Միջազգային սկանդալ Անկարայում. Չավուշօղլուն ուղիղ եթերում հանդիմանել է հույն գործընկերոջը

57

Միջադեպը տեղի է ունեցել ապրիլի 15-ին, պաշտոնապես Թուրքիա այցելող Հունաստանի արտգործնախարար Նիկոս Դենդիասի հետ հանդիպումից հետո Մևլութ Չավուշօղլուի հրավիրած մամուլի համատեղ ասուլիսում: Թուրքիայում լայն արձագանք գտած ասուլիսը լուսաբանելիս, որ ուղիղ եթերում հեռարձակվել է հեռուստաէկրաններից, թուրքական լրատվամիջոցները կենտրոնացել են հույն նախարարի այսպես կոչված “սադրիչ” հայտարարությունների վրա, շրջանցելով ողջամտորեն թուրք արտգործնախարարի սադրանքները:

“OdaTV” կայքը, որ առաջադեմ լրատվամիջոցի համարում ունի թուրք հասարակության մեջ, երկու երկրների արտգործնախարարի հանդիպումը ընթերցողին ներկայացնում է հետևյալ տողերով. “Մինչ Թուրքիան ձգտում էր երկխոսության միջոցով կարգավորել Հունաստանի հետ առկա խնդիրները, երեկ Անկարան ականատես եղավ հույն նախարար Նիկոս Դենդիասի սադրանքներին: Չավուշօղլուի հետ մամուլի ասուլիսում Հունաստանի նախարարը Թուրքիային հասցեագրեց անընդունելի զրպարտանքներ: Հունական մամուլը դրանց առնչությամբ գրեց, որ Չավուշօղլուի հետ հանդիպումից առաջ Դենդիասը համապատասխան հրահանգ է ստացել իր վարչապետ Միցոտակիսից”:

Ըստ թուրքական կայքէջի Դենդիասը Անկարային սպառնալու մղումով անհիմն մեղադրանքներ է հնչեցրել, ասելով.  “ Եթե Թուրքիան շարունակի ոտնահարել մեր երկրի ինքնիշխանության իրավունքները, ապա կդառնա պատժամիջոցների թիրախ: Լիբիայի հետ Թուրքիայի ստորագրած համաձայնագիրը, որ դատապարտվել է Եվրոպական Միության կողմից, ոտնձգություն է Հունաստանի ինքնիշխանությանը”: Չավուշօղլուն, որ արդեն ելույթ ունեցել էր ասուլիսում,  խախտելու գնով արարողակարգը, 2-րդ ելույթով նույն պահին միջամտել է և ասել է. “Նա եկել է ոչ թե հարաբերությունները կարգավորելու, այլ փչացնելու համար”:

Ապա Չավուշօղլուն շարունակել է. “Ես իմ ելույթում Հունաստանին մեղադրող որևէ խոսք չեմ ասել, հույս ունեի, որ հանդիպումը կանցնի դրական մթնոլորտում”: Նրան հաջորդ օրվա ելույթում, ինչպես վկայում է Թուրքիայի նախագահի խոսափող “Ենի շաֆաք” թերթը, պաշտպանել է Էրդողանը, նշելով. Ցավոք Դենդիասի հետ մեր արտգործնախարարի հանդիպմանը գործը հասել է բոլորովին այլ բաների: Նա կարգի է հրավիրել չափն անցած Դենդիասին: Այլ կերպ չէր էլ կարող վարվել, որովհետև դա վայել չէր լինի ոչ մեր ազգին, ոչ էլ մեր երկրին: Օգտվելով առիթից, նշենք, որ Թուրքիան, հավակնելով հույների տարածքային ջրերին, Արևելյան միջերկրականում առճակատման մեջ է մտել Հունաստանի հետ: Հատկանշական է, որ ջրային սահմանների հարցում Եգիպտոսի գլխավորությամբ Հունաստանին են պաշտպանում այնպիսի երկրներ, ինչպիսիք են Սաուդիան Արաբիան, Արաբական Միացյալ Էմիրությունները ևլն., չհաշված ԵՄ-ի երկրներին: