Հայ-թուրքական հարաբերությունները 1991-1992թթ․ Ամփոփ ժամանակացույց՝ ըստ «Ազգ» օրաթերթի. մաս 2

53

Հունիս 1992

Հունիսի 2-ին նախագահ Տեր-Պետրոսյանը խառնաշփոթ առաջացրեց Թուրքիայում, երբ թուրքական Ջումհյուրիեթ թերթին տված հարցազրույցում ասաց, որ Անկարան Կենտրոնական Ասիայում և Հարավային Կովկասում հետապնդում է պանթուրքիստական քաղաքականություն (հարցազրույցն ամբողջությամբ թարգմանվել է հայերեն և հրատարկվել «Ազգ» օրաթերթում): Տարածաշրջանում Թուրքիայի քաղաքականությանը վերաբերող հարցին ի պատասխան Տեր Պետրոսյանն ասում է. «Եթե Թուրքիան չհետապնդեր գաղափարախոսական նպատակներ Հվ. Կովկասում և Կենտրոնական Ասիայում, այլ փոխարենը առաջ մղեր իր քաղաքականությունը մշակութային, գիտական և տնտեսական զարգացման վրա հենվելով, մենք ջերմորեն կողջունեինք դա: Հայաստանը նման համագործակցությանը կմասնակցեր հաճույքով: Մենք կարծում ենք, որ դա արդյունավետ կլիներ»: Այնուհետև լրագրողը հարցնում է, «գաղափարախոսական նպատակներ ասելով ի՞նչ նկատի ունեք»: Տեր Պետրոսյանը պատասխանում է. «Ես նկատի ունեմ պանթուրքիզմը և տարածաշրջանում առաջացած քաղաքական վակուումը լցնելու նպատակը»:

Ինչ վերաբերում է հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանը, Տեր-Պետրոսյանն ասում է. «Հայաստանում և սփյուռքում սերունդները մեծացել են հակա-թուրքական զգացումներով: Սրան նպաստում էր նախկին ԽՍՀՄ կառավարությունը: Նախկինում կառավարող վարչակազմը ցանկանում էր մեկուսացնել Հայաստանը Թուրքիայից` նպատակ ունենալով ավելի ուժեղացնել խորհրդային իշխանությունը Հայաստանում […]: Երբ ժողովրդավարական ուժեր եկան իշխանության, Հայաստանին անմիջապես հաջողվեց հաղթահարել այս հոգեբանական պատնեշները: [….] Հայաստանը ցանկանում է Թուրքիային տեսնել որպես բարեկամ և գործընկեր պետություն: Վերջիվերջո մենք հարևաններ ենք և մեր համագարծակցությունը տնտեսական և քաղաքական տեսանկյունից արդյունավետ կլինի մեր երկու երկրների համար: Եթե դիվանագիտական հարաբերություններ լինեին Հայաստանի և Թուրքիայի միջև […..] տարածաշրջանում խաղաղություն կլիներ: Բայց, կարծում եմ, հիմա էլ ուշ չէ դրա համար» (Ազգ, հունիս 4, 1992)։

Հունիսի 5-ին Թուրքիայի վարչապետ Սուլեյման Դեմիրելը Ստամբուլում հանդիպեց փոխվարչապետ Հրանտ Բագրատյանին: Նրանք քննարկեցին Հայաստանում սեփականաշնորհման գործընթացը, Ղարաբաղյան հակամարտությունը և տարածաշրջանային տնտեսական համագործակցությունը: Բագրատյանի միջոցով Տեր-Պետրոսյանը Թուրքիայի վարչապետին հրավիրում է այցելել Հայաստան (Ազգ, հունիս 11, 1992):

Հունիսի 14-ին Տեր-Պետրոսյանը Ռիո դե Ժանեյրոյում հանդիպում է Դեմիրելին: Ըստ Ազգ օրաթերթի, Դեմիրելը Տեր Պետրոսյանին ասում է. «Դուք չեք կարող ձեր նպատակին հասնել պատերազմով կամ կռիվներով: Հազար տարի հետո ձեզ առիթ է ներկայացել անկախ Հայաստան ստեղծելու: Բայց դուք չեք կարող այդ պետությունը հիմնել վրեժխնդրության, ատելության և պատերազմի վրա: Բիրտ ուժի վրա հիմնված պետությունները երկար չեն կարող դիմանալ: […] Դուք շրջապատված եք Ադրբեջանով և Թուրքիայով: Մինչ նրանց հետ բարեկամական հարաբերություններ չհաստատեք, հայտնվելու եք լուրջ խնդիրների և դժվարությունների առջև»:

Անդրադառնալով Տեր-Պետրոսյանի այն առարկությանը, թե Արցախի հարցում Ադրբեջանն է նախահարձակը և ոչ թե Հայաստանը, Դեմիրելն ավելացնում է. «Եթե խաղաղություն եք ուզում, ապա թողեք և հեռացեք Շուշիից և Լաչինից: Ավելին, դուք պետք է իմանաք, որ մենք խոր մտահոգությամբ ենք հետևում Նախիջևանի դեպքերին: Մենք ձեզ խորհուրդ ենք տալիս հարցերը լուծել Նախիջևանի և Ադրբեջանի հետ բանակցությունների միջոցով…. Փորձեք կառավարել ձեր երկիրը, և աշխարհի մյուս երկրներին մի հրավիրեք միջամտելու ձեր ներքին գործերին: Եվ մի թույլ տվեք, որ ամերիկահայերը կառավարեն ձեզ և ձեր գործերը» (Ազգ, հունիս 18, 1992):

Այս ընթացքում Պոլսի հայոց Պատրիարքարանը սկսում է անանուն սպառնալիքներ ստանալ, որոնք զգուշացնում էին Պատրիարքարանի և Թուրքիայում հայկական այլ թիրախների վրա հարձակումների մասին: Հայոց պատրիարք Գարեգին Ղազանչյանը նամակ է ուղարկում Թուրքիայի ներքին գործերի նախարարություն` խնդրելով միջոցներ ձեռնարկել թուրքահայերին և նրանց ունեցվածքը պաշտպանելու, ինչպես նաև Թուրքիայում հայկական կրոնական վայրերի վրա հնարավոր հարձակումները կանխելու համար:

Հունիսի 25-ին Ստամբուլում Սևծովյան Տնտեսական Համագործակցության կազմակերպության գագաթաժողովի ժամանակ Տեր-Պետրոսյանը Դեմիրելին ասում է, որ «Թուրքիա-Հայաստան հարաբերություններում Ադրբեջանը և Ղարաբաղը պետք է դադարեն երկու երկրների հարաբերությունները ճշտող գլխավոր գործոններ լինելուց, երկու հարևան պետությունները պետք է իրար հետ կապ հաստատեն իրենց երկրներին հուզող հարցերով» (Ազգ, հուլիսի 4, 1992):

17 օգոստոս 1992

Անկարայում ԱՄՆ դեսպանատունը խնդրում է Թուրքիայի արտգործնախարարությանը հստակեցնել իր դիրքորոշումը Հայաստան հումանիտար օգնություն տեղափոխող ինքնաթիռների զննման կապակցությամբ (Թուրքիան սկսել էր նման թռիչքները զննել մարտից սկսած` բողոքի ալիք առաջացնելով արևմուտքում): Իր պատասխանում նախարարությունը համառորեն նշում է, որ «Թուրքիան մտադրություն չունի արտաքին ճնշման ներքո փոխել իր քաղաքականությունը Ղարաբաղի հակամարտության գոտի թռչող ինքնաթիռների զննման հարցում»։

Ըստ Survival հանդեսում 2000թ. լույս տեսած մի հոդվածի, 1991թ․ կեսերին Թուրքիան կազմակերպել էր «թվով 5.000 հրացանների, ռազմամթերքի և ականանետերի գաղտնի օդային տեղափոխություն Ադրբեջան՝ Նախիջևանի միջոցով և 1992թ. մարտ-ապրիլ ամիսներին վարժել է 450 կամավորների հյս. Ադրբեջանում՝ Գաբալայի մոտ գտնվող ներքին գործերի նախարարությանը պատկանող բազայում»: Ռուսական մամուլն անգամ պնդում էր, որ մինչև 1992թ. վերջը թուրքական 5-6 հազարանոց զորք է մտել Ադրբեջան:

