Ինքնասիրություն ունեցող մարդիկ ուղղակի հրաժարվում են Նիկոլ Փաշինյանի նշանակումներից. Կարեն Վրթանեսյանը՝ Արշակ Կարապետյանի նշանակման մասին

70

Մարդիկ, ովքեր գիտակցում են՝ ինչ է նշանակում աշխատել գործող ուժի հետ, միանշանակ հրաժարվում են նրա օրոք որևէ պաշտոն ստանալ կամ պաշտոնի բարձրացում ընդունել: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց «Ռազմինֆո» կայքի կոորդինատոր Կարեն Վրթանեսյանը՝ անդրադառնալով Արշակ Կարապետյանի ԶՈՒ ԳՇ պետի առաջին տեղակալի պաշտոնի նշանակմանը:

«Փաշինյանի ամեն նշանակումը իր անհաջողությամբ գերազանցում է նախորդ նշանակմանը: Դա պայմանավորված է այն բանով, որ ինքնասիրություն ունեցող մարդիկ ուղղակիորեն հրաժարվում են Նիկոլ Փաշինյանի նշանակումներից, պատասխանատվություն ունեցող մարդիկ հասկանում են՝ ներկայիս իշխանությունը զավթած խմբակը տանում է երկիրը կործանման»,- ասաց Կարեն Վրթանեսյանը:

Նա նաև նշեց՝ պետական կառավարման համակարգը գտնվում է վատթարագույն կարգավիճակում և կառավարման համակարգը երկար աշխատել չի կարող:

«Ըստ էության, այս պաշտոնյանները, այդ թվում`Արշակ Կարապետյանը ապացուցում են, որ պետական կառավարման համակարգը քաոսի և անարխիայի մեջ է, այսպես երկար չի կարող շարունակվել, վաղ, թե ուշ այդ համակարգը պայթելու է»,- նշեց նա:

Հիշեցնենք՝ Արշակ Կարապետյանը նախկինում զբաղեցնում էր Զինված ուժերի ԳՇ հետախուզության վարչության պետի պաշտոնը, այդ պաշտոնից հեռացվել է 2016 թվականի Ապրիլյան պատերազմից հետո:

Կարապետյանը 2018 թվականի փետրվարին նշանակվել էր Ռուսաստանում ՀՀ դեսպանատան ռազմական կցորդ, իսկ նույն տարվա դեկտեմբերին`Նիկոլ Փաշինյանի խորհրդական։

Tert.am