ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հայտարարությունը

36

Մոսկվա, Փարիզ, Վաշինգտոն. 13 ապրիլի, 2021թ. – ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները (Իգոր Պոպով (Ռուսաստան), Ստեֆան Վիսկոնտի (Ֆրանսիա) և Էնդրյու Շոֆեր (ԱՄՆ)) տարածել են հետևյալ հայտարարությունը.

«Համանախագահները բավականությամբ նշում են հրադադարի ամրապնդումը և ուշադրությամբ հետևում են կողմերի կողմից 2020թ. նոյեմբերի 9-ի համաձայնության կատարման ընթացքին: Համանախագահները ողջունում են զոհվածների աճյունների վերադարձի առումով գրանցած նշանակալի հաջողությունները, հակամարտության պատճառով տեղահանված անձանց վերաբնակեցման վերաբերյալ ընթացող գործընթացը, մարդասիրական օգնության և նորմալ կենսապայմանների ապահովումը, ինչպես նաև կառուցողական քննարկումները` տարածաշրջանում հաղորդակցության և կոմունիկացիոն ուղիների ապաշրջափակման նպատակով:

Համանախագահները կողմերին հիշեցնում են, որ լրացուցիչ ջանքեր են պահանջվում լուծելու մտահոգության առարկա հանդիսացող մնացած խնդիրները և երկարատև խաղաղության համար փոխադարձ վստահության մթնոլորտ ստեղծելու համար: Դրանք, ի թիվս այլոց, ներառում են` ռազմագերիների և այլ պահվող անձանց վերադարձ` համաձայն միջազգային մարդասիրական իրավունքի կետերի, վիճելի շրջանների արդյունավետ ականազերծում իրականացնելու համար անհրաժեշտ ամբողջական տեղեկատվության փոխանակում, Լեռնային Ղարաբաղ մուտքի արգելքի վերացում` ներառյալ միջազգային մարդասիրական կազմակերպությունների ներկայացուցիչների համար, կրոնական և մշակութային ժառանգության պահպանություն և պաշտպանություն, ինչպես նաև` ուղիղ հաղորդակցության խթանում և համագործակցություն հակամարտությունից տուժած համայնքների միջև, ինչպես նաև ժողովուրդների միջև վստահության ստեղծման այլ միջոցներ:

Հաշվի առնելով ԵԱՀԿ իրենց մանդատի պայմանները և  կայուն, խաղաղ և բարգավաճ ապագայի համար տարածաշրջանի բոլոր ժողովուրդների ցանկությունը`  համանախագահները ընդգծում են, որ հատուկ ուշադրություն է անհրաժեշտ դարձնել վերջնական համապարփակ և կայուն կարգավորման համար` կողմերի կողմից քաջ հայտնի սկզբունքների և տարրերի հիման վրա:

Այս առումով` համանախագահները կոչ են անում կողմերին հնարավորինս շուտ վերսկսել բարձր մակարդակի քաղաքական երկխոսությունը` համանախագահների հովանու ներքո: Նրանք վերահաստատում են իրենց առաջարկը իրենց հովանու տակ կազմակերպել ուղիղ երկկողմ խորհրդակցություններ, որպեսզի կողմերը վերանայեն և համատեղ համաձայնության գան կազմված օրակարգի շուրջ, որը արտացոլում է նրանց առաջնահերթությունները` առանց նախապայմանների:

Համանախագահները նաև իրենց աջակցությունն են հայտնում ԵԱՀԿ Գործող նախագահի անձնական ներկայացուցչի առաքելության հնարավոր ընդլայնմանը և շարունակական գործունեությանը և կոչ են անում կողմերին ամբողջական մուտք ու աջակցություն տրամադրել վերջինիս ջանքերին:

Համանախագահները ընդգծում են իրենց պատրաստակամությունը` վերսկսելու աշխատանքային այցերը տարածաշրջան, այդ թվում` Լեռնային Ղարաբաղ և հարակից տարածքներ` իրականացնելու իրենց գնահատողական և միջնորդական դերը: Այս առումով` համանախագահները կողմերին հիշեցնում են համանախագահների երթուղիների վերաբերյալ անարգել մուտքի և շարժման առավելագույն ճկունություն ապահովելու պահանջի մասին` իրենց մանդատին և նախկին գործունեությանը համապատասխան»:

https://antifake.am/am/news/10964