“Զոհերը քիչ են՝ 6 մարդ…”

123
Խմբագիր Արմեն Ամիրխանյանը գրում է, –
Խմբագիր աշխատելու ավելի քան 2 տասնամյակի ընթացքում լրագրող գործընկերներիս միշտ խնդրել եմ մարդկանց մասին վիճակագրություն ներկայացնելիս, հատկապես երեխաների եւ զոհվածների (զոհերը ճիշտ բառը չէ) դեպքում երբեք չգրել մոտ կամ շուրջ այսքան (թերեւս, երբեմն հանրահավաքների պարագայում բացառություն անելով)։ Իհարկե, որպես խմբագիր, հանգիստ կարող էի ինքս ջնջել այդ բառերը, բայց ուզում էի, որ նրանց մեջ արմատավորվի մարդկանց մասին հարգանքով, նույնիսկ նրանց սիրելով  գրելու մշակույթը…
Ինձանից ավագ սերունդը կհիշի «Թունել» ֆիլմը, ինձ համար, որպես դեռահասի, հատկապես հուզիչ ու անմոռանալի էր վերջին դրվագը։ Դիվերսանտների 7 հոգանոց խումբը պետք է թշնամու թիկունքում X պահին գրավի թունելը, որտեղով պետք է հարձակվի յուրային զորքը։ Ֆիզիկապես ատլետիկ եւ նիհարակազմ երկուսը մշտապես ծաղրում են իրար, երրորդը խիստ բնավորությամբ տղա է, աղջիկ կապավորը, կարծես, սիրահարվել է երիտասարդ հրամանատարին։ Ֆիլմի ընթացքում հասցնում ես համակրել բոլորին… Նրանք թունելը գրավում են ու կյանքի գնով չեն թողնում պայթեցնել, ողջ է մնում միայն կապավոր աղջիկը… Հարձակվող զորքերի կապավորը աղջկա ձեռքից խլում է խոսափողը եւ նրանից ճշտելով, թե ինչ գնով են ճեղքել թշնամու ճակատը, զեկուցում է հրամանատարությանը. «Թունելը մեր ձեռքում է։ Զոհերը քիչ են՝ 6 մարդ… »… Վերջին կադրում արտասվող աղջկա հայացքն է, որը, թերեւս, միայն այդ պահին է գիտակցում, թե ինքն անձամբ ինչ ահռելի կորուստ է ունեցել։
Հ.Գ. Մեր  տղաների ու եղբայրների մասին երբեք մի ասեք 5 հազարի կարգի, 5 հազարի չափ, մոտ, շուրջ… Էլ չեմ ասում պլյուս-մինուսով: Եթե ճշգրիտ թիվը չգիտեք՝ ասեք 5 հազար։