ԲԴԽ նախագահ Ռուբեն Վարդազարյանի դեմ հաղորդում է ներկայացրել նախկին դատավոր, ԱԱԾ տնօրենի տեղակալ Անդրանիկ Սիմոնյանը

107

«Փաստինֆո»-ի տեղեկություններով՝ ԲԴԽ նախագահ Ռուբեն Վարդազարյանի դեմ հաղորդում է ներկայացրել նախկին դատավոր Անդրանիկ Սիմոնյանը, որը մի քանի օրով նշանակվեց Քննչական կոմիտեի նախագահի տեղակալ, ապա ԱԱԾ տնօրենի տեղակալ։ Պարզվում է՝ օրենքի խախտմամբ ԱԱԾ տնօրենի տեղակալ նշանակվելու գինը եղել է Սիմոնյանի կողմից Վարդազարյանի դեմ ցուցմունքը։

Նշենք, որ հենց այս դատավորի վարույթում է եղել ալավերդցի Վահագի, նույն ինքը Վահագն Աբգարյանի գործը, որը մեղադրվում է Ալավերդու բնակիչ Կամո Փիրուզյանի սպանությունը կազմակերպելու և սպանության առթիվ հարուցված քրեական գործի շրջանակներում ՔԿ երկու աշխատակցի խոշոր չափով կաշառք տալու մեջ։

Ու ահա Անդրանիկ Սիմոնյանը «հիշել է», թե Վարդազարյանը նախկինում իրեն զանգել է ու ասել, թե վիճահարույց գործ է, այնպես արա, որ պրոբլեմի մեջ չընկնենք, ապա ինչ-որ հանձնարարություններ տվել։ Նախկին դատավորի այս հաղորդումն էլ դարձել է քրեական գործի հիմք, որպեսզի Վարդազարյանը զրկվի ԲԴԽ նախագահի պաշտոնից։

Այս պահին Ռ.Վարդազարյանը գտնվում է ՀՔԾ-ում, որտեղ նրան մեղադրանք է առաջադրվում։

Ինչպես արդեն տեղեկացրել ենք՝ ԲԴԽ-ն այսօր որոշում է կայացրել Ռուբեն Վարդազարյանի լիազորությունները կասեցնել որպես դատավոր և որպես ԲԴԽ անդամ (նախագահ)՝ մինչև վերջինիս նկատմամբ հարուցված քրեական գործով վարույթի ավարտը: Ընդ որում՝ դատախազությունը միջնորդությունն ուղարկել է գաղտնի՝ միանգամից Գագիկ Ջհանգիրյանին։ Միջնորդությանը դեմ են քվեարկել ԲԴԽ երեք անդամ։

Նկատենք, որ Ռ.Վարդազարյանի նկատմամբ քրեական գործը հարուցվել է առանց նրա անձեռնմխելիությունը հաղթահարելու, այդուհանդերձ, օրենքի խախտմամբ նրա նկատմամբ սկսված քրեական հետապնդման արդյունքում ԲԴԽ նախագահի ժամանակավոր պաշտոնակատար է դարձել նախկին զինդատախազ Գագիկ Ջհանգիրյանը, որին տարիներ շարունակ իրավապաշտպանները, զոհված զինծառայողների ծնողները մեղադրել են զինվորների սպանության գործերը կոծկելու մեջ։ Ավելին՝ որոշ տեղեկություններով կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը, մինչ Ջհանգիրյանի ԲԴԽ անդամ ընտրվելը, ստուգելով նրա բերավարքությունը, տվել էր բացասական եզրակացություն, բայց դա չէր խանգարել իմքայլականներին նրան ընտրել՝ հետագայում Վարդազարյանին պաշտոնանկ անելու համար։

Ինչպես արդեն տեղեկացրել ենք՝ Ռուբեն Վարդազարյանի դեմ հետապնդումներն սկսվել են 2020 թվականի նոյեմբերի 15-ի հայտարարությունից հետո, երբ դատավորներին կոչ արեց հավատարիմ մնալ ժողովրդի առջև ձեր տված երդմանը և զերծ մնալ բոլոր տեսակի քաղաքական ճնշումներից և ազդեցություններից։

«Հայ ժողովուրդը, Հայաստանն ու Արցախն այսօր պատմական բախտորոշ իրողությունների առջև են կանգնած: Թուրք-ադրբեջանական տեռորիստական պատերազմի հետևանքով ձևավորված նոր իրողությունը գոյաբանական լուրջ մարտահրավերներ է նետել, որպիսիք հաղթահարելու  համար մեզ անհրաժեշտ է բացառիկ խոհեմություն և պետականության ընդգծված զգացողություն:

Օրհասական և պատմական պահն է հասունացել՝ գործնականում ի ցույց դնելու մեր` արդարադատութուն իրականացնողներիս բարձր պրոֆեսիոնալիզմը, նվիրումը մեր հայրենիքին` իրավունքի գերակայության և օրենքի իշխանության պահապանի բարձր դերակատարությունը ապահովելու ճանապարհով:

Հայրենիքին նվիրումը և մեր առաքելությանը հավատարիմ մնալը ապացուցվելու է այս օրերին, և մենք ենք պատասխանելու այն հարցին, թե ունենք արդյոք անկախ դատական իշխանություն մեր երկրում, թե ոչ: Դատավորի բարձր արժանապատվությունը և պատիվը զուտ բառե՞ր են, թե՞ մեր գործունեության հիմնաքարը: Այսօր է, թերևս, առարկայական ու վերջնական տրվելու շուրջ երկու տարի ողջ հանրությանը ալեկոծած և դատավորներիս համար ամոթալի չարաբաստիկ հարցի պատասխանը. մենք պատերի տակ վնգստացող դատավորնե՞ր ենք, թե՞ հայրենիքին նվիրված ազնիվ պրոֆեսիոնալներ»,- նշել էր ԲԴԽ նախագահը:

Աղբյուր` Փաստինֆո