Նիկոլ Փաշինյանն ու աղքատությունը.168.am

99

Նիկոլ Փաշինյանի վարչապետության 3 տարիները ցույց տվեցին, որ հասարակությունը կրկին խաբվեց իր ընտրության մեջ։ Նա այն մարդը չէր, ով կարող էր հավակնել երկրի վարչապետի պաշտոնին, առավել ևս՝ լուծել այն լրջագույն խնդիրները, որոնք կանգնած էին պետության ու հասարակության առջև։

Ժամանակը ցույց տվեց, որ Նիկոլ Փաշինյանը շատ մակերեսային պատկերացումներ ունի՝ ինչպես պետական կառավարման համակարգի, այնպես էլ՝ ընդհանրապես տնտեսության ու տնտեսական զարգացումների վերաբերյալ։ Նույնիսկ 3 տարվա վարչապետությունից հետո, երկրի ղեկավարման վերաբերյալ նրա պատկերացումները մնացին թերթի խմբագրի, այն էլ՝ ընդդիմադիր թերթի խմբագրի  մակարդակի։

Զարմանալի չէ, որ այդ մարդու գործունեությունը վարչապետի պաշտոնում կործանարար եղավ Հայաստանի ու հայ ժողովրդի համար։ Նա գերազանցեց բոլոր նախկիններին, ում մեղադրում էր երկիրը քանդելու մեջ։ Նույնիսկ համեմատության եզրեր անիմաստ է անցկացնել։ Իրենց թերացումներով ու բացթողումներով հանդերձ՝ նրանց արածները մանկական խաղ կարող են համարվել Նիկոլ Փաշինյանի արածների համեմատ։ Երեք տարում նա երկիրն ու մարդկանց կյանքը վերածեց մի իսկական քաոսի։ Զավեշտն այնտեղ է հասել, որ այդքանից հետո դեռ փորձում է հասարակությանը խաբելով՝ արդարացնել իր այն արարքները, որոնք ոչ մի պարագայում արդարացում չունեն ու չեն կարող ունենալ։ Այսօ՞ր կլինի, թե՞ վաղը՝ դրանց համար պատասխան են տալու, և ոչ միայն՝ վարչապետը։

Իր վարչապետության 3 տարիներին Նիկոլ Փաշինյանը տեսական հայտարարություններից, դատարկ խոստումներից ու չհիմնավորված մեղադրանքներից այն կողմ այդպես էլ չկարողացավ անցնել։ Նրան թվում է, թե երկիրը կարելի է կառավարել ստերով, մանիպուլյացիաներով ու կերծ բարեպաշտությամբ։ Վարչապետի պաշտոնում ընտրվելու օրվանից մինչև հիմա նա այդպես էլ դուրս չեկավ այս կերպարից։

Դեռևս 2018թ. մայիսին, երբ Ազգային ժողովում գումարված հատուկ նիստում քննարկվում էր Նիկոլ Փաշինյանին վարչապետ ընտրել-չընտրելու հարցը, պատգամավորներից մեկը հետաքրքրվեց, թե վարչապետ ընտրվելու պարագայում ի՞նչ է նա պատրաստվում անել սոցիալական ոլորտում՝ կենսաթոշակների, աշխատավարձերի ու աղքատության հետ կապված:

Լսենք պատասխանը։

«Աղքատության հետ կապված կա պարզ լուծում. մենք ունենք համապատասխան բյուջետային եկամուտներ, տնտեսություն, որը պատրաստ է, ի վիճակի է ապահովել մարդկանց նվազագույն և ավել կարիքները: Տասնյակ զանգեր եմ ստանում Սփյուռքի մեծահարուստներից, որոնք ասում են, որ օր առաջ գալու են և Հայաստանում ներդրումներ են անելու: Մարդիկ ՀՀ-ում ներդրում չեն անում, որովհետև նրանք չեն ուզում այս իրականության հետ, այսինքն՝ 20 օր առաջ գոյություն ունեցող իրականության հետ առնչվել:

Մեր տնտեսությանը սպասում է թռիչքաձև զարգացում՝ ոչ թե կառավարության ֆոկուսի, կախարդական փայտիկի, այլ հստակ հայկական Սփյուռքից ներդրումների ներհոսքի հաշվին: Մեզ սպասվում է բյուջետային եկամուտների էական մեծացում, ինչն էլ իր հերթին բերելու է աշխատատեղերի բացման, կենսաթոշակների ավելացման և աղքատության կրճատման»,- վարչապետ ընտրվելու ժամանակ հայտարարում էր Նիկոլ Փաշինյանը։

Հետագայում Նիկոլ Փաշինյանի ձևավորած կառավարությունը խոստացավ մինչև 2023թ. մեր երկրում վերացնել ծայրահեղ աղքատությունը և էապես նվազեցնել աղքատությունը։

Հիմա 2021թ. է։ Թե որքանո՞վ է դա հաջողվել, ակնհայտ է այսօրվա թանկացումների ֆոնին։

Եկամուտների նկատմամբ գների անհամեմատ բարձր աճի հետևանքով՝ սոցիալական լարվածությունը Հայաստանում, նվազելու փոխարեն, խորացել է։ Ընդլայնվում է աղքատությունը։ Նույնիսկ աշխատանք ունենալը հիմք չէ աղքատ չհամարվելու համար։

Աշխատող աղքատների քանակն այսօր Հայաստանում պակաս քիչ չէ, որքան չաշխատողներինը։ Դրա պատճառները հայտնի են՝ ցածր եկամուտները։

Աշխատող քաղաքացիների բավական մեծ զանգված նվազագույն աշխատավարձի հույսին է։ Նվազագույն աշխատավարձը մեր երկրում կազմում է ընդամենը 68 հազար դրամ կամ հազիվ 128 դոլար։ Նախկինում դա մեծ բան չէր, հիմա՝ առավել ևս, երբ տեղի է ունենում գների համատարած բարձրացում։

Գների բարձրացումը կարելի է հանգիստ ընդունել, եթե դա ուղեկցվում է մարդկանց եկամուտների առնվազն համարժեք ավելացմամբ։ Բայց մեր դեպքում այդպես չէ։

Պաշտոնական տվյալներով՝ անցած մեկ տարում աշխատավարձերի աճը մեր երկրում ցածր է եղել նույնիսկ 1 տոկոսից։ Խոսքը միջին աշխատավարձի մասին է։ Այն դեպքում, երբ այդ ընթացքում գներն աճել են 5-6 տոկոսով։

Գնաճի տեմպը 5-6 անգամ բարձր է, քան միջին աշխատավարձինը։ Դեռ չհաշված՝ առաջին անհրաժեշտության ապրանքները, որոնք շատ ավելի մեծ տեմպերով են թանկացել։

Այս պայմաններում աղքատության խորացումն այլընտրանք չունի։ Եվ սա միայն աշխատող քաղաքացիներին չի վերաբերում։ Իսկ ի՞նչ ասեն չաշխատողներն ու կենսաթոշակառուները։

Լրանում է Նիկոլ Փաշինյանի վարչապետության 3 տարին։ Այդ ընթացքում կառավարությունը մեկ անգամ է անդրադարձել կենսաթոշակների բարձրացմանը։ Երեք տարում կենսաթոշակներն ավելացել են ընդամենը 2-3 հազար դրամով։ Մինչդեռ, միայն վերջին մեկ տարում սննդամթերքը թանկացել է առնվազն 8 տոկոսով։ Նախկին 2 տարիների թանկացումները դեռ չենք հաշվում։ Իսկ թե ինչպես են փոխվել բազմաթիվ առաջին անհրաժեշտության ապրանքների, այդ թվում՝ հացի ու հացամթերքների գները, հայտնի է բոլորին։

Եվ այսքանից հետո կենսաթոշակները մեր երկրում Նիկոլ Փաշինյանի վարչապետության 3 տարում բարձրացել է 2 կամ 3 հազար դրամով։ Նույնը նաև նպաստների դեպքում է։

Պարզ չէ՞, որ այս մարդիկ նախկինում եթե աղքատ էին, հիմա ավելի են աղքատացել։

Իսկ ինչ էին ասում Նիկոլ Փաշինյանն ու իր կառավարության ծրագիրը՝ «Պարբերաբար բարձրացվելու են պետական կենսաթոշակների չափերը՝ ապահովելով միջին կենսաթոշակի չափի առաջանցիկ աճ՝ գնաճի նկատմամբ»։

Սա՞ է գնաճի նկատմամբ առաջանցիկ աճը։

Չնայած համատարած թանկացումներին՝ կենսաթոշակների ու սոցիալական մյուս վճարների ավելացման մասին խոսք չկա։ Առաջիկայում էլ չի լինելու, որովհետև Նիկոլ Փաշինյանի վարչապետության երրորդ տարում պետական բյուջեն լուրջ ֆինանսական խնդիրների ու ճեղքվածների առաջ է կանգնած։ Կառավարությունը ստիպված է մեծ պարտքեր վերցնել, որպեսզի կարողանա նույնիսկ եղած սոցիալական ծախսերը ժամանակին կատարել։

Իսկ Նիկոլ Փաշինյանի ասած տնտեսությունից ու բյուջետային եկամուտներից, որոնք պետք է ապահովեին աղքատության հաղթահարումը և մարդկանց եկամուտների ավելացումը, ոչինչ չի մնացել։ Տնտեսությունը ճգնաժամ է ապրում, բյուջեի եկամուտները դադարել են ավելանալ։

Սփյուռքի մեծահարուստները, որոնք իբր թե պատրաստ էին օր առաջ գալ ու ներդրումներ անել Հայաստանում, այդպես էլ չեկան։ Այդպես էլ չտեսանք այն թռիչքաձև զարգացումը, որը պետք է լիներ «ոչ թե կառավարության ֆոկուսի, կախարդական փայտիկի, այլ հստակ հայկական Սփյուռքից ներդրումների ներհոսքի հաշվին»: Չտեսանք նաև սպասվող բյուջետային եկամուտների էական ավելացումը, որն իր հերթին պիտի բերեր աշխատատեղերի բացման, կենսաթոշակների ավելացման և աղքատության կրճատման։

Փոխարենը՝ աղքատությունը խորանում է։ Ավելանում է նաև ծայրահեղ աղքատությունը, որը Նիկոլ Փաշինյանն ու իր կառավարությունը խոստանում էին վերացնել մինչև 2023թ.։

168.am