ԼՂ-ում նոր պատերազմից հնարավոր էր խուսափել. 2018թ.-ի մայիսից հետո ՀՀ նոր ղեկավարության լուրջ սխալների պատճառով իրավիճակը փոխվեց ի վնաս Երևանի. Է. Նալբանդյանը՝ Politique Internationale-ին

117
ՀՀ նախկին արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը հարցազրույց է տվել ֆրանսիական Politique Internationale-ին՝ անդրադառնալով Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման բանակցային գործընթացին և 44-օրյա պատերազմի արդյունքներին:  
Ստորև ներկայացնում ենք հարցազրույցից մի հատված. 
-Հնարավո՞ր էր արդյոք խուսափել Լեռնային Ղարաբաղում նոր պատերազմից։ 
-Հնարավոր էր և անհրաժեշտ էր։ 2018 թ. մայիսին, թողնելով Հայաստանի արտաքին գործերի նախարարի պաշտոնը, ես հանդես եկա հայտարարությամբ, որում կարևորեցի, որ պահպանվի, ամրագրվի ու առավել կատարելագործվի այն ամենն ինչ խաղաղ հանգուցալուծման հասնելու ուղղաթյամբ մշակվել էր բանակցային գործընթացի ընթացում։ 
Ակնհայտ էր, որ դրանցից նահանջելը կարող էր ունենալ անկանխատեսելի հետևանքներ։ Այս կարծիքին էին նաև Մինսկի խմբի համանախագահները։ 
Մինչև 2018 թվականը Ադրբեջանը, ինքն իրեն տանելով փակուղի բանակցային գործընթացից դուրս գալու բազմաթիվ սպառնալիքներ էր հնչեցնում, բայց չէր գնում դրան՝ վախենալով ուղղակի առճակատման մեջ մտնել Մինսկի խմբի համանախագահների՝ ՄԱԿ ԱԽ երեք անդամ երկրների՝ Ռուսաստանի, ԱՄՆ-ի ու Ֆրանսիայի հետ, որոնք հակամարտության կարգավորման միջնորդության միջազգային մանդատ ունեն և հետևաբար Ադրբեջանը վախենում էր ուղղակի հակամարտության մեջ մտնել ողջ միջազգային հանրության հետ։ Ընդ որում, բազմիցս խախտելով զինադադարը, խաթարելով բանակցային գործընթացը Բաքուն պարբերաբար սադրում էր Երևանին հրաժարվել բանակցություններից, որպեսզի Հայաստանի վրա դնի խաղաղության գործընթացի խափանման պատասխանատվությունը։ Բայց դա ադրբեջանական կողմին ոչ մի կերպ չէր հաջողվում։ Ավելին, Հայաստանը քանիցս հրապարակայնորեն հայտարարել է, որ պատրաստ է կարգավորման նպատակով շարունակել բանակցությունները՝ ԵԱՀԿ ՄԽ համանախագահների առաջարկությունների հիման վրա։ 
2016 թ.-ի մարտին, գտնվելով Վաշինգտոնում, Ադրբեջանի արտաքին գործերի նախարարը հրաժարվեց հանդիպել համանախագահներին՝ այդպիսով արտահայտելով իր բողոքը Լեռնային Ղարաբաղի հարցում նրանց դիրքորոշման և առաջարկությունների վերաբերյալ։ 
Ձախողվելով դիվանագիտական ճակատում, 2016 թ.-ի ապրիլին Ադրբեջանը ագրեսիա սանձազերծեց Լեռնային Ղարաբաղի նկատմամբ՝ փորձելով ուժի միջոցով պարտադրել իր բանակցային մոտեցումները։ Այն ժամանակ գրեթե ողջ միջազգային հանրությունը կոչ արեց անմիջապես դադարեցնել ռազմական գործողությունները։ Բացառություն կազմեց Թուրքիան, որը սատարեց Ադրբեջանի ագրեսիվ գործողությունները։ Երկու օր անց պարզ դարձավ, որ Ադրբեջանի սանձազերծած ռազմական գործողությունը ձախողվում է։ Ապրիլի 5-ին՝ պատերազմական գործողությունների սանձազերծումից երեք ու կես օր անց, Ռուսաստանի ակտիվ միջնորդական ջանքերով, Մոսկվայում բանավոր համաձայնություն ձեռք բերվեց զինադադարի վերահաստատման մասին՝ հիմնված հիշատակված 1994-1995 թվականների եռակողմ զինադադարի համաձայնագրերի վրա։ Այդ համաձայնագրերի կենսունակությունը կասկածի տակ դնելու Բաքվի ձեռնարկած փորձերին ի պատասխան, 2016-2018 թվականներին համանախագահ երկրները հանդես եկան մի շարք հայտարարություններով, որոնք պահանջում էին անշեղորեն իրականացնել դրանք։ 
