Արցախից լրագրող Մարատ Եգանյանը հայտնում է, որ իր տան վրա հարձակում է տեղի ունեցել

107

Արցախից լրագրող Մարատ Եգանյանը հայտնում է, որ իր տան վրա հարձակում է տեղի ունեցել։

Հարձակումն, ըստ լրագրողի, տեղի է ունեցել ԱՀ ԱԺ պատգամավոր Արամ Հարությունյանի եղբայր Տիգրան Հարությունյանի կողմից։ Մարատ Եգանյանը «Մեդիա պաշտպան» նախաձեռնության հետ զրույցում, անդրադառնալով թեմային, նշեց, որ դեպքը տեղի է ունեցել իր կողմից ղեկավարվող ֆեյսբուքյան խմբում տեղ գտած գրառման պատճառով։

Լրագրողը «Դեսերտիրներ» խմբի մոդերատորն է, որտեղ տարբեր քաղաքացիներ հայտնում են այն մարդկանց անունները, որոնք պատերազմի օրերին փախել են ծառայությունից։ Այդ խմբում գրառում է հայտնվել նաև պատգամավորի մասին։ Այդ գրառումից հետո, զանգել են լրագրողին:

«Ես այդ պահին չգիտեի, որ այդպիսի գրառում է հայտնվել խմբում։ Տեղեկացա գրառման մասին, զանգահարողը պատգամավորի եղբայրն էր։ Նա ցանկանում էր, որպեսզի գրառումը հեռացվի»,-մեզ հետ զրույցում նշեց Մարատը։ Նրա խոսքով՝ հանդիպում է տեղի ունեցել իր և Տիգրան Հարությունյանի միջև, որի ժամանակ Տիգրան Հարությունյանը նշել է, որ ծառայել է հրետանիում, որից հետո տեղափոխվել է պահեստներ։Մարատն այդ լուրը հայտնել է խմբում գրառում կատարողին, որն արդեն պատրաստվել է հեռացնել գրառումը:

«Ինձ հերթական զանգը եկավ, և միանգամից սպառնալիքներ, այդ զանգից հետո ես խնդրեցի հեղինակին, որպեսզի նա չհեռացնի գրառումը։ 10 րոպե հետո, իմ տան դռների մոտ հայտնվեց Տիգրանը, ես նրան դուրս հրավիրեցի, նա սկսեց հայհոյել, ես կրկին դուրս եկա տնից, նա փախավ»,- պատմում է Եգանյանը։Լրագրողի խոսքով, նա կրկին վերադառնում է ու քարեր է նետում տան ուղղությամբ։

«Ընդհարումից հետո ոստիկանությունը եկավ, երկուսիս էլ տարան ոստիկանություն, այնտեղ բացատրույթուն տալուց հետո երկուսիս էլ բաց թողեցին»,- նշում է լրագրողը։

Միջադեպից հետո Մարատը գրառում է կատրում, այդ հոդվածի հետքերով սպառնալիքները շարունակվում են։«Սպառնալիքներով այս ամենը չավարտվեց, նրանք շարունակեցին հարձակվել իմ տան վրա և հետո՝ նաև իմ։ Ես վնասվածքներ ստացա, հեռախոսս վնասվեց», – նշում է Մարատը։

Մարատը մեծ հույս չի կապում ոստիկանության հետ։ Ոստիկանները պարբերաբար նշել են, որ այդ ամենը այլևս չի կրկնվի։ Ըստ լրագրողի՝ ոստիկաններն ամեն կերպ փորձում են պատասխանատվությունից ազատել այդ մարդուն․ «Մինչև հիմա քրեական գործ հարուցված չէ»։

«Մեդիա պաշտպան» նախաձեռնությունը դատապարտում է լրագողի նկատմամբ հարձակումը։ Նման դեպքերը պետք է բացառվեն։ Խոսքի ազատությունը չպետք է բռնության ենթարկվի։ ԱՀ ոստիկանությունից պահանջում ենք այս դեպքը չկոծկել, չսատարել լրագրողի տան վրա խուլիգանական հարձակում գործած անձին։

«Մեդիա պաշտպան» նախաձեռությունն իր աջակցությունն է հայտնում Մարատ Եգանյանին և պատրաստ է ներպետական և միջազգային օրենքներից բխող թույլատրելի միջոցներով սատարել լրագրողին։

«Մեդիա պաշտպան»