Մեղրիի միջանցքը տարածաշրջանային նշանակություն ունի

154

Դրա տրամադրումը թուրք-ադրբեջանական հրոսակին, տարածաշրջանում կփոխի ուժերի հավասարակշռությունը հօգուտ Թուրքիայի

Մարտի վերջերին Հայաստանում հաճախակի էին արծարծվել հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման խնդիրները, որոնց անդրադարձել էին ՀՀ արտգործնախարար Արա Այվազյանը, ՀՀ անվտանգության խորհրդի գլխավոր քարտուղար Արմեն Գրիգորյանը : Նրանց անդրադարձը Հայաստանի հետ հարաբերություններն Ապրիլի 24-ի շեմին բարելավելու թուրքական միտումներին ընդառաջելու ենթատեքստ ուներ: Որքան էլ Թուրքիայի անունը չհիշատակի, Անվտանգության խորհրդի մարտի 30-ի նիստում թուրքական այդ միտումների ընդառաջելու պատրաստակամություն էր հայտնել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Ելույթում նա շեշտել էր. «Մենք պետք է կարողանանք ստեղծված նոր իրավիճակում գնահատել այն հնարավորությունները, որ կան Հայաստանի շրջափակումը վերացնելու առումով եւ իհարկե նաեւ պատրաստ լինելով որոշակի համագործակցային տրամաբանության», պատճառաբանելով, թե տևական շրջափակումը Հայաստանին որոշակիորեն օտարել է տարածարջանից:

“Հայաստանի օտարումը” ենթադրում է հաղորդակցության ուղիների ապաշրջափակումը Հարավային Կովկասում, “համագործակցային տրամաբանությունը”՝ Մեղրիով միջանցքի տրամադրում Թուրքիային: Ապաշրջափակման անհրաժեշտության մասին նոյեմբերի 10-ի եռակողմ հայտարարությունից հետո բազմիցս արտահայտվել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը, դիտարկելով դա Հարավային Կովկասում խաղաղության, կալունության և համագործակցության մթնոլորտի ձևավորման նախապայման: 

Թե համագործակցություն ասելով ինչը՞ նկատի ունի Լավրովը, չգիտենք: Բայց, որ ադրբեջանցի հրոսակը, ռազմագերիներին հանձնելը դեռ մի կողմ, նույնիսկ զոհված հայ զինվորների աճյունը Լաչինի միջանցքով Հայաստան տեղափոխող մեքենաներն է քարկոծում ռուս խաղաղապահների աչքի առջև, ակնհայտ է: Համենայն դեպս, ապրիլի 7-ին Մոսկվայում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպումից հետո Փաշինյանը սկսեց խոսել Մեղրիի միջանցքի բացման մասին: Փետրվարի 16-ին “azgonline.am”-ը “Նիկոլ Փաշինյանի աղմկահարույց հայտարարությունները Մոսկվայում հայ իրավաբանների հետ հանդիպման ժամանակ” վերնագրով ներկայացրել էր մի հատված հանդիպման տեսագրությունից, որը տարածել էր ArmVoice տելեգրամ ալիքը:

Այնուհետև համանման նյութ տարածեց նաև “Առաջին լրատվականը”, որտեղ վարչապետ Փաշինյանն ասում է.”Պիտի Ադրբեջանին ճանապարհ տանք դեպի Նախիջևան, եթե չտանք, չենք ունենա երկաթուղի դեպի Իրան”: Սակայն, տալով Ադրբեջանին ճանապարհ, Հայաստանը Նախիջևանից Մեղրիով ապահողում է նաև Թուրքիայի ցամաքային ուղիղ կապն Ադրբեջանի հետ, ինչը որպես պանթուրքիստական ծրագրերի իրագործման նախապայման, եղել է թուրքերի վաղեմի երազանքը: Թերևս այդ առումով պատահական չէր պանթուրքիզմի հիմնադիր Յուսոֆ Աքչուրայի 1920 թ. հունվարի 29-ին Ստամբուլի համալսարանում արած հայտարարությունը. “Պետք է ոչնչացնել Հայաստանը, որին դաշնակիցներն ուզում են իբրև թումբ կանգնեցնել Անատոլիայի և Կովկասի թրքության միջև”:

1992 թ., երբ ԽՍՀՄ-ն արդեն փլուզվել էր, Սուլելման Դեմիրելը Թեհրանում Թուրքիայի վարչապետի կարգավիճակով “անիծյալ սեպ” անվանեց Հայաստանը:: 1993-ին Թուրքիայի ազգային մեծ ժողովի ամբիոնից Ձախ ժողովրդավարական կուսակցության նախագահ Բյուլենթ Էջևիթն էլ պահանջեց, որ Լաչինի միջանցքի դիմաց Հայաստանն Ադրբեջանին զիջի Մեղրին: Այդ դեպքում արդեն, առանց Հայաստանի ֆիզիքական ոչնչացման, չեզոքացվում էր  “անիծյալ սեպը”, Թուրքիան Նախիջևանից Մեղրիով ցամաքային ուղիղ կապ էր հաստատում Ադրբեջանի հետ, այնտեղ դիրքեր ամրապնդելուց հետո իր ազդեցության տակ էր վերցնում Հարավային Կովկասն ու ներթափանցում Միջին Ասիա:

Այլ կերպ՝ “Ադրբեջանին դեպի Նախիջևան ճանապարհ տալու” դեպքում Հայաստանը Մեղրիի տարածքով ապահովելու է  Թուրքիայի հաղորդակցությունն Ադրբեջանի հետ: Դա Մեղրիի նկատմամբ Թուրքիայի հավակնությունների հետ կհանգեցնի պանթուրքիստական հավակնությունների օրինականացմանը, ինչպես նաև ագրեսիվ նկրտումներում կքաջալերի ադրբեջանցի հրոսակին, մանավանդ որ Իլհամը, ոգևորված Եվրախորհրդի Խորհրդարանական վեհաժողովում Ռուսաստանի պատվիրակության հայ ռազմագերիների առնչությամբ դրսևորած չարանենգ դիրքորոշումից, փետրվարի 20-ին հայտարարել է. «Զանգեզուրի միջանցքի ստեղծումը լիովին համապատասխանում է մեր ազգային, պատմական և ապագա շահերին: Մենք կիրականացնենք Զանգեզուրի  միջանցքի խնդիրը`կցանկանա դա Հայաստանը, թե ո՛չ: Այսպիսով, ադրբեջանցի ժողովուրդը կվերադառնա գրավված Զանգեզուր 101 տարի հետո»:

Խնդիրը, սակայն, Թուրքիայի կամ Ադրբեջանի լկտիությունը չէ, այլ Մեղրիի միջանցի տրամադրման բացասական հետևանքները տարածաշրջանի երկրների համար և տարածաշրջանում ուժերի հավասարակշռության փոփոխությունը հօգուտ Թուրքիայի: Ակնհայտ է, որ Մեղրիի միջանցքով Ադրբեջանի հետ ուղիղ կապ հաստատելու, այսպիսով Հարավային Կովկասի հետ նաև Միջին Ասիան իր ազդեցության տակ վերցնելու դեպքում տարածաշրջանային գերտերության հույսեր փայփայող Թուրքիայի հեղինակությունն աննախադեպ կաճի Մերձավոր և Միջին Արևելքում, իսկ դա մրցակից Իրանի հետ մեծապես կանհանգստացնի նաև Իրաքի և Սիրիայի գլխավորությամբ արաբական մյուս երկրներին: Այդ ընթացքում Հայաստանն ակամա կդառնա  Թուրքիայի տարածաշրջանային գերտերության հավակնություններին տուրք տվող երկիր, բախվելով վերջիններիս հակազդեցության համապատասխան դրսևորումներին:

Հարկ է նաև նշել, որ յուրաքանչյուր երկրի համար միջազգայնորեն պարտավրեցնող են նախագահի, վարչապետի և արռգործնախարարի հայտարարությունները: Փաշինյանը որպես ՀՀ վարչապետ գուցե ունի ՌԴ նախագահ Պուտինին հաճոյանալու իրավունքը, բայց հայ ժողովուրդին պարտավորության տակ դնելու իրավունքը, այն էլ միջազգայնորեն, չպետք է ունենա: