Միայն կույրը չի տեսնում, որ Փաշինյանն իր հայտարարություններով անընդհատ քաղաքականապես խարխլում է իր նկատմամբ ՌԴ-ի վստահությունը․ Մոդեստ Կոլերով

99

Ռուսաստանցի քաղաքագետ Մոդեստ Կոլերովի խոսքով՝ Ռուսաստանն աջակցում է իր մասնակցությամբ ձեռք բերված նոյեմբերի 9-ի համաձայնագրի իրականացմանը, դրա համար հետաքրքրված է նրանով, որ Հայաստանի այս իշխանություններն այն իրականացնեն։ Tert.am-ի հետ զույցում նա նման դիտարկում արեց՝ անդրադառնալով հայ-ռուսական հարաբերությունների ներկայիս մակարդակին։

«Ուրիշ այլ շարժառիթ ՀՀ իշխանությունների նկատմամբ Մոսկվան չունի։ Միայն կույրը չի տեսնում, որ Փաշինյանն իր հայտարարություններով անընդհատ քաղաքականապես խարխլում է իր նկատմամբ վստահությունը»,- նկատեց նա։

Անդրադառնալով ղարաբաղյան վերջին պատերազմում հայկական կողմի պարտությանը՝ նա նշեց, որ կարծում է՝ Հայաստանը չկարողացավ արդյունավետ պաշտպանվել և պարտվեց․ քանի որ իշխանություններն իրականում չէին պատրաստվել պատերազմին և չցանկացան էլ ընդդիմանալ։ «Հաղթելու շանս հայկական կողմը չուներ»,- նշեց նա։ Իսկ ադրբեջանական կողմի այս պահի նպատակն է, ըստ նրա՝ Հայաստանի դերն ամբողջությամբ  նվազագույնի հասցնելն է ։

Անդրադառնալով տարածաշրջանում Ռուսաստանի նպատակներին՝ Մոդեստ Կորելովը նշեց՝ դրանք են սեփական անվտանգության և տարածաշրջանային կայունության պահպանումը։

«Հույս ունեմ, որ Ղարաբաղում խաղաղապահների տեղակայման 5-ամյա ժամկետից հետո Ռուսաստանը կցանկանա և կկարողանա երկարացնել տեղակայման ժամկետը, քանի որ առանց խաղաղապահների, հայկական Ղարաբաղը կդադարի գոյություն ունենալուց, և դա լրջորեն կխախտի տարածաշրջանում անվտանգության հավասարակշռությունը, որը առանց այդ էլ ահագին ցնցվել է»,- ասաց նա։

Խոսելով արդեն Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացի ապագայի մասին՝ ռուսաստանցի վերլուծաբանը նորից շեշտեց՝ եթե Ռուսաստանը դուրս գա Ղարաբաղից, նրա հայկական պատմությունն ավարտվելու է, և դրա համար Հայաստանը որևէ կոմպենսացիա չի ստանալու։

«Ավելին՝ Հայաստանի քաղաքական պատմությունն ինքն արդեն իր մայրամուտն է ապրում։ Դրա գլխավոր պատճառը երևանյան աշխարհաքաղաքական մեգալոմանիան է՝ զուգորդված Երևանի իրական ռազմական կապիտուլյացիայի հետ։ Առանց Ղարաբաղի Հայաստանը շատ արագ և կատաստրոֆիկ փոքրանալու է։ Նրա միակ փրկությունը Ռուսաստանի հետ միացյալ պետություն լինելն է (Բելառուսի նմանությամբ), բայց ես շատ վստահ չեմ, որ Ռուսաստանում այս միտքը պոպուլյար կլինի»,- ասաց նա։

Tert.am