Ի՞նչ էինք առաջարկում, որ Ռուսաստանն ինքն իր դեմ քվեարկի՞. Մեր դիվանագիտության բացթողումն է, որ գերիների հարցն առանձին չի ընդգրկվել. Թևան Պողոսյան

64

Հայ գերիների հարցը քվեարկության էր դրվել Նավալնու հարցի հետ միասին. Ռուսաստանը պետք է ինքն իրեն դեմ քվեարկե՞ր. Թեւան Պողոսյան

Ինչու՞ ենք ուրիշներին մեղադրում, երբ հայկական դիվանագիտությանը պետք է մեղադրենք, որ չեն կարողացել այնպես անել՝ հայ գերիների հարցը ԵԽԽՎ-ում առանձին լիներ, այլ ոչ թե փաթեթային ներգրավվածություն ունենար։ «Փաստինֆո»-ի հետ զրույցի ժամանակ այս մասին ասաց քաղաքագետ Թևան Պողոսյանը՝ անդրադառնալով ԵԽԽՎ-ում հայ գերիների հարցով քվեարկությանը, մասնավորապես ռուսական կողմի դեմ և ձեռնպահ քվեարկություններին։

Քաղաքագետը նկատեց՝ Հայաստանում կան հատուկ խմբեր, որոնք այժմ փորձում են ամեն ինչ հակառուսական ուղղվածությամբ տանել, ինչն ամենասխալ մոտեցումն է։ Թևան Պողոսյանի խոսքով մինչ այժմ ինչքան գերիներ վերադարձել են, դա եղել է ռուսական ջանքերի շնորհիվ.

«Բոլորը գիտակցում են, որ մեր դիվանագիտությունն այնպես չի արել, որ հայ գերիների հարցն առանձին մտներ օրակարգ, ինչի հետևանքով փաթեթով է եղել։ Այսինքն` միևնույն քվեարկությամբ պետք է որոշվեր նաև Նավալնու հարցը։ Ի՞նչ էինք առաջարկում, որ Ռուսաստանն ինքն իր դեմ քվեարկի՞։ Մեր դիվանագիտության խնդիրն էր՝ գիտակցել, որ պետք չէ մտնել ուրիշների շահերի դաշտ և պետք է առանձին հարց դարձնել գերիների թեման։ Կարո՞ղ է Ռուսաստանը հայերին դեմ է քվեարկել, ադրբեջանցիներին կողմ։ Ինքն իր շահերն է պաշտպանել, բայց նրանց ղեկավարությունն ասել է, որ իրենց համար գերիների խնդիրը կարևոր է և աշխատում են դրա վրա։ Այդ դեպքում ինչու՞ ենք շահարկում»,-նշեց քաղաքագետը՝ հավելելով, որ բացթողումը դիվանագիտությանն է, իսկ շահարկողները պարզապես որոշել են իրենց ձեռքերը տաքացնել եղած հնարավորության վրա։

Հարցին, թե ստեղծված հակառուսական տրամադրություններն ի՞նչ վտանգներ կարող են պարունակել հայ-ռուսական հարաբերությունների կոնտեքստում, Թևան Պողոսյանն ասաց. «Մի կողմից ասում ենք՝ մեր անվտանգության երաշխավորողը Ռուսաստանն է, մյուս կողմից մեղադրում ենք։ Դրանից ավել ո՞նց կարելի է բացատրել վտանգը»,-նշեց քաղաքագետը։

Աղբյուր` Փաստինֆո