«Հպարտ եմ, որ իմ որդին իր էս կարճ կյանքում գոնե հասցրել է հետաքրքիր ապրել ու այսքան սիրված լինել»․ հերոս Դավիթի ծնողները ներկա էին նրան նվիրված մրցաշարին

104

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում արդեն ավանդական դարձած ֆուտբոլի մրցաշարի եզրափակիչ փուլը դպրոցը նվիրել էր իր սան՝ Արցախյան պատերազմում կյանքը հայրենիքին նվիրած ժամկետային զինծառայող Դավիթ Գևորգյանին։

Միջոցառմանը ներկա էին Դավիթի ծնողները, ընկերները, ուսուցիչներն ու դպրոցի անձնակազմը։ 

Դավիթը սիրել է սպորտը և զբաղվել բասկետբոլով։ Կրթահամալիրի ավագ դպրոցի ղեկավար Մարթա Ասատրյանը ջերմությամբ է հիշում նրան, նրա հետ անցկացրած դպրոցական ճամփորդությունները, նրա լուսավոր ու պայծառ կերպարը՝ նշելով, որ մրցաշարը իր անունով կոչելու միտքը Դավիթի ընկերներինն է։

«Ուղղակի նստած էինք իր ընկերների հետ, ու այդ միտքը ծագեց՝ թե եկեք Դավիթի անունով կոչենք։ Շատ հուզիչ էր այդ պահը, բոլորս հուզվեցինք, ու ամբողջ դպրոցը անցավ գործի։ Դպրոցի ՏՏ լաբորատորիան ստեղծեց մեդալները՝ Դավիթի անունով, տեխնոլոգիական լաբորատորիան՝ ցուցապաստառը, կրթահամալիրի գինու դպրոցում գինի ստեղծվեց՝ Դավիթի անունով, ինչը օրվա համար շատ հուզիչ էր, միաժամանակ ոգևորող, քանի որ Դավիթը ինքը տոն էր», – պատմում է տիկին Ասատրյանը։

Դավիթին դպրոցում բոլորն  են կարոտում, հիշում նրա աշխատասեր,  խենթ, աշխույժ ընկերասեր ու ազնիվ կերպարը։ Նրա համադասարանցի Նինան ցավով է նշում, որ պատերազմի ժամանակ իր բոլոր համադասարանցիները մարտի դաշտում են եղել, իսկ Դավիթի մահվան լուրն անհավատալի է՝ մինչ օրս։

Դավիթը զինվորական ծառայությունն անցկացրել է Վայքում, իսկ պատերազմի ժամանակ կռվել Ջաբրայիլում, որի ընթացքում մորը՝ Քրիստինային հավատացրել, որ ինքն Արցախում չէ։  Նրա հայրը՝ Արսեն Գևորգյանը, նույնպես, առաջին իսկ օրից մասնակցել է պատերազմին։

Մոր՝ Քրիստինայի խոսքով՝ Դավիթը մեծ ուրախությամբ է մեկնել զինվորական ծառայության, սիրել է զինվորական գործը և նույնիսկ մտադրություն ունեցել սովորելու Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանում։ 

«Ես իրոք հպարտ եմ, որ գոնե իմ որդին իր էս կարճ կյանքում հասցրել ա լավ ապրել։ Շնորհիվ այս դպրոցի,նաև լավ ճանապարհորդել ա։ Արցախն էր շատ սիրում։ Որ գնացին Արցախ, եկավ, ասաց՝ մա՛մ, նենց կգնային էնտեղ ապրելու», – պատմում է տիկին Քրիստինան։

Դավիթի ծնողները նույնպես ներկա էին միջոցառմանը։ Նրանք էին հանձնում մրցանակները մրցաշարում՝ իրենց լավագույնը դրսևորած աշակերտներին։

Նրա դասղեկ Լուսինե Սարգսյանը մեզ հետ կիսվեց Դավիթի հետ իր վերջին զրույցով։ Պատերազմի ժամանակ նրա որդին նույնպես կռվելիս վիրավորվել է ու տեղափոխվել Երևան, և Դավիթն, իմանալով այդ մասին, չնայած այդ ծայրահեղ խառը և վտանգավոր իրավիճակին, զանգահարել է դասղեկին՝ նրա որդու մասին տեղեկություն ստանալու համար։

«Ո՞նց ա էդ նեղության միջից զանգել։ Ասում էր՝ ընկեր Լուսինե, ո՞նց ա Էրիկը։ Ասում եմ՝ Դավի՛թ ջան, հիմա արդեն դուք եք կարևոր, ինքը իմ կողքին ա, ոչի՛նչ։ Ասում եմ՝ խնդրում եմ, մի զանգ օրվա մեջ կթողնե՞ք ամեն մեկդ։ Մի՛ խոսեք, ոչ մի բան մի՛ ասեք, ուղղակի մեկ զա՛նգ թողեք։ Օր ու կես լռեց, զանգ չկար։ Գրեցի՝ Դավ ջան, ես լուր չստացա քեզանից․․․ ու էդպես Դավիթի հետ իմ վերջին նամակն էր», – պատմում է Լուսինեն։

Սյուզի Սիրականյան

Ամբողջ նյութը կարդացեք՝ Աղբյուր