Պետք է պարզել ինչու ընդհատվեց գերեվարված շիրակցիների վերադարձի գործընթացը եւ ոչ թե ծնողներին ասել՝ դիմեք ՌԴ-ի դեսպանին. Արցախի նախագահի ներկայացուցիչ

93

Եթե գերեվարված 62 շիրակցիներից ութին Ադրբեջանը վերադարձրել է, ուրեմն հնարավոր է, որ 54-ին էլ վերադարձնի, պետք է պարզել, թե ինչու գործընթացը ընդհատվեց»։ «Փաստինֆո»-ի հետ զրույցում նման դիտարկում է հայտնել Արցախի նախագահի հատուկ ներկայացուցիչ Բորիս Ավագյանը՝ վստահություն հայտնելով, որ անկախ Ադրբեջանի հայտարարություններից, թե բոլոր ռազմագերիներին վերադարձրել են, հնարավոր է մտածված քայլերի միջոցով պահվող մյուս անձանց ևս հայրենիք վերադարձնել։ 

Բորիս Ավագյանը չհստակեցրեց, թե ռազմական գործողությունների ավարտից հետո՝ Հադրութի Հին Թաղեր ու Խծաբերդ բնակավայրերում, դեկտեմբերի 16-ին գերեվարված 62 շիրակցիներից 54-ին վերադարձնելու ուղղությամբ ինչ քայլեր են կատարվում, սակայն նշեց, որ հիմնական խնդիրն է քննարկել և բացահայտել հասարակությանը, թե ինչի՞ պատճառով է գործընթացը կանգ առել։ Դա է հիմնական հարցը, որ հասարակությունը պետք է ուշադրություն դարձնի և հարցն ուղղի կառավարությանը։

ԱՀ նախագահի ներկայացուցիչը, մասնավորապես, անակնկալ որակեց իմքայլական պատգամավոր Արթուր Մանուկյանի հայտարարությունը, թե գերիների հետ կապված հարցերը պետք է ուղղել ՌԴ դեսպանին։ «Այն հայտարարությունները, որոնք այսօր արվում են, օրինակ՝ պատգամավոր Մանուկյան Արթուրն ասում է, որ պետք է դիմել ՌԴ դեսպանին՝ գերիների հարցով։ Ինձ համար անակնկալ է, զարմանում եմ ո՞նց կարելի է նման հայտարարություններ անել։ Քաղաքացիները պետք է հավաքվեն, գնան ՌԴ դեսպանին դիմեն և հարցնեն՝ իրենց բարեկամները երբ են վերադառնալու Հայաստա՞ն»։

Նշենք, որ Իմքայլական պատգամավոր Արթուր Մանուկյանը «Հրապարակին» տված հարցազրույցում հայտարարել էր, թե «գերիների հարցն ինչքան մերն է, այնքան էլ ռուսներինն է և ռուսներն են գարանտ՝ այդ հարցը լուծելու»։ Ապա՝ նաեւ նշել էր, որ գերեվարվածների մասին հարցերը պետք է ուղղել ՌԴ դեսպանին, եւ ինքը պետք է փոխանցի Վլադիմիր Վլադիմիրովիչին։

Բացի պատգամավորների հայտարարություններից, արդյոք վարչապետի՝ Ադրբեջանին ուղղված հայտարարությունները կարո՞ղ են խանգարել գերիների վերադարձի գործընթացին, Ավագանը նշեց, որ չի հետևում Փաշինյանի բոլոր հայտարարություններին, սակայն անհրաժեշտ է համարում աշխատանքային խումբ կազմել, վերլուծել ընդհանուր խնդիրը։

«Կարելի է անընդհատ հարցազրույցներ տալ, պետական պաշտոնյաները, պատգամավորները կարող են ինչ-որ հարցերի շուրջ կարծիքներ հայտնել։ Ամեն մեկն իր սեփական կարծիքն է հայտնում, բաց պետք է կոնսոլիդացված աշխատանքային խումբ ստեղծվի՝ գերատեսչական և միջպետական՝ ՀՀ-ի և Արցախի ներկայացուցիչներով։ Երկու հանրապետությունների ներկայացուցիչների խումբը պետք է վերլուծի խնդիրը։ Ակունքները պետք է հասկանանք՝ ի՞նչն է կանգնեցրել այն գործընթացը, որը գնում էր։ Վերլուծության համար պետք է ունենալ ամբողջական ինֆորմացիա։ Եթե ամեն մեկը իր փոքր կտորով սկսի վերլուծել, պատասխանները կլինեն ոչ լիարժեք, կամ իրար հակասող»,- ասաց նա։

Արցախի նախագահի հատուկ ներկայացուցիչը նշեց, որ աշխատանքային խումը ստեղծելուց և խնդրի ակունքները հասկանալուց հետո հնարավոր կլինի ունենալ դրական դինամիկա։

«Դրան պետք է գնալ շատ արագ, վերլուծել, հասկանալ և անել այն քայլերը, որոնք կտան լուծումն այն խնդրին, որը մենք ունենք։ Ես պատկերացնում եմ որպես հայր, որ եթե իմ տղաներից մեկը լիներ այնտեղ, ես ոչ մի գիշեր չէի կարողանա քնել։ Դա պետք է անել մաքսիմալ արագ, ոչ թե ծնողներին ասել՝ դիմեք ՌԴ-ի դեսպանին»։

Բորիս Ավագյանը նշեց, որ Ադրբեջանում պահվող գերիների մասին ամբողջական տվյալներ ինքը չունի։ Շիրակի մարզպետի խնդրանքով զբաղվում է Հադրութի Հին Թաղեր ու Խծաբերդ բնակավայրերում 62 գերեվարված զինվորականների վերադարձի հարցով։

«Ես զբաղվում եմ միայն շիրակցի 62 գերեվարվածների հարցով։ Նրանցից ութ հոգին վերադարձվել են, մնացել է 54 հոգի։ Ես շիրակցիների հարցով սկսել եմ զբաղվել, երբ մարզպետը գրավոր դիմել է և խնդրել օգնել։ Մնացած գերիների հարցով չեմ զբաղվել, կառավարությունից ոչ ոք չի խնդրել այդ հարցին աջակցել»,- եզրափակեց Բորիս Ավագյանը։

Աղբյուր` Փաստինֆո