Հայ-թուրքական հարաբերությունները 1991-1992թթ․ Ամփոփ ժամանակացույց՝ ըստ «Ազգ» օրաթերթի. մաս 1

122

Ուղիղ 30 տարի առաջ այս օրերին Հայաստանի քաղաքական ղեկավարության կողմից բուռն աշխատանքների էին տարվում հայ-թուրքական հարաբերությունները կարգավորելու և Թուրքիայի հետ «խաղաղ համակեցության» գաղափարը օրակարգային դարձնելու ուղղությամբ․  «Հայաստանը Թուրքիայի նկատմամբ որևէ տարածքային պահանջներ չունի։ Մենք պատրաստ ենք փոխշահավետ ցանկացած համագործակցության» հայտարարում է Լևոն Տեր-Պետրոսյանը։ Հաշվի առնելով այն հանգամանքը, որ այժմ այս հարցը, ճիշտ այնպես ինչպես 30 տարի առաջ, դարձել է «օրակարգային», ներկայացնում ենք Հայաստանի անկախության առաջին տարիներին հայ-թուրքական հարաբերությունների ամփոփ ժամանակացույցը․

1991

1991թ. ապրիլին ԽՍՀՄ-ում Թուրքիայի դեսպան Վոլկան Վուրալը երեքօրյա պաշտոնական այց է կատարում Երևան: Վուրալի այցը պաշտոնապես ԽՍՀՄ կազմում գտնվող, սակայն արդեն անկախության ճանապարհը բռնած Հայաստան, առաջին բարձրաստիճան թուրք պաշտոնյայի այցելությունն էր՝ վերջին 70 տարիների ընթացքում: Դեսպան Վուրալի հետ հանդիպման ընթացքում Հայաստանի Գերագույն Խորհրդի նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանն ասում է. «Հայաստանը փոփոխվում է և այս նոր աշխարհում մենք պետք է նաև աշխարհայացքով հարևան պետություններ լինենք: Մենք ցանկանում ենք բարեկամներ դառնալ: Մենք պատրաստ ենք փոխշահավետ ցանկացած համագործակցության: Հայաստանը Թուրքիայի նկատմամբ որևէ տարածքային պահանջներ չունի»:

Թուրքիա վերադառնալուց հետո Դեսպան Վուրալը թուրքական Հյուրիեթ թերթին ասաց. «Ես կարող եմ ասել, որ ներկայիս հայկական ղեկավար մարմինների որդեգրած նոր քաղաքականությունը Թուրքիայի հանդեպ ժամանակակից է և բխում է երկու ժողովուրդների շահերից»:

11 սեպտեմբեր, 1991

Տեր-Պետրոսյանը, ընդունելով ԱՄՆ Ներկայացուցիչների Պալատի պատվիրակությանը, ի թիվս այլ հարցերի՝ խոսում է նաև հայ-թուրքական հարաբերությունների մասին.

«Հայաստանի և Թուրքիայի միջև կան լուրջ պատմական հակասություններ: Հայ ժողովուրդը չի կարող մոռանալ 1915թ.-ին իր նկատմամբ իրականացված ցեղասպանությունը և նրա պահանջը ցեղասպանության միջազգային ճանաչման ուղղությամբ միանգամայն արդարացի և օրինական է: Սակայն, չնայած այս բոլորին, Հայաստանը և Թուրքիան պիտի նորմալացնեն իրենց հարաբերությունները» (Ազգ, սեպտեմբեր 11, 1991):

4 նոյեմբեր, 1991

Հայաստան կատարած այցից վերադառնալուց հետո (որի ընթացքում հարցազրույց էր վերցրել Լևոն Տեր Պետրոսյանից), թուրք լրագրող Մեհմեդ Ալի Բիրանդն իր տպավորությունների մասին խոսեց «32 օր» հեռուստահաղորդման ընթացքում. «Հայաստանը ուզում է արտաքին աշխարհ դուրս գալ, բայց այստեղ նրան խոչընդոտում են մերձավոր հարևանների հետ առկա խնդիրները: Շուրջ 4 տարի նա ներգրավված էր Ադրբեջանի հետ քաղաքացիական պատերազմում, մյուս հարևանը` Վրաստանը, նրա հանդեպ բացասական դիրքորոշում է ցուցաբերում, ոչ այնքան ջերմ վերաբերմունք ունի նաև Իրանը: […..] Մի խոսքով, Թուրքիան այսօր Հայաստանի գլխավոր հույսն է: Բայց եկեք տեսեք, որ Հայաստանի ժողովրդին տարիներ շարունակ հրահրել են Թուրքիայի դեմ, դաստիարակել են թշնամական ոգով: Կկարողանա՞ արդյոք այդ ժողովուրդն այսօր փոխել իր դիրքորոշումը Թուրքիայի հանդեպ: […..] Սակայն դրական բոլոր տեղաշարժերով հանդերձ սխալ կլինի ենթադրել, որ Հայաստանում բոլորը սիրով են լցված Թուրքիայի հանդեպ: Անցյալում տեղի ունեցած պատմական իրադարձությունների հարցում նախկինում արմատակալած տեսակետները բոլորի կողմից գրեթե նույնությամբ պաշտպանվում են: Իրականում Թուրքիայի հանդեպ Հայաստանի ներկայիս մոտեցումը պայմանավորված չէ միայն առօրյա դժվարություններով: Սա քաղաքական երկարաժամկետ ծրագրավորման արդյունք է նաև, նման մոտեցումը նախապայման է համարվում հանրապետության անկախության և անկախ պետականության պահպանման համար» (Ազգ, նոյեմբեր 6, 1991):

