ՀՀ կառավարությունը դիրքավորվելու խնդիր չունի, որովհետև կարծես անձնատուր է եղել թուրքական քաղաքականությանը․ թուրքագետ

167

Հայաստանն ունի՞ արդյոք կառավարություն, թե՞ ոչ․ երբ Ալիևը, այսպես կոչված, թանգարանի բացումը կատարեց իր այդ մանեկեններով, հայերից վերցրած զենք-զինամթերքով, և այլն, Հայաստանի կողմից առաջին արձագանքը եկավ Մարդու իրավունքների առաջին պաշտպանից։

Ռուսաստանը Թուրքիային և մյուս երկրներին զգուշացնում է չսնել Ուկրաինայի ռազմատենչ տրամադրությունները. ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հայտարարությունները փոխանցում է  «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը։

Ավելի վաղ Թուրքիայի նախագահ Թայիբ Էրդողանը Զելենսկու հետ բանակցություններից հետո ասել էր, թե Թուրքիայի և Ուկրաինայի միջև համագործակցությունը պաշտպանական արդյունաբերության ոլորտում ուղղված չէ երրորդ երկրների դեմ: Նկատենք՝ թուրքական անօդաչու թռչող սարքերի առաջատար արտադրող Baykar-ի մամուլի ծառայությունը «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել էր, որ Ուկրաինան արդեն գնել է թուրքական Bayraktar մարտական անօդաչուները:

Թե մեր տարածաշրջանում ինչպիսի հետևանքներ կունենա ռուս-թուրքական հարաբերություններում ակնհայտ լարվածությունը՝ նաև Ուկրաինայի գործոնով պայմանավորված, 168.am-ը խնդրեց մեկնաբանել թուրքագետ Տիրան Լոքմագյոզյանին։

Թուրքագետը նշեց, որ վերջին ժամանակներում շատերը խոսում են ռուս-թուրքական բարեկամության մասին, մինչդեռ այդ հարաբերություններում տեսանելի է լարվածությունը․

«Թեև Ռուսաստանը ցանկանում է իրեն հետ պահել, որպեսզի ինչ-որ բախում կամ առավել մեծ խնդիրներ չառաջանան, սակայն Թուրքիան իր հետևում կանգնած ուժերի մղումով ամեն ինչ անում է՝ սրելու այդ լարվածությունը։ Իհարկե, Թուրքիան էլ չի ցանկանում ուղղակի առճակատվել Ռուսաստանի հետ, բայց եթե ՌԴ-ի համար ինչ-ինչ խնդիրներ ստեղծի, Թուրքիան իր գործը կատարած կլինի, և Ուկրաինան այդ խնդիրներից մեկն է, մյուսը՝ այս տարածաշրջանում առկա իրավիճակը և Սիրիան։

Իհարկե, ուրիշ խնդիրներ էլ կան, սակայն մեր տարածաշրջանի համար այս երեք կետերը, որ վառվում են, բոլորն էլ Ռուսաստանի դեմ են ուղղված․ Սիրիան սկսեցին, անցան Ղարաբաղին, ու հիմա արդեն՝ Ուկրաինա-Դոնբաս և այլն։  Ուկրաինայի Զելենսկին արդեն դարձել է իրենց նոր Սահակաշվիլին, որը մեծ հույսեր ունենալով Արևմուտքից՝ առաջ է տանում հակառուսական հարցը, սակայն կարող է հենց ինքը կուլ գնա այդ ամենին»։

Տիրան Լոքմագյոզյանը շեշտեց՝ տեղի ունեցող գործընթացները չպետք է դիտարկել զուտ ռուս-թուրքական հարաբերությունների համատեքստում․ «Խնդիրն ավելի գլոբալ է․ դերակատարներն այլ ուժեր են (ԱՄՆ, Իսրայել, Մեծ Բրիտանիա), իսկ Թուրքիան ընդամենը նրանց գործակատարն է։  Իհարկե, Թուրքիան ևս իր շահերն ունի՝ թե՛ Էրդողանը անձնապես, թե՛ Թուրքիան․ բայրաքթարները, որոնք վաճառվեցին Ադրբեջանին և որոնք վաճառվում են Ուկրաինային, Էրդողանին շահույթ է բերում անձնապես, որովհետև իր փեսայի արտադրությունն է, դա նաև Թուրքիային է օգուտ բերում և այդ գլոբալ ուժերին, որովհետև, վերջիվերջո, իրենց հակառուսական ծրագիրն է»։

Հարցին, թե այս իրավիճակում Հայաստանն ինչպե՞ս պետք է դիրքավորվի տարածաշրջանում, նա պատասխանեց․ «Հայաստանն այսօրվա կառավարությունով դիրքավորվելու խնդիր ընդհանրապես չունի, որովհետև, կարծես, անձնատուր է եղել թուրքական քաղաքականությանը։

Այս վերջին իրադարձությունը, օրինակ, ցույց տվեց՝ մենք ունե՞նք արդյոք կառավարություն, թե՞ ոչ․ երբ Ալիևը, այսպես կոչված, թանգարանի բացումը կատարեց իր այդ մանեկեններով, հայերից վերցրած զենք-զինամթերքով, և այլն, Հայաստանի կողմից առաջին արձագանքը եկավ Մարդու իրավունքների պաշտպանից։ Տպավորություն է, որ ԱԳՆ, նախագահ, վարչապետ գոյություն չունի, ՊՆ գոյություն չունի․ ոչ ոք չի խոսում այս մասին։ Եվ այսօր  մենք տեսնում ենք, որ մեր միակ աշխատող կառույցը Հայաստանում ՄԻՊ գրասենյակն է»։

168.am