Ռուսաստանը 150 հազար զինծառայող է կենտրոնացրել Ուկրաինայի սահմանների մոտ. ԵՄ

83

Այս պահին Եվրամիությունը չի կիրառի նոր պատժամիջոցներ Մոսկվայի կամ Ռուսաստանի ֆիզիկական և իրավաբանական անձանց նկատմամբ՝ կապված Ուկրաինայի սահմանին ռազմական կուտակման ու  ընդդիմության բանտարկված առաջնորդ Ալեքսեյ Նավալնիի հետ: Այս մասին ասել է ԵՄ արտգործնախարար Ժոզեպ Բորելը ԵՄ արտգործնախարարների առցանց հանդիպումից հետո:

Միաժամանակ, նա շեշտել է, որ ԵՄ-ին անհանգստացնում է ինչպես ռուսական զորքերի տեղաշարժը, այնպես էլ Նավալնիի առողջական վիճակը:

Ըստ Բորելի՝ Ռուսաստանն ավելի քան 150,000 զինծառայող է կենտրոնացրել Ուկրաինայի հետ սահմանին, ինչպես նաև բռնակցված Ղրիմում: Նա ակնհայտ է համարել հետագա սրման վտանգը և Ռուսաստանին կոչ արել լիցքաթափել լարվածությունը:

Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Դմիտրի Կուլեբան մասնակցել է ԵՄ երկրների արտգործնախարարների հանդիպմանը: Նա Եվրամիությանը կոչ է արել ոլորտային պատժամիջոցներ կիրառել Ռուսաստանի դեմ՝ մեղադրելով նրան ագրեսիայի մեջ:

Քննարկել են նաև Չեխիայի կողմից Ռուսաստանի հատուկ ծառայությունների հասցեին մեղադրանքները 2014-ին զինամթերքի պահեստի պայթյունում ներգրավվածության մեջ: