Նիկոլական թիմն այժմ զբաղված է Ադրբեջանի հետ «խաղաղության պայմանագրի» մշակմամբ․ Միքայել Մինասյան

50

Սուրբ Աթոռում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանը տելեգրամյան իր ալիքում գրառում է արել՝ խոսելով Ադրբեջանի հետ «խաղաղության պայմանագրի» մշակմամբ զբաղված Փաշինյանի թիմի մասին։

Գրառումը ներկայացնում ենք ստորև․

«Նիկոլական թիմն այժմ զբաղված է Ադրբեջանի հետ բարեկամության և համագործակցության մասին համաձայնագրի մշակմամբ: Նրանով, ինչ ընդհանուր լեզվում կոչվում է խաղաղության պայմանագիր, իսկ փաստերի լեզվով՝ կապիտուլյացիայի ամրապնդում՝ միջազգային իրավունքի մեխանիզմներով: Եվ սա նրա առաքելության վերջին ակորդն է: Հայաստանի և հայկական շահերին դավաճանելու առաքելություն բոլոր այն մարդկանց ձեռքերով, որոնք նրան իշխանության են բերել` տարածաշրջանային և գլոբալ ուժային կենտրոններից, մինչև ՀՀ շարքային քաղաքացիներ, որոնք անվերապահորեն հավատացել էին նրան և վստահել իրենց երազանքների իրականացումը և որոնք այժմ փորձում են գոնե ինչ-որ բան հասկանալ իրենց շրջապատող քաոսից:

Եվ թող ձեզ չթվա, որ այս համաձայնագրի մշակումը իրավիճակային որոշում է: Նիկոլի դավաճանության էությունը կայանում է նրանում, որ նա մեթոդաբար և նպատակաուղղված գնում էր դրան: Այս ծրագիրն իրականացնելու համար նրան անհրաժեշտ էր բարոյալքված և գլխատված բանակ, նա մեթոդաբար հասավ դրան, վերահսկվող խորհրդարան, դրան նույնպես հասավ, խամաճիկ իշխանություն Արցախում և լիովին պարտված պատերազմ․ մենք դեռ մարսում ենք այն՝ վրդովվելով անգործությունից, ստից ու ցինիզմից:

 Կապիտուլյացիայից հետո նրա համար կենսական կարևորություն ուներ իշխանության մնալը, և մեր հասարակության երեսպաշտությունը, որը հանգեցրել է ընդդիմության անգործությանն ու թուլությանը, նրան տվել է այդ հնարավորությունը:

Իր առաքելությունն ավարտելու համար նրան անհրաժեշտ է վերահսկվող խորհրդարան, որը նա հույս ունի ստանալ հունիսին՝ ընտրությունները կեղծելով, իր կողմից ղեկավարվող կառավարություն, որը կնշանակի այս վարժեցված պատգամավորներին և Սահմանադրական դատարանը, որը Հրայր Թովմասյանին պաշտոնանկ անելուց հետո իրականացրել է Նիկոլի բոլոր, կրկնում եմ բոլոր հրամանները:

Ավելին, այս հարցում նա վայելում է բոլոր արտաքին դերակատարների ՝ Թուրքիայի, Ռուսաստանի, Ադրբեջանի, աջակցությունը, լուռ մնացող ԱՄՆ-ի և Ֆրանսիայի աջակցությունը, ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում Ադրբեջանի դեմ պատժամիջոցները արգելափակող Մեծ Բրիտանիայի աջակցությունը: Անգամ Սորոսի գլոբալիստական նախագիծը սատարում է այս գործընթացին: Բոլոր արտաքին դերակատարները պատրաստ են Հայաստանի ապագայի գնով ապաշրջափակել տարածաշրջանը, բացառությամբ, թերևս, Ռուսաստանի, որը չի շտապում աջակցել Հայաստանին այն պարագայում, երբ Հայաստանն ինքն իրեն չի աջակցում:

Թափթփուկից, որի շուրթերին 5000 հայրենասերների արյունն է, խաղաղարարի վերածված Նիկոլը,  կամրապնդի իր իշխանությունը ստրկամիտ բթության ծափահարությունների ներքո:

Իր իշխանության հենց սկզբից Նիկոլը մեթոդաբար և ծայրաստիճան հաջող կերպով պարտադրում էր (և շարունակում է պարտադրել) իր խաղը բոլորիս: Խաղ, որի հաղթանակի դեպքում նա կլինի տարածաշրջանում խաղաղություն բերողը, այլ ոչ թե խղճուկ դավաճան: Եվ միայն մեզանից՝ Հայաստանը որպես Թուրքիայի և Ադրբեջանի խամաճիկ տեսնել չցանկացողներից է կախված, որ դա նրան չհաջողվի»։