Մի քանի գառ, բազում գայլեր

62
Ո՞վ չի ընդվզել ֆրանսիական որոշ լրագրերում արցախահայերին սովորական «անջատականներ» կոչելու դեմ: Ո՞վ տեղից վեր չի թռելՙ կարդալով, որ «Շուշան» գրավվել է:

Տիգրան Եկավյանը, ում ձայնը նշանակալից է Սփյուռքում, 2021 թվականի հունվարին կատարել է կարեւոր ու սպասված մի հաշվետվություն. «Ֆրանսիայի թուրքական եւ ադրբեջանական համայնքը. գործիքՙ պանթուրքիզմի ձեռքին»ՙ Ֆրանսիայում թուրքական եւ ադրբեջանական համայնքների դերի եւ կարեւորության մասին: Այս հաշվետվությունը հրապարակել է Ֆրանսիական հետախուզական հետազոտությունների կենտրոնը (CF2R):

«Ֆրանս-Արմենի» – Ինչպե՞ս հղացավ այս հաշվետվության գաղափարը:

Տիգրան Եկավյան – Էրիկ Դընեսենՙ Ֆրանսիական հետախուզական հետազոտությունների կենտրոնի տնօրենը, որ մոտիկից հետեւում է Արեւելյան Միջերկրականի շուրջ տեղի ունեցող զարգացումներին, հատուկ ուշադրությամբ հետեւեց արցախյան հակամարտության ընթացքին: Նա այն քիչ ֆրանսիացի փորձագետներից է, որ ուսուցողականություն ցուցաբերեց, եւ նրա հոդվածները շատ լուսաբանիչ եղան: Աշխարհառազմավարական մակարդակում, ինչպես նաեւ մեր երկրում թուրքական ծավալապաշտության նկատմամբ լինելով շատ զգոնՙ նա իր արտերկրյա ցանցերի միջոցով ինձ հանձնարարեց գրել մի հաշվետվություն, որը հնարավորություն կտար հասկանալ Անկարայի աշխատանոցների ռազմավարությունը, նաեւ թե ինչ ճանապարհով Բաքվի վարչակարգի ազդեցությունների կայանները կարողացան Ֆրանսիայում որոշակի հենակետ ունենալ:

– Կներկայացնե՞ք մեզ CF2R-ի գործունեությունը:

– Մենք անկախ think tank (վերլուծական կենտրոն) ենք, որը ստեղծվել է 2000 թվականին եւ մասնագիտացված է միջազգային հետախուզության ու անվտանգության ուսումնասիրության մեջ: Կենտրոնի նպատակներից են ակադեմիական հետազոտության զարգացումը եւ միջազգային հետախուզությանն ու անվտանգությանը վերաբերող հրապարակումները, փորձագիտություններըՙ որոշում կայացնողների, կառավարչությունների, պատգամավորների, ԶԼՄ-ների համար, եւ վերջապես, հետախուզության համակողմանի մասսայականացումըՙ ուսուցանելով լայն հանրությանը: CF2R-ը բաղկացած է երեք մասնագիտացած բեւեռներից. հետախուզության պատմություն, որը զբաղվում է պատմության ողջ ընթացքում հետախուզական գործողությունների ուսումնասիրությամբ, հետախուզական դիտարան, որը վերլուծում է ժամանակակից հետախուզության գործունեությունը, եւ միջազգային անվտանգություն, որի դերն է վերլուծել միջազգային անվտանգության հիմնական խնդիրները (ահաբեկչություն, հակամարտություններ, տարածաշրջանային ճգնաժամեր, ծայրահեղականություն, կիբեր-սպառնալիքներ, միջազգային հանցագործություն եւ այլն):

– Ինչպիսի՞ն է թուրքական ու ադրբեջանական համայնքների թվային եւ սոցիոլոգիական պատկերը Ֆրանսիայում:

