Զանգեզուրի միջանցք, Մեղրու միջանցք, այդ հայտարարությունները տագնապ են առաջացնում Ալիևի երեկվա ասածը նման էր նախակապիտուլյացիոն հայտարարության. համայնքապետ

83

Մեղրիում նույնպես վարչապետի այցի մասին ոչ ոք չի իմացել։ Պաշտոնական տեղեկատվություն չի տրամադրվել, անգամ չեն հասկանում, թե ինչ նպատակ են հետապնդում այդ այցերը։ 

Մեղրիի համայնքապետ Մխիթար Զաքարյանը «Փաստինֆո»-ի հետ զրույցի ժամանակ ասաց, որ չի հասկանում, թե վարչապետն ինչ տրամաբանությամբ է առաջնորդվում. «Եթե սա նախընտրական քարոզարշավ է, ապա նա օրենք է խախտում, քանի որ քարոզարշավը դեռ չի մեկնարկել։ Եթե որպես վարչապետ աշխատանքային այցով է եկել, իմ կարծիքով մենք էլ պետք է ներգրավված լինեինք։ Բազմաթիվ եթեներ կան, անընդհատ պետք է գուշակություններ անենք»,-նշեց համայնքապետը։

Հարցին՝ Մեղրիի բնակիչները սպասու՞մ էին վարչապետի այցին, որպեսզի իրենց անհանգստացնող հարցերը ներկայացնեին, Մխիթար Զաքարյանն ասաց, որ ինչպես ամբողջ Հայաստանում, այնպես էլ Մեղրիում կլինեն և՛ վարչապետի կողմնակիցներ, և՛ ընդդիմախոսներ, որոնք բնականաբար ցանկություն կունենային որոշ հարցերի պատասխաններ ստանալ.

«Մասնավորապես Ալիևի երեկվա հայտարարությունից հետո մարդկանց մոտ հարցեր կան։ Ինձ էլ են դիմում, չգիտեմ՝ ինչ պատասխանեմ։ Ալիևի երեկվա ասածը նման էր նախակապիտուլյացիոն հայտարարության։ Նույն ոճով, ինչ Արցախի դեպքում էր ասվում, հիմա էլ նույնն էր։ Զանգեզուրի միջանցք, Մեղրու միջանցք, այդ հայտարարությունները տագնապ են առաջացնում։ Հարակից տարածքներում բնակվողների համար վտանգավոր է։ Ինքս էլ որպես Մեղրի համայնքի բնակիչ անհանգստություն եմ զգում, որովհետև վերջին փորձը ցույց է տվել, որ Ալիևի ասելուց հետո այդ ամենն իրականություն է դառնում։

Մինչդեռ դրան դիմակայելու, բանակն ամրացնելու փոխարեն ծառայության ժամկետի կրճատման մասին հայտարարություններ ենք լսում։ Ասում են 5 տարին մեկ 3 ամսով։ Մոտավորապես Շվեյցարիայի մոդելն է, բայց նայեք Շվեյցարիայի հարևաններն ովքեր են ու մեր հարևաններն ովքեր են։ Այս ամենը տագնապալից իրավիճակ է ստեղծում»,-նշեց Մեղրիի համայնքապետը։

Մխիթար Զաքարյանը նկատեց՝ կցանկանային, որ գործող իշխանությունները հերքեին Ալիևի ասածներն ու ապացուցեին, որ անտեղի են իրենց անհանգստությունները, բայց ներկայիս անորոշությունը, տեղեկատվության վակուումը ենթադրությունների տեղիք է տալիս։

«Հադրութցիները մեղրեցիներից պակաս ժողովուրդ չեն և՛ ռազմական ներուժով, և՛ տնտեսությամբ, բայց այսօր տեսնում ենք՝ Հադրութը և հադրութցիներն ինչ կարգավիճակում են։ Աչքներիս առջև այդ թարմ օրինակն ունենք»,-նշեց Մեղրիի համայնքապետը։

Վերջինս հավելեց, որ կսպասեն վարչապետի Սյունիքում կատարած այցելությունների վերաբերյալ պաշտոնական մեկնաբանությանը. «Գուցե մի տրամաբանական պատճառ ունեն, որ տեղյակ չեն պահում»,-ասաց Մխիթար Զաքարյանը։

Աղբյուր` Փաստինֆո