Հայ ռազմագերիների վերադարձի հարցով մեծ քննարկում է տեղի ունեցել նաև Եվրոպայի խորհրդում․ «Ժողովուրդ»

70

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Ապրիլի 12-ին Ադրբեջանի նախագահի մասնակցությամբ Բաքվում բացվեց արցախյան պատերազմին նվիրված «պուրակ», որտեղ հայկական զինվորական տեխնիկայի հետ մեկտեղ ցուցադրված են հայկական զինված ուժերի ծառայողների կերպարներ (մանեկեններ), Հայաստանի ու Արցախի զինվորների անձնական իրեր եւ զոհված հայ զինվորականների սաղավարտներ:

Երեկ խորհրդարանում տարբեր հարցերի քննարկման ընթացքում թիվ մեկ թեման ալիեւյան «պուրակն» էր, եւ պատգամավորները դատապարտեցին Իլհամ Ալիեւի նման վարգագիծը, հայտարարություններ տարածեց նաեւ Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը, ՀՀ եւ Արցախի ԱԳՆ-ները:

«Միջազգային հանրությունը պետք է պատշաճ գնահատական տա Ադրբեջանի կատարած ոճրագործություններին եւ պատասխանատվության ենթարկի 44-օրյա պատերազմի ընթացքում գործած մարդկության դեմ ուղղված հանցագործությունների համար»,- հայտարարում է Արցախի օմբուդսմենը: Իսկ ի՞նչ է ասում աշխարհը. Ռուսաստանի Պետդումայի պատգամավոր, «Եդինայա Ռոսիա» խմբակցության անդամ Վիտալիյ Միլոնովը, որը 44-օրյա պատերազմի ժամանակ նաեւ Արցախ էր այցելել, «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում կարծիք հայտնեց, որ այս քայլով Ադրբեջանը եւս մեկ անգամ ցույց է տալիս, որ պատերազմի ընթացքն իր համար հաջողություն է համարում:

«Ադրբեջանը հպարտանում է պատերազմով եւ դա չի ընդունում որպես ողբերգություն, որը տեղի է ունեցել երկու ազգերի միջեւ: Պարոն Ալիեւը փորձում է հայերի սպանությունն օգտագործել որպես քաղաքական քայլ:

Բոլորը շատ լավ հասկանում են, որ Ալիեւն այս պատերազմում շարժվել է Էրդողանի խորհրդով, եւ ինձ համար շատ ողբերգական է, որ հենց նա է սկսել այս ամենը»: Խոսելով միջազգային հանրության լռության մասին՝ նա նշեց. «Իսկ մի՞թե միջազգային հանրությունը կանգնեցրել է Թուրքիային եւ Ադրբեջանին, երբ նրանք ռմբահարում էին Արցախը. իհարկե ոչ: Ես կարծում եմ, որ Թուրքիան եւս մեկ անգամ ապացուցում է, որ Ադրբեջանին ընկալում է միայն որպես իրեն հպատակ երկիր»:

Հավելենք, որ նախօրեին այս եւ առհասարակ հայ ռազմագերիների վերադարձի հարցով մեծ քննարկում է տեղի ունեցել նաեւ Եվրոպայի խորհրդում»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում