Նա վիրավորել է օտարերկրացի գեներալին և պետք է քննադատության արժանանա. Բորիս Ավագյանը՝ Ավանի փոխթաղապետի մասին

94

Ավանի փոխթաղապետին հորդորում եմ ռուսական խաղաղապահ ուժերի հրամանատարի վերաբերյալ գրառումներ չկատարի։ Լրագրողների հետ զրույցի ժամանակ այս մասին ասաց ԱՀ ԱԻՊԾ նախկին փոխտնօրեն Բորիս Ավագյանը։

«Եթե ինչ-որ անձնավորություն առողջական խնդիրներ ունի և այդպիսի գրառումներ է անում, այդ դեպքում պետք է քննադատվի ոչ միայն իշխող կուսակցության, այլև բոլոր հայրենակիցների կողմից։ Բոլորն ընդունում են, որ եղել է վիրավորական գրառում, այդ դեպքում ինչու՞ այն չի քննադատվել։ Դա արդեն քաղաքական գործունեություն է։ Նա վիրավորում է օտարերկրացի գեներալին, որը զբաղվում է խաղաղապահ գործունեությամբ և մեր գերիների հարցով։ Դա անթույլատրելի է»,-ասաց Բորիս Ավագյանը։

Հարցին՝ երեկ ինչու՞ էին հրավիրել ԱԱԾ, Բորիս Ավագյանն ասաց, որ հանդիպումը չկայացավ և տեղյակ էլ չէ, թե ինչու էին կանչել. «Ասացին, որ կկապվեն ինձ հետ, երբ իրենց հարմար լինի։ Դեռ չեն կապվել»,-ասաց Բորիս Ավագյանը։

Նա նշեց, որ չի պատրաստվում վիճարկել աշխատանքից ազատման որոշումը։ Ինչ վերաբերում է հարցին՝ պատրաստվում է արդյոք քաղաքականություն մտնել, Բորիս Ավագյանն ասաց, որ ոչ մի դեպքում չի մտնի քաղաքականություն. «Գերիների վերադարձի գործընթացը երբ ավարտվի, քաղաքականության մեջ չեմ լինելու, որովհետև դա ինձ հետաքրքիր ոլորտ չէ»։

Աղբյուր` Փաստինֆո