Իհարկե, Մեհմեդ Ալի Բիրանդը որևէ խոսքի չի ասում Հայաստանի նկատմամբ Թուրքիայի վարած ժխտողական և, մեղմ ասած, ոչ բարեկամական դիրքորոշման մասին։

27 նոյեմբեր, 1991

Ռուսական Իզվեստիա թերթին տված հարցազրույցում Մոսկվայում Թուրքիայի դեսպան Վոլկան Վուրալը հայտարարում է, որ Թուրքիան պատրաստվում է հյուպատոսություն բացել Երևանում (Ազգ, նոյեմբեր 27, 1991):

16 դեկտեմբեր, 1991

Թուրքիայի կառավարությունը ճանաչում է Հայաստանի անկախությունը, թեև դիվանագիտական հարաբերություններ չեն հաստատվում:

24 դեկտեմբեր, 1991

Հայաստանի նախագահ Լևոն Տեր Պետրոսյանին ուղղված ուղերձում Թուրքիայի վարչապետ Սուլեյման Դեմիրելը հայտարարում է, որ Թուրքիան կզարգացնի փոխադարձ բարեկամական հարաբերություններ հայկական իշխանության հետ ԵԱՀԿ սկզբունքների համաձայն, որն, ինչպես Դեմիրելն է ընդգծում, հորդորում է ճանաչել պետությունների տարածքային ամբողջականությունը և սահմանների անխախտելիությունը:

30 հունվար, 1992

Հայաստանը անդամակցում է ԵԱՀԿ-ին: ՀՀ ԱԳՆ պաշտոնյա Քրիստիան Տեր Ստեփանյանը, ով մասնակցել էր ԵԱՀԿ այն հանդիպմանը, որի ընթացքում Հայաստանն ընտրվեց կազմակերպության անդամ, հետագայում «Ազգ»-ին պատմում է թուրքական պատվիրակության հետ կուլիսներում ընթացող խոսակցությունների մասին․ «Մենք խոսեցինք թուրքական կողմի հետ: Նրանք պնդում էին, թե հայկական կողմը տարածքային պահանջներ ունի Թուրքիայի նկատմամբ և որպես ապացույց մեջբերում էին մեր անկախության հռչակագրում իբր նշված հողային պահանջին վերաբերող կետերը: Նրանք Հայաստանից պահանջում էին. Առաջին. հաստատել սահմանների անձեռնմխելիությունը և վավերացնել Կարսի ու Մոսկվայի պայմանագրերը։ Երկրորդ, չհովանավորել ահաբեկչությանը և օգնություն ցույց չտալ այնպիսի կազմակերպությունների, որոնք պայքարում են տարածքային պահանջների համար։ Երրորդ, ընդունել իրավական ակտեր, որոնք բացառեն ռասայական, կրոնական, էթնիկական թշնամությունը ինչպես Հայաստանում, այնպես էլ ԵԱՀԿ պետությունների հանդեպ:

Մեր այն հարցին, թե ի՞նչ կլինի, եթե մենք գրավոր փաստաթուղթ չներկայացնենք, թուրքերն ասացին, թե իրենք Հայաստանի նկատմամբ կկիրառեն վետոյի իրավունքը: Այդտեղ ԱՄՆ ներկայացուցիչն իր վրա վերցրեց կոնֆլիկտի հարթման խնդրում միջնորդի դերը: Մեր դիրքորոշումը ներկայացրինք հետևյալ կերպ.

1. Ինչպես արդեն հոկտեմբերին հայտարարել է Լևոն Տեր Պետրոսյանը, Հայաստանը ցանկանում է բարելավել հարաբերությունները Թուրքիայի հետ առանց որևէ նախապայմանի։

 2. Մենք հաստատում ենք, որ Թուրքիայի և Հայաստանի միջև կան լուծում պահանջող խնդիրներ։

3. Այն հարցերը, որոնք Թուրքիան դնում է մեր առաջ, նույն հաջողությամբ մենք կարող ենք դնել նրա առաջ: Նշեցինք նաև, որ պատրաստ ենք քննարկել թուրքական կողմի բարձրացրած հարցերը ԵԱՀԿ-ի սկզբունքների համաձայն, երկկողմ բանակցությունների ընթացքում: Այս առաջարկներն ամերիկացիներն ի գիտություն ընդունեցին, որից հետո Թուրքիան, ծանոթանալով մեր դիրքորոշումանը, հրաժարվեց իր պահանջից և Հայաստանը դարձավ ԵԱՀԿ անդամ» (Ազգ, փետրվար 12, 1992):

Փետրվար, 1992

Մինչ պատերազմն ավելի է բորբոքվում Լեռնային Ղարաբաղում, հայ-թուրքական հարաբերությունները կտրուկ վատթարանում են: Փետրվարի 25-ին հայկական ուժերը ազատագրում են Խոջալու քաղաքը: Մարտի 4-ին Թուրքիայի նախագահ Թյուրգութ Օզալը հայտարարում է, որ Թուրքիան ավելի վճռական քայլերի կդիմի «հայկական դաժանություններին» վերջ տալու համար: Ակնարկելով ռազմական բախման հնարավորությունը, նա մտածում էր թուրքական զինված ուժերն օգտագործել «հայկական առաջընթացը կանգնեցնելու համար»:

Հայ-թուրքական հարաբերություններում լարվածության աճի առաջին հետևանքներից մեկը թուրք ձեռնարկատեր Իսհակ Ալաթոնի նախագծի դադարեցումն էր, որը նպատակ ուներ թուրքական Տրապիզոն քաղաքի նավահանգիստը բացել հայկական փոխադրումների համար: Այս նախագիծը նաև նախատեսում էր փոխադրել Կենտրոնական Ասիայի գազը և նավթը Հայաստանի տարածքով դեպի Տրապիզոն (Ազգ, նոյեմբերի 23, 1992):

Թեև որևէ թուրք պաշտոնյա երբեք չի նշել, որ Անկարան աջակցում է այս նախագծին, նման հավակնոտ նախագիծը երբեք չէր կարող նախաձեռնվել առանց թուրքական կառավարության լռելյայն համաձայնության: Ինչպես Նյու Յորք Թայմսն է ավելի ուշ նշել, «այս նախագիծը տապալվեց, երբ նախաձեռնության մասին թուրքական մամուլում արտահոսք եղավ, և երբ Ալաթոնը խիստ քննադատության էր ենթարկվում Հայաստանին օգնելու նպատակով Թուրքիայի ավանդական ախոյանների` Ամերիկայի հայկական լոբբիի հետ համագործակցելու համար»:   https://www.nytimes.com/1992/03/07/world/republics-clash-is-too-close-for-turkey-s-comfort.html

Մայիս, 1992

Հաջորդ ամիսներին Անկարայի և Երևանի միջև հարաբերություններն ավելի են սրվում: Մայիսի 9-ին հայկական ուժերն ազատագրում են Շուշի քաղաքը, որը բեկում է մտցնում պատերազում: Շուշիում տեղի ունեցածը, ըստ Թուրքիայի բորբոքված վարչապետ Դեմիրելի, «հայկական ահաբեկչություն է ընդդեմ ադրբեջանցիների: Հետևաբար Թուրքիան չի կարող այս հակամարտության ընթացքում կողմնակի դիտորդի դեր ստանձնել, քանի որ ակնհայտ է, որ Ղարաբաղի հակամարտությունը լուծվում է ուժի կիրառման միջոցով»:

Թուրքական զինված ուժերը բարձր պատրաստվածության են բերվում: Թուրքական բանակի գլխավոր շտաբի պետ, գեներալ Դողան Գյուրեշը հաստատում է, որ ինքը պատրաստ է Ղարաբաղ ուղարկել այնքան զինվոր, որքան կխնդրի Ադրբեջանի կառավարությունը: Հետևազորային գեներալ Մուհիթին Ֆիսունողլուն հայտարարում է, որ «բոլոր անհրաժոշտ պատրաստություններն արված են և բանակը սպասում է Անկարայից հրամանի, որպեսզի մեկնի»: Մայիսի 18-ին Թուրքիայի նախարարների կաբինետը որոշում է ընդունում, որը նախազգուշացնում է, որ «Հայաստանը գնում է շատ սխալ ուղիով և բոլոր հետևանքների համար պատասխանատվություն կկրի, եթե չհրաժարվի իր ագրեսիվ քաղաքականությունից»: Թուրքիայի Մեջլիսի նախագահ Հիքմեթ Զինդորուքը այնուհետև հայտարարում է. «Թուրքիայի համբերությունը նույնպես սահման ունի: Չի կարելի այն չափից ավելի երկար փորձարկել»:

Ռուսաստանն անմիջապես որոշում է հետ մղել Թուրքիայի հավակնությունները Լեռնային Ղարաբաղի կռվում մասնակցություն ցուցաբերելու հարցում: Անկախ Պետությունների Համագարծակցության զինվորական հրամանատար, մարշալ Եվգենի Շապոշնիկովը զգուշացնում է, որ «եթե որևէ այլ կողմ ներքաշվի այստեղ, մենք կարող ենք Երրորդ համաշխարհային պատերազմի նախաշեմին հայտնվել»:

Աղբյուրը՝ «Ազգ» օրաթերթ, esiweb.org, The New York Times

Տես՝ երկրորդ մասը