Արտահերթ ընտրությունների թաքնված կողմը…

182

Պատերազմում կրած ծանր պարտությունից և փաստացի կապիտուլացիոն փաստաթղթի ստորագրումից հետո հասարակության լայն շրջանականերն ակնկալում էին, որ կառավարությունը հրաժարական կտա և պատասխանատվություն կկրի՝ առնվազն հանցավոր տգիտությամբ երկիրը պատերազմի մեջ ներքաշելու և պարտության մատնելու, իսկ առավելագույնը՝ դավաճանության համար։
Սա թերևս կլիներ ամենատրամաբանական և քաղաքակիրթ տարբերակը։
Սակայն ընդդիմության անվճռականությունը, հասարակության երկփեղվածությունը, սուգն ու անորոշությունն օգտագործելով՝ Փաշինյանին հաջողվեց պահել իշխանությունը ցայսօր։

Չնայած ընդդիմությունը հրապարակներում պնդում էր, որ ստի ու կեղծիքի այս իշխանության հետ ընտրությունների գնալն անթույլատրելի է, որոշ ընդդիմադիր առաջնորդներ պայմանավորվեցին գործող վարչակարգի հետ արտահերթ ընտրություններ անցկացնելու շուրջ, իսկ մնացածը՝ լուռ համաձայնեցին այդ տեսլականին։

Մի շարք հանրային գործիչներ այսօր էլ խոսում են ընտրությունների անթույլատրելիությունից։ Մասնավորապես՝ շատերը պնդում են, որ եթե նույնիսկ մի պահ մոռանանք հարցի բարոյական կողմը, ընտրությունների լեգիտիմությունն ի սկբանե կասկածի տակ է, նախ՝ որովհետև այս իշխանությունների և իրենց կազմակերպած որևէ քաղաքական պրոցեսի  նկատմամբ  վստահություն լինել չի կարող և դա էլ բավական չէ, իշխանությունները ենթադրյալ ընտրություններից շատ կարճ ժամանակ առաջ  փոխեցին ընտրական օրեսգիրքը՝ փաստացի «խաղի ընթացքում միակողմանիորեն փոխելով դրա կանոնները»։

Այս և մի շարք այլ հարցերի մասին բազմիցս խոսվել է, սակայն կարծես բոլորի աչքից վրիպել է արտահերթի ամենաիրական ու ամենսարսափելի նպատակը։ Շատերը կարող են միամտորեն ենթադրել, որ ընտրությունները կազմակերպվում են քաղաքական ճգնաժամը հաղթահարելու, իսկ ավելի ռոմանտիները կասեն՝ հանրային համերաշխության մթնոլորտ ձևավորելու համար։
Իսկ իրական նպատակն այլ է։ Փաշինյանը ընտրություններում փորձելու է ապացուցել, որ ինքը առնվազն մի հարցում չի ստել, երբ ասել է, որ Արցախի հարցի լուծումը պետք է ընդունելի լինի և՛ հայ ժողովրդի համար, և՛ ադրբեջանցի ժողովրդի համար։ Ադրբեջանցիների ցնծությունը ցույց է տալիս, որ լուծման այս տարբերակը նրանց համար ընդունելի է։ Իսկ այժմ նախապատրաստվում է ներկայացում-ընտրություններ, որոնք նպատակ ունեն ցույց տալ, որ հարցի լուծման այս տարբերակը ընդունելի է նաև հայ ժողովրդի համար։ Եթե սա ապացուցվի ընտրությունների արդյունքում, մենք վերջնականապես կկորցնենք պետություն ունենալու մեր բոլոր հույսերը։