Վարձկանության մեջ մեղադրվող սիրիացների գործն ուղարկվել է Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարան.Հետք

149

Վարձկանության հոդվածով մեղադրվող, Սիրիայի Արաբական Հանրապետության քաղաքացիներ Մուհռաբ Մուհամմադ ալ-Շխերիի և Յուսեֆ Ալաբեդ ալ-Հաջիի գործն ուղարկվել է Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարան, մակագրվել դատավոր Նապոլեոն Օհանյանին։ Այս մասին տեղեկանում ենք «Դատալեքս» դատական-տեղեկատվական համակարգից, որտեղ մանրամասներ են ներկայացված սիրիացիների մեղադրանքից։

Ըստ «Դատալեքս»-ում առկա տեղեկատվության՝ Մուհռաբ Մուհամմադ ալ-Շխերիին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա չհանդիսանալով Ադրբեջանի Հանրապետության քաղաքացի, մշտապես չբնակվելով դրա տարածքում, ընդգրկված չլինելով Ադրբեջանի Հանրապետության զինված ուժերի անձնակազմում, այլ հանդիսանալով Սիրիայի Արաբական Հանրապետության քաղաքացի, Սիրիայի Արաբական Հանրապետության կամ այլ պետության կողմից ուղարկված չլինելով Ադրբեջանի Հանրապետության զինված ուժերի կազմում պաշտոնեական պարտականություններ կատարելու համար, նյութական հատուցում ստանալու դիմաց, կազմակերպված խմբի կազմում մասնակցել է

Ադրբեջանի Հանրապետության ռազմաքաղաքական ղեկավարության կողմից 2020 թվականի սեպտեմբերի 27-ից սանձազերծված ագրեսիվ պատերազմին, որի ընթացքում իր գործողություններն ուղղված են եղել Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության տարածքում քաղաքացիական անձանց և զինված ընդհարման ժամանակ ռազմական գործողություններին ակտիվորեն չմասնակցող անձանց մահ կամ ծանր մարմնական վնաս պատճառելուն, իսկ այդ գործողությունների նպատակն իր բնույթով և էությամբ հանդիսացել է բնակչությանն ահաբեկելը՝ ապակայունացնելով Արցախի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության ներքին վիճակը։

Այսպես՝ ըստ գործի՝ Սիրիայի Արաբական Հանրապետությունում բնակվող և «Սուլթան Սուլեյման շահ» ահաբեկչական խմբավորման ղեկավար հանդիսացող՝ Աբու Համշա մակնվամբ Մուհամմադ ալ-Ջասիմը նախապես հավաքագրված լինելով Թուրքիայի Հանրապետության հատուկ ծառայությունների կողմից, նրանցից ակնհայտ ապօրինի հրահանգ է ստացել Ադրբեջանի Հանրապետության կողմից Արցախի Հանրապետության դեմ նախապատրաստվող պատերազմին որպես վարձկաններ մասնակցելու նպատակով հավաքագրել Սիրիայի Արաբական Հանրապետությունում բնակվող անձանց:

Իր հանցավոր մտադրությունը և հովանավորյալ երկրի հատուկ ծառայությունների, ինչպես նաև ռազմաքաղաքական ղեկավարության ակնհայտ ապօրինի հրահանգն իրականացնելու նպատակով՝ Աբու Համշա մակնվամբ Մուհամմադ ալ-Ջասիմին Սիրայի Արաբական Հանրապետության տարածքում տարբեր անձանց միջոցով սկսել է հավաքագրել նյութապես ծանր վիճակի մեջ գտնվող անձանց:

2020 թվականի հունիս ամսին Մուհռաբ Մուհամմադ Ալ Շխերիին դիմել է Սիրիայի Արաբական Հանրապետության գործող «Սուլթան Սուլեյման Շահ» ղեկավար Աբու Համշա մականվամբ Մուհամմադ ալ-Ջասիմիի ներկայացուցիչ «Աբու Հուսեյն 23» անունով անձը և առաջարկել է համապատասխան զորավարժություններ անցնելուց հետո մեկնել Ադրբեջան՝ ամսական 2.000 ԱՄՆ դոլարի դիմաց Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության դեմ պլանավորված ռազմական գործողություններին մասնակցելու համար։