– Հուսալի վիճակագրության բացակայության պայմաններում պետք է բավարարվենք մոտավոր հաշվարկներով: Ստրասբուրգի համալսարանի թուրքագիտության ամբիոնի վարիչ, հասարակագետ Սամիմ Ակգյոնուլը խոսում է Թուրքիայից եկած 500.000 հոգու մասին, ինչը լայն ընդգրկում ունի, քանի որ ներառում է ինչպես սուննի թուրքերին, որոնք հաստատվել են Ֆրանսիայում 1960-ական թվականներիցՙ աշխատանքային ներգաղթի շրջանակներում, ալեւիներին, քրդերին, այլեւ հայերին ու ասորա-քաղդեացիներին: Այլ աղբյուրներ ֆրանս-թուրքերի թիվը համարում են 700.000: Սակայն Ֆրանսիայի թուրք համայնքն ամենեւին միատարր զանգված չէ, չնայած, որ Դիյանեթի (Կրոնական գործերի վարչություն) կամ Միլի Գյորուշի (Ազգային կարծիք) նման կառույցները, որոնք կառավարում են մահմեդական կրոնական հարցերը, փորձում են այդ համայնքը կերտել Էրդողանի Թուրքիայի պատկերով: Իր հերթին ադրբեջանական պաշտոնական վիճակագրությունը հայտնում է Ֆրանսիայում 70.000 ազերիների առկայության մասին: Դժվար է ստուգել այդ թիվը, սակայն դրա ներքո երեւում է թվային մեծ ներկայություն ունենալու ցանկությունը Բաքվի համար կարեւոր մի երկրում: Այս անդրազգային համայնքներին բնութագրական է խիստ բազմատարրությունը: Իմ հաշվետվության մեջ ես ասում եմ, որ Անկարայի աշխատանոցները նախկինում չեն կարողացել ստեղծել CCAF-ին (Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհուրդ) համարժեք մի բան, որը կկարողանար համակարգել եւ միավորել ասոցիատիվ հյուսվածքն իր բազմազանության մեջ: Մինչդեռ վերջին շրջանի նրանց ասոցիատիվ հյուսվածքի մշակութային, կրոնական եւ քաղաքական ցանցավորումը դրսեւորում է անկաշկանդ համայնքապաշտություն եւ ֆրանսիական ինքնիշխանության բացահայտ ոտնահարում: Համայնքային կառույցների ենթարկումը թուրքական պետությանն ու նրա կայաններինՙ համեմատաբար նոր իրողություն է: Այն հետեւում է ծավալապաշտական օրակարգին, որը մտադիր է այս համայնքը դարձնել ուժեղ լծակՙ AKP-ի («Արդարություն եւ զարգացում» կուսակցություն) վարչակարգի շահերին ծառայող գործիք: Հետաքրքրական է դիտարկել այն դիալեկտիկան, որ առկա է մի կողմիցՙ ձուլման ենթարկվող ծագումով հայ Ֆրանսիացիների եւ մյուս կողմիցՙ իրենց հպատակությունն առաջին հերթին Էրդողանի Թուրքիային տվող ֆրանս-թուրքերի միջեւ: Անկարայի իշխանությունը Ֆրանսիա է ներմուծում մի տեսակ իսլամաֆաշիզմ, որի առաջին զոհերից են Թուրքիայից եկած այն քաղաքացիները, որոնք նրանց նման չեն (ալեւիներ, քրդեր, ասորա-քաղդեացիներ…):

– Ինչպե՞ս եւ ի՞նչ նպատակով են իրենց ներկայությամբ Ֆրանսիայում նրանք ծառայում պանթուրքիզմին:

– Պանթուրքիզմը, ինչպես եւ պանիսլամիզմը, լծակ է, որ սպասարկում է թե՛ աշխարհառազմավարական նպատակների, թե՛ ներքին քաղաքականության նկրտումների: Էրդողանի համար անիմաստ չէ Արեւմտյան Եվրոպայում կուտակել աջակիցներՙ հաշվի առնելով, որ արտասահմանում ապրող թուրքերը քվեարկելու իրավունք ունեն եւ կարող են քվեների վճռորոշ պաշար հանդիսանալ ընտրությունների արդյունքների սեղմության դեպքում: Մասնավորապես այդպես եղավ 2017 թվականին սահմանադրության փոփոխության հանրաքվեի ժամանակ, եւ ավելի փոքր չափովՙ նախագահական ընտրությունների ժամանակ: Ընդհանուր առմամբ, պանթուրքիզմը, ինչպիսին այն արտահանվել է Ֆրանսիա, միանում է թուրք-իսլամիստական այն սինթեզին, որն առկա է Թուրքիայում 1980 թվականի պետական հեղաշրջումից ի վեր կատարված ձուլումից, ինչը Ռեջեփ Թայիփ Էրդողանը համարել է «մարդկության դեմ հանցագործություն»: Հետեւաբար զարմանալի չէ տեսնել, որ ֆրանս-թուրքական համայնքի մի ստվար հատված էնդոգամ է եւ համայնքապաշտ:

– Որքանո՞վ են այս համայնքները սպառնալիք հանդիսանում Ֆրանսիայի տարածքային ամբողջականության եւ ինքնիշխանության համար:

– Ֆրանսիայի տարածքային ամբողջականության եւ ինքնիշխանության դեմ սպառնալիքից վախենալու իրական պատճառները ոչ այնքան հայկական ծագումով մեր հայրենակիցների, քրդերի եւ Էրդողանի ռեժիմի հակառակորդների դեմ «Գորշ գայլերի» գործողություններն են, որքան անկաշկանդ համայնքապաշտության մի տեսակ ինստիտուցիոնալացումըՙ իսլամաֆոբիայի եւ ամեն տեսակի բացառումների դեմ պայքարի քողի տակ: PEJ-ի («Հավասարություն եւ արդարադատություն») նման կուսակցությունը, որն իրականում AKP-ի խամաճիկն է Ֆրանսիայում, մեր երկրում բացարձակ անպատժելիորեն հեղում է Էրդողանի վարչակարգի բառամթերքը: Բավարար չհամարելով Ստրասբուրգում Անկարայի պատնեշ հանդիսանալըՙ եվրոպական մարմիններին ամուր կցված այդ ազդեցության կայանները չեն թաքցնում իրենց կապը «մահմեդական եղբայրներին» (Ախուան ալ-մուսլիմին) հարող ցանցերի հետ: Դրանից ելնելովՙ կարող ենք անկանխակալորեն խոսել թուրք-քաթարական դաշինքի մասին, ինչը խարխլում է մեր հանրապետական արժեհամակարգըՙ մեր գավառներում խոցելի բնակչություն նվաճելով:

– Ի՞նչ կարող եք ասել Ֆրանսիայում ադրբեջանական համայնքի եւ վերջին պատերազմի ժամանակ նրա ակտիվության մասին:

– 2018-ի խորհրդարանական ընտրություններից հետո խավիարային դիվանագիտությունը փոքր-ինչ ժանգոտվել էր: Բաքվին «պարտական» պատգամավորների ու սենատորների ասպարեզից հեռանալուց հետո, Ադրբեջանից վճարվող խոսնակները ստիպված էին հավաքագրել մոտավոր հավատարմութամբ «երկրորդ ջութակներ»: Դա կարող էր բարդացնել դեսպանության աշխատանքը. վերջինս անգամ դատական գործ էր հարուցել խորհրդատվական մի ընկերության դեմ, որի ծառայություններից դժգոհ էր: Ընդհանուր առմամբ, ադրբեջանցիները պարտվել են վարկանշային պայքարում (ջիհադիստ վարձկաններ, թուրքական ու պակիստանական ներգրավվածություն, ավտորիտար ղեկավարՙ թեեւ անգլիախոս եւ արեւմտականացած, սակայն Բորատի կերպարին շատ նման, եւ այլն):
Մյուս կողմից, նրանք վճռական միավորներ վաստակեցինՙ արցախյան խնդրի շուրջ բանավեճի մտնելով ուժեղացածՙ միջազգային իրավունքի վերաբերյալ իրենց փաստարկներով (տարածքային ամբողջականության պահպանում), իրենց ներկայությամբ ֆրանսախոս ռուսական լրատվամիջոցներում եւ հակադարձ մեղադրական ռազմավարությամբ, ինչը հնարավորություն տվեց չափավորել թուրք-ադրբեջանական ուժերի իրականացրած պատերազմական հանցագործությունների մասշտաբները: Իրենց հերթին Ֆրանսիայի հայերը հակառակորդի քարոզչության դեմ լրատվամիջոցներում տված պատասխաններում չունեցան բավականաչափ շաղկապվածություն, եւ հատկապես չունեցան տեսլական: Այսպիսով, մինչ Հայաստանը պարտություն կրեց, Սփյուռքն իր հերթին ոչինչ չկանխատեսեց եւ պետք է որ նա անպայման լիովին արդիականցնի իր ծրագրակազմը, եթե ցանկություն ունի շարունակել քաղաքականապես գոյություն ունենալ:

ՄԱԹՅՈ ԲԱՂԴՈՅԱՆ

Ֆրանսերենից թարգմանեց ԱՐՈՒՍՅԱԿ ԳՐԻՆՈ ԲԱԽՉԻՆՅԱՆԸ, Սիստերոն, Ֆրանսիա