Ապրիլի 24-ին ընդառաջ Ստամբուլում լույս է տեսել Թաներ Աքչամի նոր գիրքը

125

 Քանի որ հայ հասարակությունը քաջածանոթ է թուրք գիտնական Թաներ Աքչամին և նա ներկայացման կարիք չունի, ուստի նպատակահարմար ենք գտնում ներկայացնել նրա “Համառոտ պատմություն Հայոց ցեղասպանության” թուրքերեն աշխատությունը: Աքչամի այս նոր գիրքը տպագրել է պոլսահայ “Արաս” հրատարակչությունը, մատուցելով ապրիլի 16-ին ընթերցողի ուշադրությանը, որին նույն օրն արձագանքել է Կ. Պոլսո “Ժամանակ” թերթը, իսկ արձագանքը՝ արտապել “Հայ Թերթ” կայքէջը:

Արձագանքում նշվում է, որ Աքչամը թեև Հայոց ցեղասպանությունն ուսումնասիրում  է տասնամյակներ շարունակ, սակայն նրա նոր աշխատությունն որոշ չափով առանձնանում է նախորդներից, որովհետև դա Ցեղասպանության պատմությունն ընթերցողին ներկայացնում է համառոտ և մատչելի: “Ժամանակ”-ի վկայությամբ, հրատարակիչները մատնանշել են, որ Հայկական հարցը Թուրքիայում ի հայտ է եկել կայսրությունից հանրապետություն անցման շրջանում, դա չի սահմանափակվել սոսկ 1915-1918 թթ., Աքչամը իր գրքում, բյուրեղացնելու համար 1878-ից մինչև 1923թ. ընկած ժամանակահատվածի վերաբերյալ ընկալումները, գծել է ընդհանուր մի շրջանակ: Դրանով հեղինակը ցույց է տվել, որ Օսմանյան կայսրության մեջ յուրաքանչյուր 4 բնակչից մեկը եղել է քրիստոնյա, ցեղասպանությունն այնտեղ չի սահմանափակվել հայերի բնաջնջումով միայն, ինչ հանգեցրել է քրիստոնյաների ոչնչացմանը և այդ գործընթացը իշխանությունների որդեգրած քաղաքականության հետևանքով տևական բնույթ է ստացել հանրապետական շրջանում: