Լեհաստանը երեք ռուս դիվանագետների պերսոնա նոն գրատա է հայտարարել

84

Լեհաստանի իշխանությունները երեք ռուս դիվանագետների պերսոնա նոն գրատա են հայտարարել: Այս մասին հինգշաբթի հայտարարել է Լեհաստանի արտաքին գործերի նախարարությունը:

«2021 թ. ապրիլի 15-ին Լեհաստանի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության դեսպանը կանչվել է արտաքին գործերի նախարարություն: Դեսպանին ներկայացվել է դիվանագիտական նոտա, որը պարունակում էր տեղեկատվություն Վարշավայում Ռուսաստանի դեսպանության երեք աշխատակիցներին որպես պերսոնան նոն գրատա հայտարարելու մասին»,- ասվում է հայտարարության մեջ:

Ըստ Լեհաստանի ԱԳՆ-ի՝ «նման որոշման համար հիմք է հանդիսացել այդ անձանց կողմից դիվանագիտական կարգավիճակի պայմանների խախտումը», ինչպես նաև ենթադրյալ «գործողությունները՝ ի վնաս Լեհաստանի Հանրապետության»:

«Լեհաստանը լիովին համերաշխ է 2021 թվականի ապրիլի 15-ին Միացյալ Նահանգների կողմից ընդունված որոշումներին, որոնք վերաբերում են Ռուսաստանի նկատմամբ քաղաքականությանը: Միասին ընդունված, դաշնակցային որոշումները Ռուսաստանի Դաշնության ոչ բարյացակամ գործողությունների ամենաճիշտ պատասխանն են», – ասվում է ԱԳՆ հայտարարության մեջ: