Ձերբակալումները, քննչական և դատավարական գործողությունները և դրանց արդյունքում ձեռք բերված ապացույցներն ապօրինի են. Մելոյան

100

Նիկոլ Փաշինյանի հրապարակած տեսաձայնագրությունն ուղղակիորեն պարունակում է ՀՀ քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի 3-րդ մասի և 332-րդ հոդվածի 3-րդ մասի առերևույթ հատկանիշներ։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է սահմանադրագետ Գոհար Մելոյանը՝ անդրադառնալով Սյունիքի մարզպետարանում անցկացված խորհրդաժողովից Նիկոլ Փաշինյանի հրապարակած տեսանյութին:

«Հայաստանի Հանրապետության որևէ նորմատիվ իրավական ակտ  չի նախատեսում վարչապետի լիազորություն՝

որևէ քրեական գործով տալ հանձնարարություն,

հետաքրքրվել, թե արդյո՞ք հարուցվել է քրեական գործ,

և, եթե այո, ապա հարուցված քրեական գործի շրջանակներում ի՞նչ գործողություններ են կատարվել։

Սահմանադրության և կիրառելի օրենքների համաձայն վարչապետը որևէ իրավասություն չունի անգամ կոնկրետ քրեական գործով դատախազության և քննչական կոմիտեին հարց ուղղել։

Ոչ պակաս զարհուրելի էր դատախազության և քննչական կոմիտեի ներկայացուցիչների քրեական գործի մամրամասների հոտնկայս զեկուցումը գործադիր իշխանության ներկայացուցչին։

Որևէ խորհրդարանական կառավարման ձեւ ունեցող երկրում նման երևույթի անհնար է հանդիպել։

Հետևաբար, հիմք ընդունելով քրեական դատավարության տեսության մեջ ամրագրված «թունավոր ծառի պտուղներն թունավոր են» կանոնը՝ հարուցված քրեական գործով Սյունիքի մարզպետարանում տեղի ունեցած քննարկումից հետո բոլոր ձերբակալումները, քննչական և դատավարական գործողությունները և դրանց արդյունքում ձեռք բերված ապացույցներն ապօրինի են»,- գրել է Մելոյանը։