Փաշինյանը մտածում էր՝ Սյունիքի այցն էլ «Լենինը և երեխաները» նկարի շրջանակում կանցնի. Քաղտեխնոլոգ

123

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն առանց նախապես զգուշացնելու այցելեց Սյունիքի մարզ, քանի որ վախենում էր մարդկանց արձագանքից։ «Փաստինֆո»-ի հետ զրույցում այս մասին ասաց քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանը։

«Երևի մտածում էր, որ էլի ինչ-որ ձևով դպրոցականների, մանկապարտեզի երեխաների կբերեն, կանցնի ու կգնա։ Քանի որ նրա մի քանի այցերն անցան «Լենինը և երեխաները» նկարի շրջանակում, մտածում էր, որ Սյունիքում էլ է նույնը լինելու։ Չէր պատկերացնում, որ այլ կերպ կլինի։ Նա PR-ի համար էր Սյունիք գնացել, որպեսզի հետո հեռուստացույցով ներկայացնեին, թե ինչ լավ են երեխաներն ընդունել ազգի կապիոտւլյանտին»,-ասաց քաղտեխնոլոգը։

Հարցին՝ արդյոք կապ տեսնո՞ւմ է Ալիևի վերջին հայտարարության և վարչապետի այցի միջև, Կարեն Քոչարյանը նկատեց՝ չգիտի Նիկոլ Փաշինյանն այդ այցը նախօրոք պլանավորել էր, թե ոչ. «Չեմ կարող ասել կապ կա, թե ոչ, որովհետև կարող է որևէ կերպ կապված չլինել։ Հիմա Հայաստանում ոչ մի բանը ոչ մի բանի հետ կապված չէ։ Տոտալ քաոս է»,-նշեց քաղտեխնոլոգը։

Վերջինս նշեց, որ վարչապետն ուղղակի նախընտրական քարոզարշավն է իրականացնում։ Ինչ վերաբերում է Սյունիքում կուտակված հատուկջոկատայիններին և ոստիկանական ուժերին, Կարեն Քոչարյանը նկատեց՝ դա արդեն բոլորի համար պետք է սովորական դարձած լիներ, քանի որ եթե վարչապետը Երևանում օրը ցերեկով է այդպես պտտվում, ապա ինչու՞ Սյունիքում չպետք է այդպես շրջեր։

«Արդեն մի քանի ամիս է, որ նրանց հենց այդպես ենք տեսնում։ Մետրոները, հեծանիվներն անցյալում են մնացել։ Փաշինյանը փորձում է ինչ-որ կերպ ցույց տալ, որ աջակցություն ունի։ Այն ինչ տեղի ունեցավ Արմավիրում, Վայոց ձորում երեխաների շրջապատում, ծիծաղելի էր, բայց գոնե կարողանում էր ինչ-որ բան ցույց տալ և իր պրոպագանդայի մեքենան փորձում էր ոչ գիտակից մասսայի ուղեղը հերթական անգամ լվանալ»,-նշեց քաղտեխնոլոգը։

Աղբյուր` Փաստինֆո