Վտանգավոր հայտարարություն, որի իրագործումը կարող է Հայաստանի չգոյության պատճառ դառնալ

76

Բանակը մեզ հարկավոր է Թուրքիային և Ադրբեջանին դիմագրավելու համար, ուստի բանակին ձեռք տալ, բանակը դարձնել փորձադաշտ, փորձել այս կամ այն մեթոդը, կործանարար է լինելու մեզ համար: «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասել է ռազմական փորձագետ Կարեն Հովհաննիսյանը՝ անդրադառնալով վերջերս Վայոց Ձորի մարզ կատարած այցի ժամանակ Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը, որ պետք է կրճատել ժամկետային զինծառայության ժամկետը.

«Պետք է գրավիչ դարձնենք ծառայությունը, ժամկետային զինծառայության համակարգը ընդհանրապես փոխենք, ժամկետը կրճատենք. կա գաղափար, որ պետք է լինի 5 տարին մեկ 3-ամսյա ծառայություն, որպեսզի երիտասարդները մարտական նվազագույն հմտություններին տիրապետեն»,- հայտարարել էր Փաշինյանը:

Կարեն Հովհաննիսյանի գնահատմամբ՝ այս դեպքում տեսանելի ժամկետում կունենանք Հայաստանի չգոյություն, որպես պետություն՝ անկում, եւ դա, նրա խոսքով, տեղի կունենա ոչ թե 50 կամ 100 տարի հետո, այլ՝ շատ կարճ ժամանակահատվածում.

«Փաշինյանի այս հայտարարությունը լղոզված էր, և ինձ համար պարզ չէ՝ ու՞մ է դա վերաբերվում՝ ժամկետային զինծառայողների՞ն, պահեստազորի՞ն, թե՞՝ պայմանագրայիններին: Ամեն դեպքում, եթե դա վերաբերում է ժամկետային զինծառայողներին, ապա դա վատագույն տարբերակն է՝ մի քանի հանգամանքներից ելնելով: Ինչի՞ համար է նախատեսված երկու տարի կամ 24 ամիս ծառայությունը, որովհետև այդ ընթացքում մարդը ձեռք է բերում ռազմական հմտություններ, ռազմական մասնագիտություն, որպեսզի դրանք կիրառելի դարձնի ռազմական գործողությունների ժամանակ, մարդը երեք ամսում չի կարող ձեռք բերել որևէ ռազմական հմտություն, առավել ևս՝ որևէ ռազմական մասնագիտություն»,-ասաց Հովհաննիսյանը:

Փորձագետի համոզմամբ՝ բանակը փորձադաշտ դարձնելը և փոփոխություններ կատարելը կործանարար է լինելու Հայաստանի համար.

«Այս տարածաշրջանում, որտեղ մենք ապրում ենք, մեզ թշնամի պետությունները ՝ Թուրքիան և Ադրբեջանը, ամեն տարի ավելացնում են իրենց ռազմական ծախսը,ավելացնում են մարդկային ուժի ներգրավվածությունը Զինված ուժերում: Այնպես չէ, որ իրենք գնում են ռազմական վիճակի թուլացման, և մենք պետք է անենք այդ քայլը: Վերջիվերջո, բանակը մեզ պետք է Թուրքիայի և Ադրբեջանի դեմ դիմագրավելու համար, ուստի բանակին ձեռք տալ, բանակը դարձնել փորձադաշտ, փորձել այս կամ այն մեթոդը կործանարար է լինելու մեզ համար»,-ասաց Կարեն Հովհաննիսյանը:

Զրուցակիցը Փաշինյանի այս հայտարարությունը դիտարկում է ընտրությունների համատեքստում և համարում է այն նախընտրական հայտարարություն.

«Հոգեբանական այս ծանր ժամանակահատվածում, երբ ծնողները գտնվում են ծանր իրավիճակում, նման առաջարկ անելը կարճաժամկետ առումով բխում է ծնողների շահերից, ես համարում եմ, որ այս հայտարարությունը կրում է նախընտրական բնույթ, բայց ամեն դեպքում վտանգավոր հայտարարություն է»,-եզրափակեց Կարեն Հովհաննիսյանը:

Աղբյուր` Փաստինֆո