Ջալալ Հարությունյանը հրաման է ուղարկել և հոկտեմբերի 11-ին շուրջ 73 զինվորի տարել են դիտավորյալ սպանության. Սոֆյա Հովսեփյան (տեսանյութ)

83

Երեկ Ազգային ժողովում հանդիպել եմ Մարտունի 3-ի 7-րդ վաշտի զինվորների 73 ծնողների հետ, ովքեր նամակ են փոխանցել ինձ և խնդրել են բառացի կարդալ ամբիոնից: Եվ ես այստեղից պետք է հնչեցնեմ այն առաջարկը, պահանջը, որը ծնողները հանձնել են ինձ: Այդ  մասին Ազգային ժողովում հայտարարեց անկախ պատգամավոր Սոֆյա Հովսեփյանը՝ ընթերցելով իրեն փոխանցված նամակը: 

«Մենք՝ 67 սպանված և 6 անհետ կորած զինվորների ծնողներս, պահանջում ենք Ազգային ժողովի կուսակցություններից և պատգամավորներից՝ լսել մեր խնդիրը և պատասխան տալ՝ որպես ՀՀ բարձրագույն մարմին: Մինչև հոկտեմբերի 10-ը երեխաները գտնվել են մարտական դիրքերում՝ Մարտունի 3-ում: Հրաման է եկել Ջալալ Հարությունյանից, որ կոնկրետ այդ պոստերում հարձակում է սպասվելու, խաբելով՝ ասել են, որ տանում են ապահով վայր, սակայն որոշումը կոնկրետ եղել է Հադրութ տեղափոխել, որը հանձնված է եղել հոկտեմբերի 9-ից, բայց 73 հոգանոց վաշտը տեղափոխել են հոկտեմբերի 11-ին:

Պահանջում ենք ԱԺ բոլոր պատգամավորներից և պետական մարմիններից գործը քննչական մարմիններից տեղափոխել ԱԱԾ-ի տիրույթ, կազմել քննչական խումբ և անմիջապես զբաղվել այս դիտավորյալ սպանության բացահայտմամբ: Մեր իսկ համոզմամբ՝ պատասխանատուներն են՝ Ջալալ Հարությունյանը՝ ՊԲ հրամանատար, Գոռ Իշխանյանը՝ գնդի հրամանատար, Մխիթար Ավանեսյանը՝ գումարտակի հրամանատար, Կարեն Առուստամյանը՝ կորպուսի հրամանատար Հադրութում, Կամո Վարդանյանը՝ ՊԲ շտաբի պետ: Արդարացի լուծում չտալու համար մենք՝ ծնողներս պատասխանատու չենք մեր քայլերի համար»,- կարդաց պատգամավորը:

Նա նաև նշեց, որ այս գործով «իբր» գործ է հարուցվել, բայց չափազանց դանդաղ է ընթանում կամ գրեթե ոչինչ չի արվել, ինչն էլ առաջացրել է ծնողների ցասումը: 

Հովսեփյանը խնդրեց և՛ ԱԺ պատգամավորներին, և՛ ԱԱԾ պետին, և՛ Քննչական կոմիտեի ղեկավարին լինել հետևողական, որովհետև ծնողները հայտնում են, որ իրենց հետագա քայլերի համար պատասխանատվություն չեն կրելու: