ԱՄՆ-ն ՌԴ-ին սպառնաց հետևանքներով, եթե Նավալնին մահանա բանտում

112

Ամերիկյան կողմը պնդում է, որ Ռուսաստանի համար կարող են հետևանքներ լինել, եթե Ալեքսեյ Նավալնին մահանա գաղութում: Այս մասին կիրակի օրը հայտարարել է ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով օգնական Ջեյք Սալիվանը CNN-ի եթերում:

Նրա խոսքերով, ամերիկյան կողմը «Ռուսաստանի իշխանություններին տեղեկացրել է, որ նրանք պատասխանատու են այն ամենի համար, ինչ կատարվում է Նավալնիի հետ բանտարկված ժամանակ, և նրանք պատասխանատվության կենթարկվեն միջազգային հանրության կողմից»:

«Ինչ վերաբերում է հատուկ միջոցներին, որոնք մենք կարող ենք ձեռնարկել, մենք քննարկում ենք բազմատեսակ հնարավորություններ՝ նրանց ստիպելու վճարել, այս փուլում ես դրանց մասին հրապարակայնորեն չեմ խոսի, բայց մենք հայտնել ենք, որ հետևանքներ կլինեն, եթե Նավալնին մահանա», ավելացրել է ԱՄՆ նախագահի օգնականը։