Ըստ մեղադրանքի՝ «Աբու Հուսեյն 23»  անունով անձի առաջարկությունն ընդունելուց հետո, 2020 թվականի հունիս ամսից մինչև սեպտեմբեր ամսն ընկած ժամանակահատվածում, ի թիվս այլ վարձկանների, Մուհհռաբ Մուհամմադ Ալ Շխերին տեղափոխվել է Սիրիայի Արաբական Հանրապետության Շեյհ Հադիդ գյուղ, որտեղ երեք ամիս տևողությամբ շուրջ 500 վարձկանների հետ միասին մասնակցել է ֆիզիկական, մարտական և ռազմական պատրաստվածության դասընթացներին:

Ֆիզիկական, մարտական և ռազմական պատրաստվածության դասընթացների ավարտից հետո, 2020 թվականի հոկտեմբերի 17-ին  «Աբու Հուսեյն 23» անունով անձի կազմակերպմամբ ի թիվս այլ 17 վարձկանների Մուհհռաբ Մուհամմադ Ալ Շխերիին «Կիա» մակնիշի բեռնատար ավտոմեքենայով տեղափոխվել է Ալ Ղուս անցակետ, որտեղ հավաքվել են ընդհանուր շուրջ 250 վարձկաններ, որից հետո ավտոմեքենաներով տեղափոխվել են Քիլիս քաղաքի հարակից տարածք։ Հիշյալ վայրում գտնվել են «Սուկուր», «Համզաթ» և այլ խմբավորումների հրամանատարական կազմերը, ովքեր գործել են «Սուլթան Սուլեյման շահ» խմբավորման ղեկավար Աբու Համշա մականվամբ Մուհամմադ ալ-Ջասիմիի ենթակայությամբ։ Ղեկավար կազմից գնդապետ Մահմուդ անունով անձի կողմից ընտրվել են իրենց պահանջներին բավարարող ընդհանուր թվով 250 վարձկաններ, այդ թվում՝ Մուհհռաբ Մուհամմադ Ալ Շխերին, որոնք բաժանվել են հինգ խմբերի։

Նույն օրը՝ ժամը 23։00-ի սահմաններում, նշված հինգ խմբերում ընդգրկված ընդհանուր 250 անձինք, խմբավորման ղեկավար Աբու Համշա մականվամբ Մուհամմադ ալ-Ջասիմիի ղեկավարությամբ, անարգել հատել են Սիրիայի Արաբական Հանրապետության և Թուրքիայի Հանրապետության պետական սահմանը, որի ընթացքում Թուրքիայի Հանրապետության սահմանը հսկող պաշտոնատար անձանց կողմից չեն պահանջվել և չեն ստուգվել նրանց անձնագրերը կամ անձը հաստատող որևէ փաստաթղթեր, նրանց տեղափոխման նպատակի վերաբերյալ ստուգողական հարցեր չեն տրվել, ավելին՝ սահմանահատումն իրականացվել է վերջիններիս ակնհայտ ապօրինի թույլտվությամբ։

Նույն եղանակով նշված 250 վարձկանները՝ այդ թվում Մուհռաբ Մուհամմադ Ալ Շխերիին, անարգել Թուրքիայի Հանրապետության դրոշը կրող քաղաքացիական ինքնաթիռներով տեղափոխվել են Թուրքիայի Հանրապետության քաղաքացիական մեկ օդանավակայանից մյուսը, որտեղ իրենց են դիմավորվել շուրջ 50 թուրք զինվորականներ:

Վերջիններիս ուղեկցությամբ ի թիվս այլ վարձկանների Մուհհռաբ Մուհամմադ Ալ Շխերին Ադրբեջանի Հանրապետության դրոշը կրող ինքնաթիռով 2020 թվականի հոկտեմբերի 18-ին՝ առավոտյան տեղափոխվել է Ադրբեջանի Հանրապետության քաղաքացիական օդանավակայան, որտեղ նրանց դիմավորել են Ադրբեջան Հանրապետության զինված ուժերի համազգեստով ավելի քան 3 0 զինվորականներ, ովքեր, հաստատապես տեղյակ լինելով Մուհհռաբ Մուհամմադ Ալ Շխերիի և մյուս վարձկանների կողմից գումարի դիմաց Արցախի Հանրապետության և

Հայաստանի Հանրապետության դեմ սանձազերծված պատերազմին մասնակցելու նպատակի մասին, առանց որևէ հարց ուղղելու, անձնագրերը պահանջելու կամ ստուգելու, նստեցրել են ավտոմեքենաները և տեղափոխել Ադրբեջանի ռազմական օբյեկտներից մեկը, որտեղ նրանք մնացել են յոթ օր, որի ընթացքում «Սուլթան Սուլեյման շահ» խմբավորման ղեկավար Աբու Համշա մականվամբ Մուհամմադ ալ-Ջասիմին, թուրք և ադրբեջանցի զինվորականների կողմից պարբերաբար իրականացվել են նախապատրաստվող ռազմական գործողությունների վերաբերյալ քննարկումներ, որոնց ընթացքում վերջիններիս կողմից ագրեսիվ պատերազմի հրապարակային կոչեր են հնչել, այն է՝ չխնայել որևէ անձի կյանք, բոլոր հայերին գլխատել և սպանել:

Բացի այդ, վարձկանները ստացել են Ադրբեջանի զինված ուժերի տարբերանշանով համազգեստ և զենք, մասնավորապես՝ 50 անձից բաղկացած յուրաքանչյուր խմբին հատկացվել է «ՌՊԳ» ձեռքի հակատանկային նռնականետ, ռուսական արտադրության «ՊԿՍ» և «Կալանշնիկով» մոդելի ավտոմատներ։ Խմբավորման ղեկավար Աբու Համշային հատկացվել է նաև սպիտակ գույնի «Տոյոտա» մակնիշի պիկապ տեսակի ավտոմեքենա։

2020 թվականի հոկտեմբերի 25-ին Մուհհռաբ Մուհամմադ Ալ Շխերին, «Սուլթան Մուրադ» խմբավորման վերոնշյալ մյուս անդամների և «Սուլթան Սուլեյման շահ» խմբավորման ղեկավար Աբու Համշա մականվամբ Մուհամմադ ալ-Ջասիմին ղեկավարությամբ, տեղակայվել են վերջիններիս հատկացված առանձին ռազմական օբյեկտում, որտեղ արդեն իսկ տեղակայված են եղել նույն խմբավորման շուրջ 180 անդամներ։

2020 թվականի հոկտեմբերի 29-ին՝ ժամը 04։00-ի սահմաններում «Սուլթան Սուլեյման Շահ» խմբավորման ղեկավար Աբու Համշայի կողմից Մուհհռաբ Մուհամմադ Ալ Շխերին և խմբավորման մյուս՝ ընդհանուր 250 անդամներին, հրաման է տրվել տրվել պատրաստվել ռազմական գործողության, այն է՝ հարձակվել հայկական գյուղի վրա, գրավել այն, իսկ տեղի քաղաքացիական բնակչությանը և զինվորականներին սպանել, գլխատել, ինչպես նաև Արցախի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության ներքին վիճակն ապակայունացնելու նպատակով իրականացնել հրկիզումներ և պայթյուններ։

Իրենց հանցավոր նպատակն իրագործելու ուղղակի դիտավորությամբ Մուհհռաբ Մուհամմադ Ալ Շխերին և «Սուլթան Սուլեյման Շահ» խմբավորման մյուս անդամները Շեյխ Իբրահիմ անունով անձի և երկու ադրբեջանցի զինվորականների ուղեկցությամբ, մոտեցել են հայկական գյուղին, ապա վերջիններիցս կրկին հրաման են ստացել հարձակվել գյուղի վրա և ոչնչացնել տեղի քաղաքացիական բնակչությանը և զինվորականներին։

Թվով 150 վարձկանների հետ Մուհհռաբ Մուհամմադ ալ-Շխերին փաստացի մասնակցելով ռազմական գործողություններին և սկսելով հարձակումը, իր դիտավորյալ գործողություններն ավարտին չի հասցրել իր կամքից անկախ հանգամանքներում, քանի որ 2020 թվականի հոկտեմբերի 31-ին՝ ժամը 14.00-ի սահմաններում, Հայաստանի Հանրապետության Սյունքի մարզի բնակավայրերի մոտակայքում հանդիպելով Հայաստանի Հանրապետության զինված ուժերի դիմադրությանը, վնասազերծվել է և հանձնվել Հայաստանի Հանրապետության իրավապահ մարմիններին։

Ըստ քրեական գործի՝  մյուս մեղադրյալին՝ Յուսեֆ Ալաբեդ ալ-Հաջիին  ռազմական գործողություններին մասնակցելու առաջարկությունն արել է Սիրիայի Արաբական Հանրապետության Իդլեբ նահանգի Ջըսըր ալ-Շղուր քաղաքի Սահան գյուղի բնակիչ՝ Աբու Ահմադ մականվամբ Իբրահիմ Ռաբ Ալ Այալը։

Աբու Ահմադ մականվամբ Իբրահիմ Ռաբ Ալ Այալի առաջարկությունն ընդունելուց հետո, 2020 թվականի հունիս ամսից մինչև սեպտեմբեր ամիսն ընկած ժամանակահատվածում, ի թիվս այլ վարձկանների, Յուսեֆ Ալաբեդ Ալ Հաջին տեղափոխվել է Սիրիայի Արաբական Հանրապետության Շեյհ Հադիդ գյուղ, որտեղ երեք ամիս տևողությամբ շուրջ 500 վարձկանների հետ միասին մասնակցել է ֆիզիկական, մարտական և ռազմական պատրաստվածության դասընթացներին:

Ֆիզիկական, մարտական և ռազմական պատրաստվածության դասընթացների ավարտից հետո, 2020 թվականի սեպտեմբերի 25-ին Յուսեֆ Ալաբեդ Ալ Հաջին տեղափոխվել է Սիրիայի Արաբական Հանրապետության տարածքում գտնվող Բաբ Ալ Սալամ սահմանային անցակետ, որը գտնվել է Սիրիայի Արաբական Հանրապետության հյուսիսային հատվածում գործող «Սուլթան Սուլեյման շահ» ահաբեկչական խմբավորման ղեկավար Աբու Համշա մականվամբ Մուհհամադ ալ-Ջասիմին հսկողության ներքո։ Հիշյալ անցակետում գտնվել են ևս բազմաթիվ սիրիացի արաբներ, ովքեր նույնպես վարձատրության դիմաց համաձայնություն են տվել մեկնել Ադրբեջան, ապա մասնակցել Արցախի Հանրապետության դեմ սանձազերծած ագրեսիվ պատերազմին։

Այնուհետև, նշված անցակետում գտնվող Աբու Համշա մականվամբ Մուհհամադ ալ-Ջասիմիի եղբայր՝ Սեյֆ անունով անձը հայտարարել է, որ մեկնողները պետք է ստանան ամսեկան 2.000 ԱՄՆ դոլար վարձատրություն:

Հիշյալ անցակետում գտնվող բազմաթիվ անձանցից Ադրբեջան տեղափոխվելու նպատակով Սեյֆ անունով անձի կողմից ընտրվել են 20-ից մինչև 40 տարեկան թվով 500 սիրիացի արաբ՝ այդ թվում Յուսեֆ Ալաբեդ Ալ Հաջին, ովքեր Սեյֆ անունով անձի ուղեկցությամբ նշված անցակետով անարգել հատել են Սիրիայի Արաբական Հանրապետության և Թուրքիայի Հանրապետության պետական սահմանը, որի ընթացքում Թուրքիայի Հանրապետության սահմանը հսկող պաշտոնատար անձանց կողմից չեն պահանջվել և չեն ստուգվել նրանց անձնագրերը կամ անձը հաստատող որևէ փաստաթղթեր, նրանց տեղափոխման նպատակի վերաբերյալ ստուգողական հարցեր չեն տրվել, ավելին՝ սահմանահատումն իրականացվել է վերջիններիս ակնհայտ ապօրինի թույլտվությամբ։

Նույն եղանակով նշված 500 վարձկանները՝ այդ թվում Յուսեֆ Ալաբեթ Ալ Հաջին, անարգել Թուրքիայի Հանրապետության դրոշը կրող քաղաքացիական ինքնաթիռներով տեղափոխվել են Թուրքիայի Հանրապետության քաղաքացիական մեկ օդանավակայանից մյուսը, որից հետո Ադրբեջանի Հանրապետության դրոշը կրող ինքնաթիռով՝ Ադրբեջան։

Ինքնաթիռը վայրէջք է կատարել Ադրբեջանի տարածքում գտնվող քաղաքացիական օդանավակայանում, որտեղ Ադրբեջանի և Թուրքիայի զինված ուժերի զինծառայողների կազմակերպմամբ և թույլտվությամբ նշված 500 վարձկանները տեղափոխվել են Ադրբեջանի զինված ուժերին պատկանող ռազմական օբյեկտներից մեկը, որտեղ ստացել են անհատական համարանիշ՝ մետաղական վզնոցի տեսքով, լուսանկարվել են, ապա նրանց հատկացվել է Ադրբեջանի զինված ուժերի համազգեստ, զենք և զինամթերք։

