախի հետ,
3. Ադրբեջանի կապը Նախիջևանի հետ,
4. Ադրբեջանցի փախստականների վերադարձի հարցը Շուշի:

Հանդիպման ընթացքում նշվել էր, որ Հայաստանը 20 կմ լայնքով միջանցք է պահանջում Արցախի հետ անխոչընդոտ կապն ապահովելու նպատակով, ինչը պայմանավորված է ոչ թե Ադրբեջանից տարածքներ վերցնելու մղումով (քանի որ դրանք փոխհատուցվելու են նախկին ԼՂԻՄ սահմանային շրջաններից), այլ նաև անվտանգության նկատառումներով:

Ադրբեջանը պահանջել էր, որ Նախիջևանի հետ իր կապը որոշվի ասիմետրիայի սկզբունքով, ինչն անընդունելի էր Հայաստանի համար:

Երևանը դեմ էր միջանցքների ասիմետրիային, քանի որ Արցախն անկլավ է, չունի երրորդ երկրի հետ սահման (կարգավորման բոլոր առաջարկներով՝ հայկական ուժերը դուրս են բերվում մերձարաքսյան հատվածից, և Արցախը կորցնում է ցամաքային շուրջ 100 կմ երկարությամբ կապն Իրանի հետ), մինչդեռ Նախիջևանը ցամաքային սահման ունի Թուրքիայի և Իրանի հետ։

Այսինքն, եթե հայկական ուժերը գրավեն Նախիջևանն Ադրբեջանին կապող ճանապարհ/միջանցքը, ապա Նախիջևանը կմնա էքսկլավ ու կպահպանի ընդհանուր սահմանները Թուրքիայի և Իրանի հետ, մինչդեռ, եթե ադրբեջանական ուժերը գրավեն Լաչինի միջանցքը, ապա Արցախը կղզու կվերածվի Ադրբեջանի մեջ, ինչպես ԼՂԻՄ-ն էր Խորհրդային Ադրբեջանի ժամանակ։

Բացի այդ, երբ Լաչինի միջանցքը տրամադրվում է Հայաստանին, ապա դրանից Ադրբեջանը երկու մասի չի կիսվում, մինչդեռ, եթե Ադրբեջանին տրվում է տարածք Նախիջևանի հետ կապվելու համար, ապա Հայաստանը կիսվում է երկու մասի (եթե տարածքը Արաքս գետի երկայնքով չէ): Իսկ եթե տարածքը տրվում է Մեղրիում՝ Արաքսի երկայնքով, ապա Հայաստանը զրկվում է Իրանի հետ սահմանից և Արաքս գետի այդ հատվածից: Հաշվի առնելով այս ամենը, հայկական կողմը մերժելի էր համարում տարածք կամ միջանցք տրամադրել Ադրբեջանին, բայց դեմ չէր, եթե Ադրբեջանը Նախիջևանի հետ կապվի 40 կիլոմետրանոց էստակադայով՝ կամրջակապով (overpassing elevated road), որը կարող էր լինել Ադրբեջանի սեփականությունը:

Aniarc.am-ի փոխանցմամբ, եվրոպացի մեկ այլ բարձրաստիճան պաշտոնյայի հետ զրույցում ՀՀ բարձրաստիճան պաշտոնյաներից մեկը 2001-ի հոկտեմբերին այսպիսի մանրամասներ էր պատմել.

«Արցախի կարգավիճակի հարցը կոնֆիդենցիալ է։ Ոչ մամուլի համար, բայց ասեմ, որ Արցախը տրվում էր Հայաստանին, և կապն իրականացվելու էր Լաչինի միջոցով, որը նույնպես տրվելու էր Հայաստանին: Այդ տարածքի անվտանգությունը երաշխավորվելու էր, հավանաբար, ՄԱԿ-ի ուժերով: Ադրբեջան-Նախիջևան կապն անցնելու էր Հայաստանի տարածքով, և տարաձայնությունը հենց այստեղ էր: Ալիևը ուզում էր սուվերեն իրավունք ունենալ այդ ճանապարհի նկատմամբ, իսկ հայկական կողմը դրան դեմ էր:

Թեև այսօր Քոչարյանին մեղադրում են, թե իբր նա Մեղրիի շրջանը պատրաստվում էր զիջել Ադրբեջանին, դա, մեղմ ասած, հեռու է իրականությունից։ Քոչարյանը 1999-ին, 2000-ին և 2001-ին բանակցել է Մեղրիով Ադրբեջանին ճանապարհ/միջանցք տրամադրելու տարբերակը։ Քննարկումների ընթացքում, բնական է, հայկական կողմը մտահոգություն էր հայտնել, որ վտանգվում է Իրանի հետ ցամաքային կապը։

Միջազգային միջնորդները, հաշվի առնելով Հայաստանի և նաև Իրանի մտահոգությունները, առաջարկել են տարբերակ, ըստ որի՝ Հայաստանը և Իրանը Արաքսի վրայով ունենում են ցամաքային երկու ճանապարհ։ Այսպիսով, Ադրբեջանը Նախիջևանի հետ և Հայաստանը Իրանի հետ կապող երկու ցամաքային միջանցք/ճանապարհները երկու տեղում խաչաձևվում են»:

Ամիսներ առաջ 168.am-ի հետ զրույցում Alikonline-ի պատասխանատու-խմբագիր Արամ Շահնազարյանը նշել էր, թե այդ պահի դրությամբ իրանական կողմին մտահոգում է Մեղրիի պահը, այն միջանցքը, որ պետք է տրամադրվի, առհասարակ, Զանգեզուրի և ՀՀ-ի հարավային շրջանների ճակատագիրը:

«Արդեն իրանական փորձագիտական շրջանակները փորձում են գեներացնել այն տեսակետը, որ, եթե պիտի Մեղրիի միջանցք տրվի Ադրբեջանի և Նախիջևանի միջև կապ հաստատելու համար, այդ դեպքում պետք է համարժեք և համաչափ մի միջանցք էլ տրվի Նախիջևանի տարածքով, որպեսզի Իրանը կարողանա կապ ունենալ ՀՀ-ի հետ, ինչո՞ւ չէ՝ ՀՀ-ի վրայով դեպի հյուսիս: Այս մասին արդեն խոսում են և հարաբերականորեն անվանում են «խաղաղության միջանցք»»,- նշել էր Արամ Շահնազարյանը:

Հիշեցնենք, որ 2018-ի հոկտեմբերին «Ազատություն» ռադիոկայանի հայկական ծառայությանը տված հարցազրույցում Ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնը, ով արդեն հասցրել էր հանդիպել Նիկոլ Փաշինյանի հետ, ասել էր.

«Կարծում եմ, որ ներկայիս հանգամանքներն ընդգծում են Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի շուրջ փոխադարձ համաձայնության հասնելու կարևորությունը, քանի որ, եթե դա տեղի ունենա, կբացվի հայ-ադրբեջանական սահմանը: Թուրքիայի հետ սահմանը, կարծում եմ, ևս կբացվի: Եվ կարծում եմ, որ Վրաստանի հետ սահմանը կարող է ավելի քիչ անհանգստություն առաջացնել այն առումով, թե ինչ ճնշում կգործադրեն նրանց նկատմամբ ռուսները: Իրանի հետ սահմանը լուրջ խնդիր կլինի, որովհետև, ինչպես ես բացատրեցի վարչապետին, մենք ցանկանում ենք առավելագույն ճնշում գործադրել Իրանի նկատմամբ, քանի որ այն չի հրաժարվել միջուկային զենք ստեղծելու ջանքերից»:

Թե որքանով է կարողացել Բոլթոնը համոզել Նիկոլ Փաշինյանին, թողնենք առանց մեկնաբանության…

168.am