Փաշինյանը հայտարարել է, թե 70 գերի կա ու վերջ. Անհետ կորած, գերեվարված զինծառայողների ծնողների հետ կհանդիպի ԱԱԾ տնօրենը

63

Ռազմագերիների և անհետ կորած զինծառայողների ծնողները դժգոհ են նախօրեին վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ ունեցած հանդիպումից։ 

«Վարչապետի հետ խոսել են գերիների վերադարձի հարցի մասին։ Պատասխանը գոհացուցիչ չի եղել բացարձակ։ Պատասխանել է, որ 70 գերի կա ու վերջ»,- «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց անհետ կորած զինծառայողի հարազատը և հավելեց, որ հանդիպման ընթացքում վարչապետի հետ պայմանավորվել են օրերս հանդիպել ԱԱԾ տնօրենի հետ, որն իբրև խոստացել է պատասխանել բոլոր հուզող հարցերին։

«Փոխանցել են, որ ԱԱԾ տնօրենը պատրաստ է հարազատների բոլոր հարցերին պատասխանի։ 20-20 հոգու պատրաստ է ընդունի։ Օր նշանակված չէ, որովհետև պայմանավորվածությունը բանավոր է եղել։ Այսօր հավանական է, որ կցուցակագրվեն հարազատների անունները՝ վաղ կամ մյուս օրը Արմեն Աբազյանին հանդիպելու համար»,- հայտնեց հարազատներից մեկը։

Անդրադառնալով ՊՆ-ում ԳՇ պետի հետ ձեռք բերված համաձայնությանը, թե ապրիլի 12-ից անհատական ընդունելություններ լինեն ՊՆ-ում, հարազատները հայտնեցին, որ հանդիպում չի եղել, զանգ չեն ստացել, ու վստահ են, որ ՊՆ-ում չեն պատրաստվում իրենց հանդիպել։

«Եթե ԳՇ պետը չի կարողանում ոչ մի հարցի պատասխանի, հանդիպի ի՞նչ ասի։ Ասում է՝ ոչ մի բանից տեղյակ չէ։ Էլ ինչ սպասենք էս մարդկանցից։ Սաղ աշխարհը ձեռ է առնում»։

Հիշեցնենք, որ նախօրեին Կառավարության շենքի առջև կրկին հավաքվել են 44-օրյա պատերազմում անհետ կորած և գերեվարված զինծառայողների հարազատները, նրանք ցանկանում էին հանդիպել վարչապետ Նիկոլ Փաշինյանին:

Ծնողները նշել են, թե հույս ունեն, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպումից հետո վարչապետ Նիկոլ Փաշինյանը կարող է ասելիք ունենա։

Աղբյուր` Փաստինֆո