Ադրբեջան ժամանելու երրորդ օրը Յուսեֆ Ալաբեդ ալ-Հաջին, մյուս վարձկանների հետ միասին, «Սուլթան Սուլեյման շահ» խմբավորման անդամ Շեյխ Իբրահիմ անունով անձի ուղեկցությամբ տեղափոխվել են Ադրբեջանում գտնվող մեկ այլ ռազմական օբյեկտ, որտեղ գտնվել է խմբավորման ղեկավար Աբու Համշա մականվամբ Մուհհամադ ալ-Ջասիմին՝ ևս 500 վարձկանների հետ, ովքեր տեղափոխված են եղել նշված ռազմական օբյեկտ դրանից շուրջ մեկ ամիս առաջ։

Նշված ռազմական օբյեկտում Յուսեֆ Ալաբեդ ալ-Հաջին և մյուս վարձկանները գտնվել են յոթ օր, որի ընթացքում «Ալ Ամշաթ» խմբավորման ղեկավար Աբու Համշա մականվամբ Մուհհամադ ալ-Ջասիմին, թուրք և ադրբեջանցի զինվորականների կողմից պարբերաբար իրականացվել են նախապատրաստվող ռազմական գործողությունների վերաբերյալ քննարկումներ, որոնց ընթացքում վերջիններիս կողմից ագրեսիվ պատերազմի հրապարակային կոչեր են հնչել, այն է՝ չխնայել որևէ անձի կյանք, բոլոր հայերին գլխատել, սպանել, ավելին՝ յուրաքանչյուր հայի կտրած գլխի ներկայացման համար վարձկաններին խոստացել են 100 ԱՄՆ դոլար պարգևավճար: Հայերին գլխատելու և դրա դիմաց պարգևավճարներ ստանալու նպատակով, ի թիվս այլ վարձկանների, Յուսեֆ Ալաբեթ ալ-Հաջիին տրամադրվել են մարդուն գլխատելու համար հարմարեցված երկար սայրով դանակներ։

Այնուհետև, «Սուլթան Սուլեյման շահ» խմբավորման ղեկավար Աբու Համշա մականվամբ Մուհհամադ ալ-Ջասիմիի կողմից 2020 թվականի հոկտեմբերի 27-ին Յուսեֆ Ալաբեթ Ալ Հաջին և նրա հետ եղած 150 վարձկաններին հրաման է տրվել պատրաստվել ռազմական գործողության, այն է՝ հարձակվել հայկական գյուղի վրա, գրավել այն, իսկ տեղի քաղաքացիական բնակչությանը և զինվորականներին սպանել, գլխատել, ինչպես նաև Արցախի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության ներքին վիճակն ապակայունացնելու նպատակով իրականացնել հրկիզումներ և պայթյուններ։

Իրենց հանցավոր նպատակն իրագործելու ուղղակի դիտավորությամբ, 2020 թվականի հոկտեմբերի 28-ին՝ ժամը 04.00-ի սահմաններում, Յուսեֆ Ալաբեդ Ալ Հաջին, թվով 150 վարձկանների, Շեյխ Իբրահիմ անունով անձի և երկու ադրբեջանցի զինվորականների ուղեկցությամբ մոտեցել են հայկական գյուղին, ապա վերջիններիցս կրկին հրաման են ստացել հարձակվել գյուղի վրա և ոչնչացնել տեղի քաղաքացիական բնակչությանը և զինվորականներին։

Թվով 150 վարձկանների հետ Յուսեֆ Ալաբեդ ալ-Հաջին փաստացի մասնակցելով ռազմական գործողություններին և սկսելով հարձակումը, իր դիտավորյալ գործողություններն ավարտին չի հասցրել իր կամքից անկախ հանգամանքներում, քանի որ 2020 թվականի նոյեմբերի 02-ին՝ ժամը 18.00-ի սահմաններում, Հայաստանի Հանրապետության Սյունքի մարզի Դավիթ Բեկ գյուղի մոտակայքում հանդիպելով Հայաստանի Հանրապետության զինված ուժերի դիմադրությանը, վնասազերծվել է և հանձնվել Հայաստանի Հանրապետության իրավապահ մարմիններին։

«Դատալեքսում» առկա է տեղեկատվություն այն մասին, որ ըստ Մուհռաբ Մուհամմադ ալ-Շխերիի բանավոր հայտարարության՝ վերջինս նախկինում դատապարտված է եղել անզգուշությամբ սպանություն կատարելու համար։

HETQ.AM