Սյունիքը Փաշինյանին չի ընդունում. Սյունիքի նախկին մարզպետ Վահե Հակոբյան

65

Քանի դեռ Նիկոլ Փաշինյանը զբաղեցնում է վարչապետի աթոռը` Ալիևի սպառնալիքները Սյունիքում միջանցք բացելու վերաբերյալ իրատեսական են: Այս մասին «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց Սյունիքի նախկին մարզպետ Վահե Հակոբյանը:

Ինչպես արդեն հայտնել ենք՝ Ադրբեջանի նախագահը հայտարարել է, թե իրենք իրագործելու են «Զանգեզուրի» միջանցքի ծրագիրը` անկախ նրանից Հայաստանն ուզում է, թե ոչ:

«Եթե ցանկանա Հայաստանը, այդ հարցը կարելի է լուծել հեշտ, եթե չցանկանա՝ մենք դա ուժով կլուծենք։ Ես պատերազմից առաջ և պատերազմի ժամանակ ասել եմ, որ նրանք պետք է հոժար կամքով դուրս գան մեր հողից, այլապես մենք նրանց դուրս կշպրտենք։ Այդպես էլ եղավ։ Նույնը կլինի նաև Զանգեզուրի միջանցքի հետ»,- հայտարարել է Ալիեւը։

«Փաստինֆո»-ի հարցին, արդյոք Սյունիքն այսօր պատրաստ է դիմակայել ադրբեջանական ագրեսիային՝ նախկին մարզպետը նշեց. «Նախ պետք է հասկանալ, թե Սյունիքի ղեկավարություն ասելով, մենք ում ի նկատի ունենք: Մելիքսեթ Պողոսյանը Սյունիքի ղեկավարը չէ, նա զբաղեցնում է մարզպետի աթոռը: Նրա մոտ լավ է ստացվում միայն ոչխարներ հաշվելը: Մարզում ամբողջ ղեկավարությունը իրականացնում են համայնքի ղեկավարները, ընտրված, ոչ թե նշանակված,- ընդգծեց Հակոբյանը:

Նկատենք, որ մինչեւ Ալիեւը սպառնում էր ուժ գործադրել՝ Զանգեզուրը վերցնելու համար, Նիկոլ Փաշինյանը շտապել է գաղտնի այցելել Սյունիք՝ մեծաթիվ հատուկ ջոկատայինների, ոստիկանների ուղեկցությամբ, որի ժամանակ արձանագրվեցին բախումներ։ Գրեթե բոլոր բնակավայրերում նրան դիմավորել են սուլոցներով ու հայհոյանքներով, իսկ ժողովրդական ընդվզումը Փաշինյանը հանձնարարել է լռեցնել ուժայինների միջոցով։

«Ես չեմ կարող հասկանալ, թե ինչու է Փաշինյանը գնացել Սյունիք, քանի որ նա շատ անտրամաբանական քայլերով շարժվող մարդ է, նրա տրամաբանությունը հասկանալ հնարավոր չէ: Ես ինքս 3 տարի առաջ հրաժարվել են հասկանալ նրա տրամաբանությունը:

Մի գուցե նա ուզում էր ցույց տակ, որ կարող է գնալ Սյունիք և շփվել բնակիչների հետ: Բայց քաղաքացիների այսպիսի արձագանքի սպասելի էր: Սյունիքը իրեն չի ընդունում», – շեշտեց Հակոբյան:

«Փաստինֆո»