Թշնամական միակ քայլը, որ Թուրքիան դեռ չի ձեռնարկել ընդդեմ Հայաստանի, դա ռազմական ներխուժումն է

107

«Ազգ»-ը նախորդ համարում, անդրադառնալով Հայաստանում հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման խնդիրներին, նշել էր, որ ՀՀ արտգործնախարար Արա Այվազյանի եւ ՀՀ անվտանգության խորհրդի գլխավոր քարտուղար Արմեն Գրիգորյանի հայտարարությունները Հայաստանի հետ հարաբերությունները բարելավելու թուրքական միտումներին ընդառաջելու ենթատեքստ ունեն, ապա ավելացրելՙ «Որքան էլ Թուրքիայի անունը չհիշատակի, այդ միտումների ընդառաջման պատրաստակամությունը, ըստ երեւույթին, խորթ չէ նաեւ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին», վկայակոչելով Անվտանգության խորհրդի մարտի 30-ի նիստում նրա ելույթը:

Փաշինյանի ելույթում ուշադրություն էին գրավում «ղարաբաղյան պատերազմից հետո ստեղծված նոր իրավիճակում Հայաստանի շրջափակումը վերացնելու հնարավորությունների» եւ հաղորդակցության ուղիների բացումը տարածաշրջանում ինչպես մեր, այնպես Արցախի Հանրապետության շահերով պայմանավորելու» դատողությունները: Ավելի քան ուշագրավ էին ՀՀ վարչապետի դատողություններին համապատասխան որոշումներ կայացնելու տրամադրվածության մասին խոսքերը, դրա «մեր ռազմավարական գործընկերոջ հետ ցամաքային ընդամենը մեկ ճանապարհ ունենալու» պատճառաբանությունն ու տարածաշրջանի երկարատեւ եւ կայուն զարգացման համար Հայաստանին պատասխանատվություն վերագրելու մոտեցումը:

Հաղորդակցության ուղիների բացման, այսինքն ապաշրջափակման անհրաժեշտության մասին բազմիցս արտահայտվել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը, դիտարկելով դա տարածաշրջանում խաղաղության, կայունության եւ համագործակցության մթնոլորտի ստեղծման նախապայման: Մինչդեռ մենք, ռազմագերիները դեռ մի կողմ, ադրբեջանցի հրոսակի քարկոծության պատճառով նույնիսկ չենք կարողանում անվտանգությունը ռուս խաղաղապահների պատասխանատվությանը հանձնված Լաչինի միջանցքով Հայաստան տեղափոխել զոհված հայ զինվորների աճյունը:

Լավրովը, իհարկե, քարկոծության փաստերն ողջամտորեն շրջանցում է, առանց մտածելու, թե Հայաստանը ինչպես է համագործակցելու այն տականքի հետ, որը նույնիսկ չի խորշում զոհված հայ զինվորի աճյունը քարկոծելու գայթակղությունից: Նրան, ըստ երեւույթին, հետաքրքրում է Հայաստանի ահաբեկումն ու հաղորդակցության ուղիների ապաշրջափակումը, որ Ռուսաստանը Հարավային Կովկասում հասնի իր աշխարհաքաղաքական նպատակներին: Այդ նպատակների իրականացումը Ռուսաստանի տեսանկյունից, ըստ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի, ենթադրում է Հայաստանի դեմ Իլհամի օգտագործումը որպես ահաբեկման միջոց եւ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ համագործակցությունը:

Այլ կերպ հաղորդակցության ուղիների ապաշրջափակումը ստեղծված նոր իրավիճակում միանգամայն բխում է Պուտինի եւ Էրդողանի, մասամբ նաեւ Իլհամի շահերից: Նոյնը վերաբերում է Թուրքիայի հետ Հայաստանի հարաբերությունների բարելավմանը, այն առումով, որ Էրդողանի լավագույն ընկեր Պուտինն արդեն ֆիզիկապես ոչնչացրել է Արցախի Հանրապետությունը եւ ձեռնամուխ է եղել Հայաստանի բարոյապես ոչնչացմանը ու կաթվածահար է արել հայաստանյան իշխանություններին, ինչը բարենպաստ պայմաններ է ստեղծել վերջիններիս կամք թելադրելու համար, դարձնելով Հայաստանը չափազանց խոցելի ինչպես Մոսկվայի, այնպես էլ Անկարայի առջեւ:

Ըստ երեւույթին Հայաստանում իշխանության ներկայացուցիչները կա՛մ չեն գիտակցում Թուրքիայի հայկական սահմանը բացելու եւ հայ-թուրքական հարաբերությունները «բարելավելու» Անկարայի այսպես կոչված պատրաստակամությունից բխող վտանգը, կա՛մ էլ Մոսկվան է նրանցից պահանջում, որ միանգամայն դրական արձագանք են տալիս:

Արձագանքի պարագային խոսքը վերաբերում է ԱԺ փոխխոսնակ Լենա Նազարյանին: «Առավոտ» թերթին տված հարցազրույցում նա, ինչպես նշված է այդ թերթի ապրիլի 2-ի համարում, մատնանշել է. «Մենք ասում ենք, որ գուցե հիմա լավ շանս կա, որպեսզի թշնամանք չլինի: Իսկ թե ինչ է այդ չթշնամանքը, կարելի է դիվանագիտական լեզվով ձեւակերպել եւ բնորոշումներ տալ: Դա կարող է օրինակՙ լինեն մինիմալ խոսակցություն շատ պրագմատիկ ընդհանուր շահերի շուրջ: Իրականում չթշնամանքը կառուցողականությունն է, ի՞նչն է մեզ խանգարում լինել կառուցողական»:

ԱԺ փոխխոսնակին, «Sputnik»-ի վկայությամբ, ապրիլի 5-ին լրացրել է «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը: Նա նշել է, որ պետք է շտկումներ մտցնել Թուրքիայի նկատմամբ Երեւանի մոտեցումներում, ավելացնելովՙ «Այդ հայտարարությունները տարածաշրջանային վերաձեւավորումների համատեքստում են, որոնք պարտավոր ենք հաշվի առնել եւ, ըստ այդմ, որոշումներ կայացնել` դիրքավորվել կամ վերադիրքավորվել»: Նրա խոսքերով Թուրքիան գոնե մինչեւ վերջերս ակնհայտ ցույց է տվել, որ ունի ոչ բարեկամական եւ ոչ թշնամական վերաբերմունք հայ ժողովրդի նկատմամբ:

Էրդողանի այն հայտարարությունը, թե ինքը Թուրքիային պատերազմում ներգրավել է «1915-ին երիտթուրքերի կիսատ թողած գործը Հայաստանում վերջնական ավարտին հասցնելու նպատակով», ոչ միայն ակնհայտ թշնամանք է, այլեւ մարդկության դեմ հանցագործություն, ընդ որումՙ համաձայն ՄԱԿ-ի Ցեղասպանության կանխարգելման եւ պատժման կոնվենցիայի, որը Թուրքիան ստորագրել է: Նույնն արել է նաեւ Ռուսաստանը, թեկուզ խորհրդային, սակայն դա չի խանգարել հայ ազգի դաշնակից Պուտինին, որ Էրդողանին հռչակի իր լավագույն ընկերը եւ դառնա այդ հանցագործության մասնակիցը:

Այլ կերպՙ Էրդողանի Հայաստանը կրկնակի ցեղասպանության ենթարկելու մտադրությունը դեռ մի կողմ, ղարաբաղյան վերջին պատերազմին նրաՙ Թուրքիայի հետ նաեւ ահաբեկիչ վարձկաններին ներգրավելու արարքը միանգամայն հակասում է Մակունցի տրամաբանությանը: Գալով ԱԺ փոխխոսնակ Նազարյանի «ի՞նչն է մեզ խանգարում լինել կառուցողական» հարցադրումին, պետք է ասել, որ մեզ խանգարում է Հայաստանի հանդեպ անկախության առաջին իսկ օրից Թուրքիայի վարած հակահայկական քաղաքականությունը:

Թուրքիան ճանաչելով Հայաստանի անկախությունը 1991-ին, դիվանագիտական հարաբերությունների հաստատման համար առաջադրել է նախապայմաններ, որոնց առաջադրումը, այն էլ անմիջական հարեւանին, 3-րդ երկրի պատճառաբանությամբ, միջազգային իրավունքի նորմերով թշնամանքի ակնհայտ դրսեւորում է: Նախապայմաններ առաջադրելուց զատ Թուրքիան անընդհատ սպառնալիքի տակ է պահել մեր հանրապետությանը:

Չհաշված Թուրքիայի հայկական սահմանին զորքեր կուտակելու հանգամանքը, 1992-ին վարչապետի կարգավիճակով Իրան կատարած պաշտոնական այցի ժամանակ Սուլեյման Դեմիրելը Հայաստանը բնութագրել է որպես «անիծյալ սեպ» թուրքերի ու ադրբեջանցիների միջեւ: 1993-ի ապրիլին նա զայրացած ԼՂՀ պաշտպանության բանակի դեպի Ֆիզուլի առաջխաղացումից, լկտիաբար հայտարարել է. «Իրենց կերակրող ձեռքն են կծում: Ապերախտին հաց չեն տալիս, անձրեւոտ օրերին նրանց ջուրն անգամ ափսոս է»: Տվյալ դեպքում խնդրո առարկան Եվրոմիության հատկացրած հացահատիկի Թուրքիայի տարածքով 300 հազար դոլարի դիմաց փոխադրումն էր Հայաստան:

