Դիմում եմ գործող իշխանությանը՝ մեզ հանցագործ մի դարձրեք, այլապես հաշվեհարդարը ահավոր է լինելու. անհետ կորած զինծառայողի հայր

50

➡️Դիմում եմ գործող իշխանությանը՝ մեզ հանցագործ մի դարձրեք, այլապես հաշվեհարդարը ահավոր է լինելու. անհետ կորած զինծառայողի հայր

Մեր երեխաներին խաբել են ու իրենց դիրքերից տեղահանել են՝ ասելով, թե ապահով տեղ ենք ձեզ տանում: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց անհետ կորած զինծառայողի հայրը:

Այսօր անհայտ կորած զինծառայողների ծնողները մուտք են գործել ԱԺ և պահանջում են՝ նրանց ներկայացնեն՝ ինչ հանգամանքներում են զոհվել նրանց երեխաները և ինչու են օրեր շարունակ նրանց խաբել:

«Երեխաներին խաբել են ու ասել՝ տանում ենք պահեստները։ Երեխաներին եկել են ու տարել այդ մսաղացը, իսկ հիմա մենք ԱԱԾ-ից պահանջում ենք, որ բերման ենթարկեն Ջալալ Հարությունյանին, քանի որ հրամանը ինքն է տվել»,- ասաց նա:

Անհետ կորած զինծառայողի հայրը նշեց՝ եթե 1-2 շաբաթվա ընթացքում նրանց չներկայացնեն մանրամասներ, թե ինչու և ինչ պայմաններում են զոհվել նրանց երեխաները, լինելու է հաշվեհարդար:

«Դիմում եմ գործող իշխանություններին՝ մեզ հանցագործ մի սարքեք, այլապես հաշվեհարդարը ահավոր է լինելու: Ես՝ Շահբարյանս, դա ասում եմ, այլապես հաշվեհարդար է լինելու, ինչպես իրենք են արել, այնպես էլ մենք ենք անելու»,- նշեց նա:

Զոհված 2 տղաների հայրը նշեց՝ հոկտեմբերի 11-ին տղաներին տարել են անհայտ ուղղությամբ, և դրանից հետո հայրը որևէ տեղեկություն չունի նրանց մասին:

«Արցախյան 44-օրյա պատերազմում ես կորցրի իմ երկու զավակներին, ես ուրիշ ոչինչ չունեմ միայն տղաներս էին և ես հիմա պահանջում եմ ու շարունակելու եմ պահանջել, որ բացահայտվի իմ տղաների զոհվելու պատճառը: Տղաներիս դիրքերից հանել են հոկտեմբերի 11-ին ու տարել Հադրութի ուղղությամբ և դրանից հետո մենք ոչ մի տեղեկություն չունենք արդեն քանի ամիս շարունակ, սկզբում էլ խաբում ասում էին՝ ապահով տեղում են»,- ասաց զոհված 2 զինծառայողների հայրը:

Նա նաև նշեց՝ տղաների դիակները անհնար է եղել ճանաչել, հատկապես փոքր տղայի մարմինը: «ԴՆԹ թեստի միջոցով նույնականացրել եմ տղաներիս ու հուղարկավորել, դրանից տևական ժամանակ նրանց հրամանատարների հետ փորձել եմ կապ հաստատել, որ գան ու պատասխանեն՝ ինչ պայմաններում են տղաներս զոհվել, բայց ապարդյուն: Նրանք անգամ իրավունք չունեին մի տանից երկու զավակի էլ տանեին»,- նշեց նա: