Օնիկ Գասպարյանը չի ասել, որ պատերազմը պետք է կանգնեցվի. Նիկոլ Փաշինյանը՝ ԳՇ նախկին պետի հայտարարության մասին

47

Օնիկ Գասպարյանի այն հայտարարությունը, որ պատերազմի չորրորդ օրն ասել է՝ 2-3 օրվա ընթացքում պետք է պատերազմը կանգնեցվի, իրականության հետ որևէ աղերս և առնչություն չունի։ ԱԺ-ում այս մասին հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով ԳՇ նախկին պետ Օնիկ Գասպարյանի 2020թ.-ի նոյեմբերի 17-ին արած հայտարարությանը։

«Խոսքը սեպտեմբերի 30-ի Անվտանգության խորհրդի նիստի մասին է։ ԳՇ նախկին պետը նման բան չի ասել, դա արձանագրված է ձայնագրությամբ։ Ընդհակառակը ասել է, որ հակառակորդը ոչ մի առաջխաղացում չի ունեցել, բանակը կատարում է իր առջև դրված խնդիրը և մինչև վերջ կկատարի։

Ընդ որում ուզում եմ ընդգծել, որ ԳՇ պետը սեպտեմբերի 30-ին չէր էլ կարող նման հայտարարություն անել մի պարզ պատճառով, որովհետև 2020-ի օգոստոսի 21-ին ԱԽ նիստում ունեցած ելույթում հավաստիացրել է՝ Արցախի ուղղությամբ մենք կարող ենք առկա ուժերով և միջոցներով «ոչ մի քայլ հետ» սկզբունքով հետ մղել, ձախողել հակառակորդի հարձակումը և ջախախել նրա խմբավորումներին։ Այս ամենը չի նշանակում, որ Հայաստանի քաղաքական ղեկավարությունը միջոցներ չի ձեռնարկել րոպե առաջ հրադադար հաստատելու ուղղությամբ»,-ասաց վարչապետը։

Աղբյուր` Փաստինֆո