«Հայուհի» թանգարանային ցուցադրություն Գյումրիում

106

Հայ կնոջ կերպարը ներկայացնող, օրերս բացված այս պատկերահանդեսը բացառիկ է իր ցուցադրած նյութով ու բովանդակությամբ: Այն ներառում է 16-19-րդ դարերի հազվագյուտ բնօրինակ եվրոպական փորագրանկարներ, գեղանկարներ, փոստային բացիկներՙ հայուհիների պատկերներով:

Ինչպես նշում է այս հիրավի ուշագրավ նախաձեռնության հեղինակըՙ «Գյումրի-20/25» բարեգործական հիմնադրամի համահիմնադիր, պատմական գիտությունների դոկտոր Հայկ Դեմոյանը, օտար ճանապարհորդները հնուց անտի մեծ հիացմունքով են խոսել հայուհիների գեղեցկության մասին: Բազմաթիվ օտար փորագրանկարիչներ, գեղանկարիչներ ու լուսանկարիչներ պատկերել են հայուհիների գեղեցկությունը: Անվանի գիտնականը տարիներ շարունակ իր արտերկրյա ուղեւորությունների ժամանակ, տարբեր աճուրդներից ձեռք է բերել հանդիպած գործերը եւ իր այդ հավաքածուից ներկայացրել այստեղ:

Ոչ պակաս ուշադրություն հարուցող հանգամանք է նաեւ ցուցադրության ընտրված վայրը: Այն Գյումրու պատմական միջուկիՙ «Կումայրի» պատմաճարտարապետական արգելոց-թանգարանի ալեքսանդրապոլյան շրջանի հին շինություններից մեկն էՙ անզուգական Մհեր Մկրտչյանի եւ Գալյա Նովենցի հիշատակով շնչող, «Մեր մանկության տանգոն» կինոնկարից հայտնի «Վարդուշի տունը»… Իհարկեՙ այժմ նոր կյանք ստացած:

Որպես քաղաքում հիշյալ հիմնադրամի իրագործելիք մի շարք ծրագրերից մեկը, Տերյան-25 հասցեում գտնվող արդեն պատմամշակութային այս օջախը լինելու է յուրատեսակ թանգարան-ցուցասրահ, այստեղ գործելու է նաեւ գրախանութ, այցելուները հնարավորություն կունենան հյուրընկալվելու ալեքսանդրապոլյան վերականգնված միջավայրում, ծանոթանալու սիրված ֆիլմի նկարահանման դրվագներին ու Մհեր Մկրտչյանի մասնակցությամբ կինոնկարների պաստառներին: Այս ցուցադրությունն էլ մշտական է եւ բաց է լինելու շաբաթվա բոլոր օրերին: Կազմակերպիչներն իրենց շնորհակալությունն են հայտնել Լոս Անջելեսի Արարատ-Էսքիջյան թանգարանինՙ ցուցանմուշների ձեռքբերման հարցում աջակցության, ինչպես նաեւ հիմնադրամի բարեկամներին, որոնք օգնել են այս եւ մյուս նախագծերի իրականացման սկզբնական փուլում: