Ամերիկյան ԶԼՄ–ները հայտնում են, որ Բայդենը պատրաստվում է ճանաչել Հայոց ցեղասպանությունը

76

Ըստ New York Times- ի աղբյուրների՝ ապրիլի 24-ին ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի վարչակազմը հանդես կգա հայտարարությամբ`ճանաչելով Հայոց ցեղասպանությունը:

«Այս գործողությունը ազդարարելու է, որ Ամերիկայի նվիրվածությունը մարդու իրավունքներին գերազանցում է Թուրքիայի հետ ԱՄՆ դաշինքն էլ ավելի քայքայելու ռիսկը», – գրում է պարբերականը։

Ավելի վաղ ԱՄՆ սենատորները կոչ էին արել ճանաչել ցեղասպանությունը:

Իսկ օրերս, TASC-ը (Թուրք–ամերիկյան ազգային ղեկավար կոմիտե) ու ԱՄՆ-ում բնակվող թուրքական սփյուռքը բաց նամակ են գրել Բայդենին, որ «կարևոր է, որ ձեր ապրիլի 24-ի նախագահական հայտարարությունը օսմանյան-հայկական ողբերգությունը չորակի որպես ցեղասպանություն… Հաշտեցում, բայց ոչ ցեղասպանության մեղադրանքներ. ահա արդար ճանապարհը»։

Դոնալդ Թրամփը նման հայտարարություն չի արել՝ վախենալով Թուրքիայի հետ հարաբերությունների վատթարացումից, իսկ Բայդենի վարչակազմը, չնայած Թուրքիայի հետ հարաբերությունները ապաքինելու ցանկությանը, թուրք–ամերիկյան հարաբերությունների առկա ֆոնին չի խորշի ճանաչել այն։

Reuters-ի աղբյուրը հայտնում է, որ ապրիլի 24-ին, երբ ողջ աշխարհում տեղի են ունենում ոգեկոչման արարողություններ, Բայդենն ամենայն հավանականությամբ իր հայտարարության մեջ կօգտագործի «ցեղասպանություն» եզրույթը։

The Guardian-ի պաշտոնական աղբյուրները հաստատում են, որ ակնկալվում է Բայդենի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումը, ինչը նրա խոստումներից է։ Ըստ պարբերականի՝ դա կարող է էլ ավելի խճճել Թուրքիայի առաջնորդ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ հարաբերությունները։ ԱՄՆ վարչակազմը դրա մասին դեռ չի տեղեկացրել Թուրքիային, և Բայդենը դեռ կարող է փոխել իր միտքը. ասում են Associated Press–ի աղբյուրները։

CNN-ի աղբյուրները նույնպես հայտնում են, որ Բայդենն իր հայտարարության մեջ կճանաչի ցեղասպանությունը։ Լրատվամիջոցը նաև հիշեցրել է, որ Բայդենը խոստացել էր դա անել իր նախընտրական քարոզարշավի ժամանակ։

Ամերիկյան հայտնի The National Interest հրատարակությունն իր հրապարակման մեջ գրում է, որ սպասվում է, որ այս ամիս Ջո Բայդենը կդառնա ԱՄՆ առաջին նախագահը, որը կճանաչի Հայոց ցեղասպանությունը:

Էրդողանի համար դա դժվար կլինի դա կուլ տալ, և, հավանաբար, կոշտ արձագանք կլինի: Վաշինգտոնի կողմից ցեղասպանության ճանաչումը կարող է վտանգել ԱՄՆ մուտքը ինչպես Ինջիրլիք, այնպես էլ Թուրքիայում գտնվող այլ ռազմաբազաներ:

Հրապարակումը նշում է նաև, որ Ղարաբաղյան պատերազմի ընթացքում Թուրքիայի ազգային հետախուզական գործակալության միջոցով Էրդողանը Լեռնային Ղարաբաղ է ուղարկել ջիհադիստներին, ովքեր գլխատում էին խաղաղ բնակիչներին, խեղում մահացածների մարմինները և վտարում հազարավոր էթնիկ հայերի իրենց տներից: