6 սադրանք՝ 16 օրվա ընթացքում. ադրբեջանական կողմի սադրանքների նպատակը հայաթափումն է. Տիգրան Աբրահամյան

83

Սա վերջին 16 օրվա ընթացքում Հայաստանում և Արցախում Ադրբեջանի հրահրած արդեն 6-րդ սադրանքն է։ «Փաստինֆո»-ի հետ զրույցի ժամանակ այս մասին ասաց «Հենակետ» վերլուծական կենտրոնի ղեկավար Տիգրան Աբրահամյանը՝ անդրադառնալով Սարուշեն գյուղի դաշտում աշխատանքներ իրականացնող գյուղացիների ուղղությամբ կրակելու դեպքին։

Փորձագետի խոսքով ադրբեջանական կողմի սադրանքներն ամենատարբեր դրսևորումներն ունեն՝ սկսած մեքենաների վրա քարեր նետելուց, մինչև հայկական ցուցապաստառներն ադրբեջանական գրություններով պղծելը։ Ընդ որում` այդ սադրանքներն աստիճանաբար աճում են. «Դրանք որևէ կերպ նվազման միտում չեն դրսևորում, ինչն առավելապես պայմանավորված է ոչ համարժեք հակազդեցությամբ։ Ցավոք պետք է ենթադրել, որ այս սադրանքները դեռևս կշարունակվեն»,-նշեց Տիգրան Աբրահամյանը։

Վերջինս նկատեց՝ մինչ այս պահը հայկական կողմից անհրաժեշտ միջոցառումներ, համարժեք գործողություններ չեն ձեռնարկվել, հակառակ պարագայում 16 օրվա ընթացքում այդքան միջադեպեր չէին արձանագրվի։

Դիտարկմանը, որ հակառակորդը Կարմիր շուկայի հետ կապված հավակնություններ ունի, հնարավո՞ր է այս սադրանքները դրանով են պայմանավորված, Տիգրան Աբրահամյանն ասաց. «Կարող են դրանք կապված լինել, բայց չեմ կարծում, որ հիմնական խնդիրը հենց Կարմիր շուկայի ճանապարհն է։ Հաշվի առնելով այն հանգամանքը, որ այդ մասին տեղեկություն է փոխանցվում նաև Արցախում տեղակայված ռուսական հրամանատարությանը, ապա որոշ ժամանակ անց արդեն պարզ կլինի՝ այդ սադրանքները հիմնականում ում են ուղղված և ինչ հեռու գնացող եզրակացություններ կարելի է անել»,-ասաց փորձագետը։

Տիգրան Աբրահամյանը գտնում է, որ այս օրերին իրականացվող սադրանքները երկու հիմնական խնդիր կարող են ունենալ. Առաջինը վախի մթնոլորտ ստեղծելն է, ինչն ադրբեջանցիների տրամաբանությամբ կստիպի հայ բնակչությանը լքել այդ բնակավայրերը և առհասարակ Արցախը՝ հեշտացնելով իրենց գործը։ Երկրորդ խնդիրը Տիգրան Աբրահամյանի խոսքով ռուսական գործոնն է. «Ուղղակի կամ անուղղակի ձևով սա չի կարող անդրադարձ չունենալ նաև ռուսական կողմի վրա և անհրաժեշտ ուղերձներ չհղել նրանց։ Այս պարագայում իրավիճակը գուցե ոչ այնքան հայ-ադրբեջանական, որքան ռուս-թուրքական տիրույթում է»,-ասաց Տիգրան Աբրահամյանը։

Հարցին՝ արդյոք այս սադրանքների և գերիների հարցի միջև փոխկապակցվածություն տեսնու՞մ է, Տիգրան Աբրահամյանն ասաց. «Միանշանակ, դրանք ընդհանուր գործողությունների մի հատվածն են կազմում, որոնց հիմնական նպատակներից մեկը ճնշումներ գործադրելը և մեզանից առավելագույնը կորզելն է։ Գործընթացները շարունակվում են ոչ միայն նոյեմբերի 9-ի հայտարարության շրջանակներում, այլև դրանից դուրս և այս պայմաններում Ադրբեջանն անընդհատ փորձում է ճնշումներ գործադրել ու ստանալ առավելագույնը»։

Հիշեցնենք, որ ապրիլի 7-ին, առավոտյան՝ 09։40-ի սահմաններում, Ադրբեջանի կողմից օկուպացված Սարգսաշեն գյուղի տարածքից, ադրբեջանցիները կրակել են Սարուշեն գյուղի դաշտերում գյուղատնտեսական աշխատանքներ կատարող Սարուշեն համայնքի բնակիչներ՝ 65-ամյա Շիրին Ադամի Սարգսյանի և 36-ամյա Վիտալի Ալյոշայի Հարությունյանի ուղղությամբ։

Աղբյուր` Փաստինֆո