Ռուսական օդուժը Սիրիայում շուրջ 200 գրոհային է ոչնչացրել

103

Ռուսական ռազմական ինքնաթիռները հարձակվել են Պալմիրայից հյուսիս-արևելք գտնվող Սիրիայի ահաբեկչական բազայի վրա` սպանելով շուրջ 200 գրոհայինի. այս մասին հայտարարել է Սիրիայում հակամարտող կողմերի հաշտեցման ռուսական կենտրոնի փոխտնօրեն, փոխծովակալ Ալեքսանդր Կարպովը։

Նրա խոսքով՝ ռուս զինվորականները տեղեկություն են ստացել այն մասին, որ գրոհայինները քողարկված բազա են ստեղծել Պալմիրայից հյուսիս-արևելք: Այս տեղեկությունը հաստատելուց հետո Ռուսաստանի օդատիեզերական ուժերի ինքնաթիռները մի քանի ուղություններով հարձակվել են դրա վրա: Արդյունքում, ըստ Կարպովի, ոչնչացվել է ահաբեկիչների երկու թաքստոց, 24 պիկապ մեքենա ծանր գնդացիրներով և մոտ 500 կգ զինամթերք և ինքնաշեն պայթուցիկ սարքեր ստեղծելու համար նախատեսված բաղադրիչներ:

Կարպովը նշել է, որ ոչնչացված հենակետում ահաբեկիչները զինյալներ են պատրաստել Սիրիայի տարբեր շրջաններում ահաբեկչություններ իրականացնելու համար և պատրաստել ինքնաշեն պայթուցիկ սարքեր:

Բացի այդ, նա հայտարարել է, որ գրոհայինները նախապատրաստում են ահաբեկչական հարձակումներ Սիրիայի խոշոր քաղաքների պետական հաստատությունների վրա «Սիրիայում նախագահական ընտրություններին ընդառաջ երկրում իրավիճակն ապակայունացնելու համար»: