Արցախում ռուս խաղաղապահներն ապահովում են գյուղատնտեսական աշխատանքների իրականացման անվտանգությունը․ ՌԴ ՊՆ

71

Արցախում ռուս խաղաղապահներն ապահովում են կողմերի սահմանազատման գծի անմիջական հարևանությամբ գտնվող դաշտերում գյուղատնտեսական աշխատանքների իրականացման անվտանգությունը, գրում է ՌԴ ՊՆ-ն։

Ինչպես նշում է գերատեսչությունը, Արցախի բնակիչները գյուղատնտեսական աշխատանքներ են իրականացնում այն դաշտերում, որոնք ռուս սակրավորները մաքրել են պայթունավտանգ առարկաներից։

«Վարուցանքը գրեթե ավարտվում է։ Այս տարի այն խաղաղապահների շնորհիվ կազմակերպվել էր առանց խափանումների։ Մենք կարողացանք կարգավորել երկու կողմերի հարաբերությունները, պայմանավորվել, որ կողմերի շփման գծի մոտ վարուցանքն առանց խափանումների ընթանա։ Հուսանք, որ մինչև աշուն մեր շնորհիվ տեղի բնակչությունը կստանա արժանի և լավ բերք»,- ասել է ռուսական խաղաղապահ զորախմբի հրամանատարի տեղակալ Սերգեյ Ժմուրինը:

Նշվում է նաև, որ 2020 թվականի նոյեմբերի 23-ից ի վեր ռուսական խաղաղապահ զորակազմի հումանիտար ականազերծման ստորաբաժանման զինծառայողներն Արցախում մաքրել են 1960 հեկտար տարածք, հայտնաբերել և վնասազերծել են ավելի քան 25,5 հազար պայթյունավտանգ առարկա։