1992-ի մարտի 4-ին Իզմիրում ելույթ է ունեցել նախագահ Թուրգութ Օզալը եւ նկատի առնելով Խոջալուի հենակետի վնասազերծումը, իր կառավարությունից պահանջել է հայերի «ոճրագործությունների» դեմ դիմել վճռական գործողությունների: 1993 թ. ապրիլի 3-ին կառավարության որոշումով Թուրքիան արգելել է իր տարածքով բոլոր տեսակի բեռնափոխադրումները Հայաստան: Նույն թվին նախգահ Օզալը հանդես է եկել «հայերի առաջխաղացումը ռազմական ուժով կանգնեցնելու» հայտարարությամբ: Այդ ընթացքում Անկարայում պաշտոնական շրջանակները քննարկել են Հայաստանի նկատմամբ «կիպրոսյան տարբերակի» կիրառման հարցը, ինչը ենթադրում էր հանկարծակի հարձակում եւ Հայաստանի արագ գրավում: Ավելին, 1993-ին Թուրքիայի ազգային մեծ ժողովում Ձախ ժողովրդավարական կուսակցության առաջնորդ Բյուլենթ Էջեւիթը Լաչինի միջանցքի դիմաց Հայաստանից պահանջել է Ադրբեջանին զիջել Մեղրին:

Այլ կերպՙ Հայաստանի հանդեպ թշնամական միակ քայլը, որ Թուրքիան դեռեւս չի կատարել, դա ռազմական ներխուժումն է: Նա չի հրաժարվել Նախիջեւանից Մեղրիով Ադրբեջանի հետ ուղիղ կապ հաստատելու մտադրությունից, թեեւ Հայաստան չի ներխուժել, բայցեւայնպես շնորհիվ Պուտինի հետ Էրդողանի համագործակցությանՙ ներգրավվել է ղարաբաղյան վերջին պատերազմում, ներգրավելով ահաբեկիչ վարձկաններին: Որքան էլ մեզ նույնիսկ պարտությունը պարտադրված այդ պատերազմից հետո Հարավային Կովկասում նոր իրավիճակ ստեղծվի, Թուրքիան չի փոխել Հայաստանի նկատմամբ որդեգրած դիրքորոշումը:

Նա Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման ջանքերն անգամ շարունակում է դիտարկել թուրքական պետության հանդեպ թշնամանքի դրսեւորում: Հայաստանի եւ հայերի հանդեպ թշնամամքով են լի «ստեղծված նոր իրավիճակում հայ-թուրքական հարաբերությունները բարելավելու» Թուրքիայի ղեկավարների ազդանշանները: Դրանում համոզվելու համար բավական է ծանոթանալ արտգործնախարար Մեւլութ Չավուշօղլուի փետրվարի 23-ի հայտարարությանը. «Եթե Հայաստանը դրական քայլեր ձեռնարկի տարածաշրջանի խաղաղության եւ կայունության ուղղությամբ, Թուրքիան դրանց Ադրբեջանի հետ փոխհամաձայնությամբ դրականորեն կարձագանքի»:

Ի՞նչ են ենթադրում Հայաստանից պահանջվող դրական քայլերը, Չավուշօղլուն չի պարզաբանում: Սակայն, ի տարբերություն նրան, Էրդողանի խոսնակ Իբրահիմ Քալընը մարտի 31-ին, ընդունելով ԱՄՆ-ի նախագահի անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սուլիվանին Անկարայում, նրան է հայտնում ԱՄՆ-ում Հայոց ցեղասպանության ճանաչման հավանականությունից բխող Թուրքիայի մտահոգությունը, թե դա իրավական որեւէ հիմք չունի: Նույն օրը CNN TURK-ին տված հարցազրույցում ԱՄՆ-ի թուրքական համայնքի առաջնորդ Էրգյուն Քըրլըքովան հայտարարում է, որ «հայերը շատ են սուտ խոսում», իսկ Թուրքիայում Ադրբեջանի հետ բարեկամության միությունների ֆեդերացիայի փոխնախագահ Սերդար Ունսալն ընդգծում. «Հայերը ցեղասպան ժողովուրդ են: Այդ մասին վկայում է պատմությունը: Տարիներ էլ որ անցնեն, միեւնույն էՙ չենք մոռանալու թուրքերի եւ մահմեդականների հանդեպ հայերի իրագործած ցեղասպանությունները»:

ՀԱԿՈԲ ՉԱՔՐՅԱՆ, Թուրքագետ