ԿԳՄՍ դե ֆակտո նախարարը շարունակում է մնալ Արայիկ Հարությունյանը

44

Թեպետ Վահրամ Դումանյանը 2020թ. նոյեմբերի 23-ին նշանակվեց  ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի (ԿԳՄՍ) նախարար, սակայն 168.am-ին հասած տեղեկություններով՝ նախարարությունում դրության լիիրավ տերը շարունակում է մնալ ԿԳՄՍ նախկին նախարար Արայիկ Հարությունյանը, ով ներկայումս Նիկոլ Փաշինյանի գլխավոր խորհրդականն է:

Նախարարությանը մոտ կանգնած մեր աղբյուրների պնդմամբ՝ գործող նախարարը գտնվում է կատարյալ դրածոյի կարգավիճակում:

«Մի մարդ, ով չէր էլ կարող երազել նախարար դառնալու մասին, ով անգամ Երևանի պետական համալսարանի ռեկտոր չկարողացավ դառնալ, հանկարծ հայտնվում է ԿԳՄՍ նախարարի աթոռին, ու նրա համար մեկ է՝ ի՞նքն է այդտեղ ինչ-որ բան որոշում, թե՞ իր փոխարեն որոշում են: Ինքը շատ ուրախ է ու երջանիկ իր ներկայիս կարգավիճակով»,- ասացին մեզ նախարարության մեր աղբյուրները՝ հավելելով, որ բոլոր հարցերը, ԿԳՄՍ նախարարության քաղաքականությունը քննարկվում են Արայիկ Հարությունյանի հետ: Ըստ էության, հենց նա է ԿԳՄՍ ստվերային նախարարը:

Նախարարությունում ասում են, որ մարդկային առումով Դումանյանի հետ խնդիր չունեն, նորմալ են վերաբերվում նրան, սակայն նշում են, որ որպես նախարար՝ նա գոյություն չունի (ինչպես, օրինակ, ՀՀ պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանը), և նախարարության բոլոր, այդ թվում՝ նաև կադրային հարցերը քննարկվում ու լուծում են ստանում բացառապես Արայիկ Հարությունյանի մասնակցությամբ:

Փաստորեն, ստացվում է, որ Արայիկ Հարությունյանը հեռացավ պաշտոնից՝ խուսափելով անընդհատ քննադատությունների թիրախ դառնալուց, սակայն շարունակում է պահպանել իր ազդեցությունը ԿԳՄՍ նախարարությունում: Ի դեպ, հենց նա էլ կոորդինացնում է Երևանի պետական համալսարանի դեմ շարունակվող արշավը:

168.am