Այսպիսով, Բաքվին չհաջողվեց հասնել իր ո՛չ ռազմական, ո՛չ դիվանագիտական նպատակներին։ Դրա վառ վկայությունն են Լեռնային Ղարաբաղի հարցով 2016թ.-ի մայիսի 16-ի Վիեննայի և 2016թ.-ի հունիսի 20-ի Սանկտ Պետերբուրգի գագաթաժողովները, ինչպես նաև դրանց հետևած եռանախագահների բազմաթիվ հայտարարությունները, այդ թվում՝ ԵԱՀԿ Նախարարների խորհուրդների շրջանակներում Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ֆրանսիայի արտգործնախարարների կողմից 2016թ.-ի դեկտեմբերի 8-ին Համբուրգում և  2017թ.-ի դեկտմբերի 7-ին Վիեննայում արված հայտարարությունները։ Ընդ որում, Հայաստանն արտահայտել էր իր աջակցությունը համանախագահ երկրների մոտեցումներին։ 
– Ի՞նչ պատահեց 2018թ.-ի մայիսին Երևանում իշխանության փոփոխությունից հետո։ 
– 2018թ.-ի մայիսից հետո Հայաստանի նոր ղեկավարության դիվանագիտական լուրջ սխալների, չմտածված հայտարարությունների և քայլերի պատճառով իրավիճակը փոխվեց ի վնաս Երևանի։ Հայկական կողմը հայտարարեց, որ որոշել է բանակցությունները սկսել իր «նոր կետից», ըստ էության հրաժարվելով բանակցային գործընթացի նախկին արդյունքներից՝ սակայն չկարողանալով նույնիսկ համանախագահներին բացատրել, թե որտեղ է գտնվում այդ «կետը» և ինչում է այդ մոտեցման էությունը։ Եթե նախորդ տարիների ընթացքում բազմիցս ընդգծվում էր, որ Հայաստանի դիրքորոշումը համահունչ է ԵԱՀԿ ՄԽ համանախագահների մոտեցումներին, ապա այժմ միջազգային հանրության աչքերում Երևանը ներկայանում էր, որպես բանակցային գործընթացի ոչ կառուցողական կողմ։ Հայաստանի նոր իշխանությունները ավելի հեռուն գնացին՝ սկսելով կասկածներ հայտնել, որ հակամարտությունը հնարավոր է հանգուցալուծել բանակցությունների միջոցով և նույնիսկ պնդելով, որ պատերազմն անխուսափելի է։  
Բաքուն ստացավ այն, ինչ իրեն տարիներ շարունակ չէր հաջողվում՝ որպես պատերազմի պատճառ ներկայացնել Հայաստանի կողմից բանակցություններից հրաժարվելու մեղադրանքը։  Թեև հենց Ադրբեջանն էր, որ առնվազն 2008-ից 2018 թվականներին մերժում էր համանախագահների կողմից արված բոլոր առաջարկները՝ ոչ միայն հիմնահարցի քաղաքական կարգավորման, այլև՝ փոխվստահության միջոցառումների կառուցման և զինադադարի ամրապնդման վերաբերյալ։ Ուստի, հենց Ադրբեջանն է գլխավորապես մեղավոր, որ հակամարտությունը չի կարգավորվել, ինչպես նաև, կրկնում եմ, 2020 թվականի սեպտեմբերին պատերազմ հրահրելու ու սանձազերծելու հարցում։ 
Երբ կողմերից մեկը պատրաստվում է պատերազմի, իսկ որևէ մեկի համար գաղտնիք չէ, որ տարիներ շարունակ Ադրբեջանը հենց դա էր անում, իսկ մյուս կողմը կարծում է, որ պատերազմն անխուսափելի է և չի անում այն ամենն ինչ անհրաժեշտ է ռազմական գործողությունները կանխելու համար, ապա պատերազմը դառնում է անխուսափելի։ Բայց նաև այդ դեպքում, երբ հակառակորդը գնում է ռազմական արկածախնդրության, կարելի է պատերազմը կանգնեցնել, եթե պատրաստ ես համապատասխան հակահարված տալ և եթե առկա է աներկբա աջակցություն և ըմբռնում դաշնակիցների ու միջազգային հանրության կողմից, որոնք կանեն այն ամենն ինչ հնարավոր է, որպեսզի կանգնեցնեն ռազմական գործողությունները։ Իրավիճակի նման զարգացման ականատեսն ենք եղել 2016 թվականին, երբ պատերազմը կանգնեցվեց երեք ու կես օր անց։
 Իսկ նրանց, ովքեր այսօր նույնիսկ Երևանում պնդում են, թե միևնույնն է ոչ ոք չէր կարող երաշխավորել, որ շուրջ երեսուն տարի ձգվող բանակցությունների միջոցով հնարավոր էր մոտ ապագայում հասնել կարգավորման, ես կպատասխանեմ հայտնի ասացվածքով. «ավելի լավ է 40 տարի բանակցել, քան՝ 40 օր պատերազմել»։ Մանավանդ, երբ բանակցությունները գնում էին անհրաժեշտ ճանապարհով՝ հիմնված համանախագահների կառուցողական առաջարկների վրա։ Հայաստանը չէր վարում բանակցություններ հանուն բանակցությունների, այլ՝ ձգտում էր հասնել հանգուցալուծման և համանախագահների ու Հայաստանի մոտեցումները համահունչ էին դարձել։

Աղբյուր՝ tert.am