Ես իրեն չեմ էլ ուզում տեսնել. Կապանի քաղաքապետը՝ Նիկոլ Փաշինյանի՝ Սյունիք այցելելու մասին. News.am

58

Կապանի քաղաքապետ Գեւորգ Փարսյանը մամուլից է տեղեկացել այն մասին, որ Նիկոլ Փաշինյանն ուղևորվում է Սյունիքի մարզ։ NEWS.am-ի հետ զրույցում նա ասաց, որ չի ուզում տեսնել Փաշինյանին։

«Մեզ մոտ իրավիճակն այնպես արագ է զարգանում տարբեր հարցերի շուրջ, այդ միջանցքի հարցը այնքան է անհանգստացնում, խոսակցություններն այդ առումով բավականին լրջանում են»,- ասաց Կապանի քաղաքապետը՝  պատասխանելով հարցին՝ եթե առաջարկ լինի վարչապետի հետ հանդիպելու, կհամաձայնի՞ մասնակցել դրան։ 

Մեր ճշտող հարցին, թե խոսքը Մեղրիի միջանցքի մասի՞ն է, Կապանի քաղաքապետն արձագանքեց.

«Գիտեք, մենք ասում ենք՝ Մեղրիի միջանցք, մեր թշնամին ասում է՝ Զանգեզուրի միջանցք, հիմա հարցեր կան՝ Մեղրիի միջա՞նցք է, թե՞ այդ միջանցքը վերաբերվում է Կապանին, Քաջարանին, Գորիսին, այդ ինչի՞ն է վերաբերվում, հասկանո՞ւմ եք, բազմաբովանդակ հարցեր կան եւ շատ հնարավոր է, որ համայնքի կամ տարածաշրջանային շահից ելնելով հանդիպումներ էլ լինեն տարբեր մարդկանց հետ։ Չեմ ուզում միանգամից կտրուկ բաներ ասել, ես իմ վերաբերմունքը վաղուց եմ ցույց տվել այդ անձի նկատմամբ»,- ասաց Կապանի քաղաքապետը։

Հիշեցնենք, որ ապրիլի 17-ին, Զառիթափ համայնքում բնակիչների հետ հանդիպմանը վարչապետ  Նիկոլ Փաշինյանն ասել էր. «Ադրբեջանում  շարունակաբար ասում են՝ մենք «Զանգեզուրի միջանցք» ենք ունենալու: Լավ, հայտարարում են՝ հայտարարում են, մենք էլ ուրեմն Նախիջեւանի միջանցք ենք ունենալու, մենք էլ ուրեմն հյուսիս-ադրբեջանական միջանցք ենք ունենալու: Այսինքն՝ ճանապարհ կտանք՝ ճանապարհի դիմաց»։ 

«Այդ արտահայտություններն ինձ դուր չեն գալիս, մտահոգիչ ու անհասկանալի է՝ այդ մարդը հիմա նախադրյալնե՞ր է ստեղծում, թե՞ մեր թշնամու պահանջներին կամ այդ պայմանների համար ինչ-որ բաներ է կառուցում իր խոսքով»,- նկատեց  Կապանի քաղաքապետը։

Ի դեպ, ոստիկանության պետ Վահե Ղազարյանի հրամաններով այսօր՝ ապրիլի 20-ին կադրային փոփոխություններ են տեղի ունեցել ոստիկանությունում։ Ի թիվս այլ ազատումների եւ նշանակումների, ոստիկանապետի  հրամանով՝ ոստիկանության գնդապետ Ալիկ Հակոբյանն ազատվել է ոստիկանության Սյունիքի մարզային վարչության պետի պաշտոնից եւ ուղարկվել ոստիկանության կադրերի ռեզերվ, նրա փոխարեն այդ պաշտոնում նշանակվել է ոստիկանության գնդապետ Ալեքսանդր Մամիկոնյանը։ Կապանի քաղաքապետի համար զարմանալի են եղել այս փոփոխությունները։

«Ես անձամբ ճանաչում եմ մարզային վարչության պետին, ճանաչել եմ գործնականում, իր ծառայության շրջանակում եւ կարող եմ ասել, որ նա պարկեշտ ծառայող էր, հայրենիքին նվիրված ոստիկան։ Զարմանում եմ, որ մարդկանց  այդքան հեշտ փոխում են, պատճառներն ինձ համար անհայտ են, իսկ նոր նշանակվածին չեմ ճանաչում»,- ընդգծեց Գեւորգ Փարսյանը։

Ավելի վաղ հայտնել էինք, որ NEWS.am-ի տեղեկություններով՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր՝ ապրիլի 20–ին, օրվա երկրորդ կեսին ուղեւորվել է Սյունիքի մարզ։ Նրա այցի մասին տեղեկությունը խիստ գաղտնի է պահվել, ուժայիններն այդ մասին իմացել են վերջին պահին, նույնիսկ ճանապարհային ոստիկանությանն ընդամենը կես ժամ առաջ են տեղեկացրել, որ պետք է ուղեկցեն վարչապետին։

Ուշագրավ է, որ պատերազմից հետո՝  նախորդ տարվա դեկտեմբերի վերջին Փաշինյանի այցը Սյունիքի մարզ տապալվել էր։ Նա Սիսիանից առաջ չէր շարժվել, քանի որ սյունեցիները Գորիսի մոտ փակել էին մայրուղին։