23 օգոստոս 1992

Թուրքիայի արտաքին գործերի նախարարության պատվիրակությունը այցելում է Երևան՝ մի շարք հարցերի շրջանակներում քննարկելու նաև Ղարաբաղյան հակամարտությունը: Երբ թուրքական պատվիրակության ղեկավար Բիլջին Ուրանին ասացին, որ Հայաստանը պատրաստ է Թուրքիայի հետ դիվանագիտական հարաբերություններ հաստատել ցանկացած պահի, նա պատասխանում է, որ Անկարան նույնպես կողմ է երկկողմ հարաբերությունների բարելավմանը, սակայն Հայաստանն առաջին քայլը պետք է ձեռնարկի` հաստատելով թուրքական և ադրբեջանական սահմանների անձեռնմխելիությունը:

Դաշնակցության կենտրոնական կոմիտեն օդանավակայանում բողոքի ցույց է կազմակերպում թուրքերին դիմավորելու ժամանակ: Ցուցարարները կրում էին «Ցեղասպան թուրքը մեր բարեկամը չէ՛», «Մարդասպանների սերունդը տեղ չունի Հայաստանում», «Ձեռքներդ հեռու՛ Ղարաբաղի Հանրապետությունից» բովանդակությամբ պաստառներ (Երկիր, օգոստոս 25, 1992):

10 սեպտեմբեր 1992

Ստամբուլում Եվրոպայի խորհրդի գագաթաժողովի ժամանակ ՀՀ արտաքին գործերի նախարար Րաֆֆի Հովհաննիսյանը քննադատում է Թուրքիային Հայաստանի հետ դիվանագիտական հարաբերություններ չհաստատելու, Լեռնային Ղարաբաղի հակամարտությունում կողմնապահություն դրսևորելու և ԵԱՀԿ-ին Հայաստանի անդամակցությանը խոչընդոտելու համար: Նա նաև ակնկարկ կատարեց Ցեղասպանությանը. «Հայաստանը միշտ էլ ըմբռնել է, որ հայ-թուրքական հարաբերությունների բնականոնացումը կարևոր է ոչ միայն Հայաստանի և Թուրքիայի հետագա բարգավաճման, այլև եվրոպական կայունության և անվտանգության համար: Հակառակ ցեղասպանության ողբերգությանը, նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանն ակտիվ կերպով հետամուտ է եղել Թուրքիայի հետ լավ հարաբերություններին: Այսուհանդերձ, առայսօր Թուրքիան մերժել է դիվանագիտական հարաբերություններ հաստատելու և հայ-թուրքական սահմանը բացելու վերաբերյալ հայկական նախաձեռնությունները: Ընդհակառակը, Թուրքիան երբեմն վիժեցրել է դեպի Հայաստան մարդասիրական օգնության փոխադրումը և չի կարողացել չեզոքություն պահել, այդպիսով միջամուխ դառնալով Լեռնային Ղարաբաղի հարցում: Ադրբեջանում են գտնվում թուրքական զինվորական խորհրդականներ և սպաներ, տեղեկությունները բազմաթիվ են Թուրքիայից Ադրբեջան զենքի հոսքի մասին, և Թուրքիան հազիվ թե կառուցողական դեր կատարած լինի Լեռնային Ղարաբաղի հարցի լուծման համար ԵԱՀԿ-ի հովանավորած բանակցություններում:

[….] Կարճ խոսքով, հակառակ ոմանց կողմից Կենտրոնական Ասիայի երկրների համար որպես մոդել ներկայացնելու առաջարկին, Թուրքիան առայժմ չի կարող պնդել, թե ինքը մոդել է եվրոպական արժեքների և մշակութային ինքնության համար: Մեր տեսակետով, Թուրքիան հստակորեն չի գտնվում այն դիրքում, որով կարողանար ընդդիմանալ Խորհրդին անդամակցելու մի երկրի ցանկությանը, որն իր անկախության կարճ ժամանակամիջոցում արդեն իսկ դրսևորել է հանձնառություն դեպի այդ արժեքներն ու ինքնությունը» (Ազգ, հոկտեմբեր 20, 1992):

Նոյեմբեր 1992

Ադրբեջանի ճնշման ներքո Թուրքիան չեղյալ հայտարարեց Հայաստանին 300 միլիոն կիլովատ էլեկտրականություն մատակարարելու պայմանավորվածությունը:

Աղբյուրը՝ «Ազգ» օրաթերթ, «Երկիր» օրաթերթ, esiweb.org

Տես՝ առաջին մասը